Ա. Լոպուխին
14-18. Եվ Մովսեսն արեց ամեն բան. ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, այդպես արեց: [14] Երկրորդ տարվա առաջին ամսվա առաջին օրը կանգնեցվեց խորանը: Եվ Մովսեսը կանգնեցրեց խորանը: Նա դրեց խարիսխները, կանգնեցրեց դրա տախտակները, անցկացրեց դրա նիգերը և կանգնեցրեց սյուները: Խորանի վրա տարածեց ծածկոցը և վրանի ծածկոցի վրայից դրեց կափարիչը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ վերցրեց վկայությունը ու դրեց տապանակի մեջ: Ձողերը հագցրեց տապանակին և կափարիչը վերևից դրեց տապանակի վրա: (Սինոդական թարգ․)
Տապանակի մեջ զետեղված էր հայտնությունը, այսինքն՝ օրենքի քարե տախտակները, և տապանակի մեջ դրանցից բացի այլևս ոչինչ չկար: Ահարոնի ծաղկած գավազանը դրվեց ուխտի տապանակի դիմաց (Թվ. 17:10)։ Սափորը, որում պահվում էր մանանան, դրվեց տապանակի դիմաց (Ելք. 16:34), իսկ օրենքի գիրքը դրվեց «տապանակի աջ կողմում» (Բ. Օր. 31:26): Սրա վերաբերյալ Գ Թագավորաց գրքի հեղինակը նկատում է. «Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից, որոնք այնտեղ էր դրել Մովսեսը» (Գ Թագ. 8:9 հմմտ. Բ Մնաց. 5:10): Պողոս առաքյալի հայտնի վկայությունը (Եբր. 9: 3–4), հավանաբար, հիմնված է հրեական ավանդության վրա:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:
(Արարատ թարգ․ 40։16) Եվ Մովսեսն արեց ամեն բան: Ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, այդպես արեց:
(Գրաբար) Եւ արար Մովսէս ըստ ամենայնի, զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր, նոյնպէս եւ արար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: