Ա. Լոպուխին
Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին՝ Իսրայելի որդիներից, որ Ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիները՝ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ (Սինոդական թարգ․)[1]
Սա հինկտակարանյան նվիրապետության հաստատումն է։ Մինչ սինայական օրենստվությունը եբրայեցիների մեջ գործել է բնական քահանայությունը. ընտանիքի գլխավորը միաժամանակ նաև քահանա է եղել, այսինքն՝ նա է զոհեր մատուցել (Ծննդ. 12:7, 22:2, 26:25, 28:18)։ Իսկ խորանի կանգնեցմամբ և աստվածպաշտության համար իրականացվող բարդ արարողություններին սպասավորելու համար կարգվում են քահանաներ, որոնք Ահարոնի ընտանիքի անդամներն էին, և Ահարոնն էլ իր հերթին քահանայապետն էր (Ղևտ. 21:10, հմմտ. Ելք 20:7, Թվ. 35:28)՝ բոլորի գլխավորը լինելով։ Դեռևս Եգիպտոսում խորանին ծառայելու համար Աստծո կողմից քահանաներ էին ընտրվում (Ա Թագ. 2:27-28), և այդ ընտրությունը նրանց տրվում էր որպես շնորհ (Թվ. 18:7)։
Ղևիի ցեղից քահանաների ընտրությունը աստվածային ազատ գործողության արդյունք լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ինչպես կարելի է կարծել, պայմանավորված էր նաև նրանով, որ այդ ցեղն աչքի է ընկել համեմատաբար բարոյական մաքրությամբ և կրոնասիրությամբ։ Եթե նույնիսկ նշանակություն չտանք էլ եբրայական ավանդությանը, ըստ որի՝ մինչ Եգիպտոսից դուրս գալը Ղևիի ցեղը Բարձրյալի անվան խոստովանության համար մարտնչել է հեթանոսության ջրերն ընկած հրեաների դեմ, ապա, միևնույն է, ղևտացիների կրոնասիրության մասին միաժամանակ կարող է վկայել նաև Սինայում նրանց դրսևորած վարքը ոսկե հորթին երկրպագելուց հետո (Ելք 32:27-28): «Քեզ մոտ կբերես», այսինքն՝ «դու Ինձ մոտ ես, դու Իմ ու ժողովրդի միջև միջնորդ ես, և նույն կարգավիճակն եմ կամենում տալ նաև քո եղբորը՝ իր որդիներով հանդերձ»։ Սրբազան ծառայության պարտականությունների կատարումը, որը ծառայողներին դարձնում է միջնորդ Աստծո և ժողովրդի միջև, նրանց վերածում է այնպիսի անհատների, որոնք պատկանում են Աստծուն։ Նրանք ժողովրդի քահանաները չեն, այլ՝ Աստծո։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
(Արարատ թարգ․) Եվ դու Իսրայելի որդիների միջից քեզ մոտ բեր քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որ Ինձ քահանայություն անեն.:
(Գրաբար) Եւ դու մատուսցես առ քեզ զԱհարոն զեղբայր քո. եւ զորդիս նորա ընդ նմա` յորդւոցն Իսրայէլի, քահանայանալ ինձ. զԱհարոն, եւ զՆաբադ, եւ զԱբիուդ, եւ զԵղիազար, եւ զԻթամար զորդիս Ահարոնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: