Ա․ Լոպուխին
3-4․ Մովսեսը բարձրացավ լեռան վրա՝ Աստծո մոտ: Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին։ [3] «Դուք տեսաք ամեն բան, ինչ որ արեցի եգիպտացիներին և թե ինչպես ձեզ արծվի թևերի վրա առնելով՝ Ինձ մոտ բերեցի: (Սինոդական թարգ․)
Աստծո խոսքը միտում ուներ հրեաներին դրդելու ինքնակամ համաձայնություն տալ Իր հետ ուխտ կնքելու համար: Դրա անհրաժեշտությունն ամենից առաջ հիմնավորվում է նրանց կրոնական փորձառությամբ՝ «դուք տեսաք»: Այդ փորձառությունը թշնամիների հանդեպ Աստվածային Արդարադատության գործադրման մասին իմացությունն է՝ «դուք տեսաք, թե Ես ինչ արեցի եգիպտացիներին», ինչպես նաև հրեաների հանդեպ Տիրոջ գթությունը: Աստծո ամենակարող ուժով հրեաները ազատվեցին գերությունից և բերվեցին անվտանգ վայր՝ Բարձրյալի հայտնության և փառքի բացահայտման վայրը (Ինձ մոտ): Նախկինում գործված այս ողորմությունները, Աստծո կամքի իրագործման հարցում ժողովրդի մեջ նախանձախնդրություն առաջացնելով, պետք է հրեաների համար գրավական լինեին՝ երաշխավորելով Տիրոջ նոր բարեգործությունները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը: Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը յայտնես Իսրայէլի որդիներին.
(Արարատ թարգ․) Մովսեսը ելավ Աստծո մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպես ասա Հակոբի տանը և հայտնիր Իսրայելի որդիներին.
(Գրաբար) Եւ Մովսէս ել ի լեառնն Աստուծոյ: Եւ կոչեաց զնա Աստուած ի լեռնէ անտի եւ ասէ. Այսպէս ասասցես տանն Յակոբայ, եւ պատմեսցես որդւոցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: