Ելից գրքի մեկնություն 3։1

Ա. Լոպուխին

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ Մադիամի քրմի ոչխարները: Մի օր նա ոչխարները տարավ հեռու անապատ ու հասավ Աստծո լեռը՝ Քորեբ: (Սինոդական թարգ․)[1]
   
   Եբրայական տեքստում օգտագործված «խօտեն» բառը, որն իր նշանակությամբ նկարագրում է Հոթորի և Մովսեսի փոխհարաբերությունները, միայն «աներ» չի նշանակում, այլ նաև՝ «փեսա» (Դատ. 19:5), և նույնիսկ՝ «աներձագ», կնոջ եղբայր (Դատ. 1:16, Թվ. 10:29՝ ըստ ռուսերեն տեքստի): Սակայն այս ամենն ինքնին դեռ չի խոսում այն մասին, թե Հոթորը նույն ինքը Հռագուելն է՝ Մովսեսի կնոջ՝ Սեփորայի հայրը: Աստվածաշանչյան այլ հատվածների լույսի ներքո այս պատումը մեր առջև բացում է այն նշանակությունը, ըստ որի Հոթորը Մովսեսի բարեկամն է, որին հանգում ենք Մովսեսի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքից: Չէ՞ որ երբ Մովսեսը մտադրվում է Եգիպտոս գնալ, խնդրում է Հոթորի համաձայնությունը (Ելք 4:18), նույնպես և լսելով Հոթորի՝ իր մոտ գնալու մասին, դուրս է գալիս նրան ընդառաջ և խոնարհվում է նրա առաջ (Ելք 18:6-7): Հոթորին հարգալից ընդունելություն ցույց տալը թույլ է տալիս եզրակացնել նրա՝ Մովսեսի կնոջ հայրը լինելու մասին, և հակառակը, տարօրինակ է դարձնում այն տեսակետը, ըստ որի նա Սեփորայի եղբայրն էր՝ Մովսեսի աներձագը:

   Քորեբ անունը ընկալվում է որպես ամբողջական լեռնաշղթայի անվանում (Ելք 17:6), որի կազմում էր գտնվում նաև Սինան, ինչի շնորհիվ այս երկու անունները ինչպես նույնականացվում են(Ելք 3:1 հմմտ. Գործք. 7:30, Բ Օր. 1:6, 19, 4:10, 15, 5:2, 18:16; Ելք 32:1 հմմտ. Սաղմ. 105:19), այնպես էլ հանդես են գալիս իբրև Սինայի հյուսիսում գտնվող երկու առանձին լեռներ: Քանի որ Քորեբը Սինայական թերակղզուն պատկանող լեռների մեջ է մտնում, ուստի ակնհայտ է, որ երբ խոսվում է խորը անապատի մասին (ըստ սամարական տեքստի՝ «հեռու անապատում», «անապատի վերջը»), որը Մովսեսին տարավ դեպի այս լեռը, նկատի է առնվում Սինայական թերակղզու անապատը (Գործք. 7:30): Քորեբի մոտակայքի արոտավայրերը հնում, ինչպես և այժմ, լեփ-լեցուն էին մանր անասունների (եբր. «ցոն») համար անհրաժեշտ անասնակերներով ու ջրամբարներով:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը: Եվ նա հոտը անապատից հետ քշելով՝ դեպի Աստծո Քորեբ լեռը հասավ:
(Գրաբար) Եւ Մովսէս արածէր զխաշինս Յոթորայ աներոյ իւրոյ` քրմին Մադիանացւոց. եւ ած զխաշինսն յանապատ. եւ եկն ի լեառնն Աստուծոյ ի Քորէբ: