Ա. Լոպուխին
6-9. Նաև ասաց. «Ես քո հոր Աստվածն եմ, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը ու Հակոբի Աստվածը»: Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն: [6] Եվ Տերն ասաց. «Ես ականատես եղա Իմ ժողովրդի՝ Եգիպտոսում կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղյակ եմ նրանց վշտերին։ Եվ կիջնեմ՝ նրանց ազատելու եգիպտացիների ձեռքից ու դուրս բերելու այդ երկրից դեպի մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը: Արդ, ահավասիկ իսրայելացիների որդիների աղաղակը հասել է Ինձ, և Ես տեսնում եմ այն հալածանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից: (Սինոդական թարգ․)
Տեսիլքի ներքին երեսը բացահայտում է Աստծո որոշումն այն գալիք ժամանակի մասին, երբ հրեաները պիտի ազատագրվեին և տարվեին իրենց խոստացված ավետյաց երկիրը: Տիրոջ համար հիմք են հանդիսանում մի կողմից Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված Քանանի երկրի ժառանգման խոստման անփոփոխելիությունը նաև նրանց հետնորդների համար («Ես քո հոր Աստվածն եմ», Ելք 3:6, ուր կիրառվում է եզակի «հայր» դիմելաձևը «հայրեր» հոգնակիի փոխարեն, նաև Ելք 15:2, 18:4), որոնք արթուն ձևով սպասում են դրա իրականացմանը (Մատթ. 22:32, Ղուկ. 20:37, Մարկ. 12:26), և մյուս կողմից հրեաների՝ օգնություն հայցող աղոթքները: «Աստված տեսավ նրանց տառապանքները, լսեց ողբը և գիտե վշտերը», այսինքն՝ այդ ամենը յուրացված է Աստծո կողմից զգացմունքներով ու մտքերով: Նրանք արժանի են աստվածային ողորմության, իսկ նրանց չարանենգ ստրկացնողները պետք է ենթարկվեն դատաստանի (Ծննդ. 15:14): Այդ իսկ պատճառով է Աստված գնում ազատագրելու Իր ժողովրդին՝ ունենալով Իր անմիջական դերակատարումը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն:
(Արարատ թարգ․) Նաև ասաց. «Ե՛ս եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն:
(Գրաբար) Եւ ասէ ցնա, Ես եմ Աստուած հաւր քոյ, Աստուած Աբրաամու. եւ Աստուած Սահակայ. եւ Աստուած Յակոբայ: Եւ դարձոյց Մովսէս զերեսս իւր, քանզի երկնչէր հայել առաջի Աստուծոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: