Ելից գրքի մեկնություն 22։28

Ա. Լոպուխին

Դատավորներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի կառավարչին մի՛ մեղադրիր: (Սինոդական թարգ․)[28]
   

   «Մի՛ վատաբանիր, մի՛ մեղադրիր դատավորներին». համաձայն մի մեկնաբանության, որը հիմնավորվում է Առակաց 24։21-րդ և Ա Պետր. 2։17-րդ հատվածներով, Աստծո հանդեպ երկյուղ ունենալու պատվիրանը ինչպես վերոնշյալ համարներում, այդպես էլ այս հատվածում շաղկապված է կառավարիչների նկատմամբ հարգանք ունենալու հրամանին: Մյուսների կարծիքով՝ այստեղ խոսքն ուղղակիորեն դատավորների մասին է, քանի որ նրանց կցվում է «էլոհիմ» անունը (Սաղմ. 81:6): Այս վերջին պարագայում կիրառվող արտահայտությունը նպատակ ունի վերականգնել օրենքի հանդեպ հարգանքը, որը խախտվել էր օրենքի ներկայացուցիչների հանդեպ կշտամբալից վերաբերմունքի պատճառով: Բայց քանի որ «էլոհիմ» արտահայտությունը «դատավորներ» իմաստով կիրառելու դեպքում ավելորդաբանություն կմտցվեր պատվիրանի մեջ՝ «Դատավորներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի կառավարչին, նույն ինքը՝ դատավորին, մի՛ մեղադրիր», ուստի շատ ավելի տրամաբանական է «Էլոհիմ» անվան տակ հասկանալ Աստծուն: Այս իրողությունը, իմիջիայլոց, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ «Էլոհիմ-ին մի՛ մեղադրիր» արտահայտությունը նախորդում է Աստծուն հողի բերքից մատուցվող ընծաների և առաջնեկների ընծայաբերման գործում դանդաղելու նկարագրությանը (Ելք 22:29,30): Եվ վերջապես, նմանատիպ բացատրությունը միանգամայն հասկանալի ու բնական է դարձնում ուսումնասիրվող խոսքերի կապը և նախորդների հետ։ 21-27-րդ համարներում պատվիրվող բարոյական պատգամները խոչընդոտում էին շատերին հատուկ այն միտվածությանը, որով նրանք իրենց բարեկեցությունը բարձրացնում էին աղքատներին ճնշելու միջոցով, և դա կարող էր տրտունջ ու դժգոհություն առաջացնել օրենքի նկատմամբ: Դրանից ելնելով՝ այստեղ ասվում է. «Աստծուն մի՛ մեղադրիր», այն է թե՝ մի՛ բողոքիր Աստծուց, մի՛ տրտնջա Նրա առաջ այն բանի համար, որ քեզ տրվում են պատվիրաններ, որոնք խոչընդոտում են քո եսակենտրոն շահասիրությանը: «Մի՛ մեղադրիր նաև կառավարիչներին», որոնք վերահսկում են այս պատգամների կատարումը:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր:
(Արարատ թարգ․) Դատավորներին մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր:
(Գրաբար) ԶԱստուածս քո մի բամբասեսցես: Եւ զիշխան ժողովրդեան քոյ մի հայհոյեսցես: