Ելից գրքի մեկնություն 3։14

Ա. Լոպուխին

14-15. Աստված ասաց Մովսեսին. «Ես Նա եմ, որ Է»: Եվ ասաց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. «Ինձ ձեզ մոտ ուղարկեց Նա, որ Է»»: [14] Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես իսրայելացիների որդիներին. «Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»: Այս է Իմ հավիտենական անունը, որ Իմ հիշատակն է սերնդեսերունդ»: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսի նման օրինական ցանկությանն ի պատասխան բացահայտվում է Աստծո համապարփակ էության նշանակությունը, որը Է-ն է՝ Գոյություն ունեցողը՝ ըստ եբրայերեն «Եհովա» բառի: «Եհովա» անունը եբրայերեն «Յահվե»՝ «հայիահ»-«լինել» բայից է, որն առաջին իմաստով նշանակում է ինքնակա, բացարձակ և ամեն ինչից անկախ գոյություն ունեցող (Գոյ): Նման Անձի ընկալումը արտահայտվում է անձնական դերանունների կրկնակի գործածությամբ՝ «էյիեհ»՝ «ես Նա եմ, որ է»: Այդ  դերանունները միավորվում են՝ դերանվանական կապի միջոցով ցույց տալու համար, որ այս Անձի մեջ գոյություն ունեցող ինքնաբավությունը ինքն իր մեջ է պարունակվում: Անվիճելի յուրօրինակության շնորհիվ Է-ն Իր գործողություններում հանդիսանում է միշտ Ինքն Իրեն հավասար ու անփոփոխ մեկը, և Նրա խոսքին կարելի է ու պետք է ապավինել: Եվ եթե Մովսեսին հայտնված Ամենաբարձրյալը միևնույն ժամանակ նաև հրեա ժողովրդի հայրերի Աստվածն է, ում հետ երդումով հաստատված ուխտ է կնքվել, ապա կասկածի որևէ առիթ չկա, որ Նա կկատարի հրեաներին Եգիպտոսից դուրս բերելու Իր խոստումը: Հետևաբար Մովսեսի՝ «այդպիսի Աստծո» պատվիրակի խոսքերն արժանի են բացարձակ վստահության. «Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ…Ձեր հայրերի Տեր Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես Նա եմ, որ Է»: Եվ ասաց. «Այսպես ասա՛ Իսրայելի որդիներին. “Ինձ ձեզ մոտ ուղարկեց Նա, որ Է”»:
(Գրաբար) Եւ ասէ Աստուած ցՄովսէս. Ես եմ Աստուած որ էն: Եւ ասէ` Այսպէս ասասցես ցորդիսն Իսրայէլի. որ էն առաքեաց զիս առ ձեզ: