Ելից գրքի մեկնություն 1։7

Ա Լոպուխին

Իսրայելի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան: Նրանք խիստ բազմացան ու հզորացան, և այդ երկիրը նրանցով լցվեց: (Սինոդական թարգ․)[7]
   
   Հրեաների բազմացման մասին վկաում է նաև եբրայերեն «վա’ յիշրեցու»՝ «սկսեցին բազմանալ֊վխտալ» արտահայտությունը, հար և նման զեռունների արագ բազմանալու հանգամանքին (Ծննդ. 1:20), և հստակ վկայություն է Եգիպտոսից դուրս գալու ժամանակ նրանց թվաքանակի մասին: Ելքի ժամանակ նահապետական ընտանիքի թվաքանակը հասել էր առնվազն երկու միլիոն մարդու: Նրանցից վեց հարյուր հազարը հասուն տղամարդիկ էին, այսինքն՝ քսան և ավելի տարիք ունեցողները (Թվ. 1:3-46) և որոնց մասին հիշատակվում է Ելից գրքի 12-րդ գլխի 37-րդ համարում (Ելք 12:37), իսկ մնացածը՝ մեկ միլիոն չորս հարյուր հազարը, կազմում էին կանայք և երեխաները: Հրեաների բազմացումը լինելով Աստծո ձեռքի գործ (Սաղմ. 104:24), և Հակոբին տրված խոստումի ուղիղ իրականացում (Ծննդ. 46:3), ուներ նաև բնական պատճառներ: Այդ պատճառներից առաջինը եգիպտական բնության աննկարագրելի նպաստավոր պայմաններն էին, որոնք տարածվում էին նաև նեղոսյան հովտում ապրող բնակիչների վրա: Ըստ Պլինիոսի, Սենեկայի, Արիստոտելի, Ստրաբոնի և այլոց՝ եգիպտուհիները ծննդաբերում էին հաճախակի և ունենում էին եռորյակներ, քառորյակներ և անգամ հնգորյակներ: Ի դեպ, հրեաների բազմացմանը նպաստող, եգիպտական բնության ազդեցության մասին այս տեսակետն արտահայտված է հունա-սլավոնական թարգմանության մեջ, որը բնագրային «երկիրը նրանցով լցվեց» արտահայտության փոխարեն գործածում է «երկիրը բազմապատկեց նրանց» (ἐπλήθυνεν δὲ ἡ γῆ αὐτούς) արտահայտությունը: Ինչպես ենթադրվում է՝ հրեաների արագ բազմացմանը նպաստել են նաև նրանց ամուսնությունները սեմական ցեղերին պատկանող իրենց ազգակիցների հետ, որոնք վաղուց ի վեր բնակություն էին հաստատել Եգիպտոսի արևելյան սահմանում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան: Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն։
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիներն աճեցին, բազմացան, շատացան ու խիստ հզորացան, և այդ երկիրը լցվեց նրանցով:
(Գրաբար) Եւ որդիքն Իսրայէլի աճեցին եւ յոռացան. բազմանային եւ զաւրանային յոյժ. զի բազմացուցանէր զնոսա երկիրն: