Ելից գրքի մեկնություն 8։20

Ա․ Լոպուխին

20-21.Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա նա դուրս է գալիս և գնում է դեպի գետը) և ասա՛ նրան. «Այսպես է ասում Տերը, արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նա ծառայի Ինձ: [20] Իսկ եթե չարձակես Իմ ժողովրդին, ահա Ես քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա շնաճանճ կուղարկեմ: Ճանճերը կլցվեն եգիպտացիների տները, ինչպես նաև այն երկիրը, որի վրա նրանք բնակվում են»: (Սինոդական թարգ․)
   
   Հրեաներին ազատ արձակելու հարցում փարավոնի դժկամությունը Եգիպտոսին բերեց նոր աղետի, որը դրսևորվեց հատուկ կենդանի արարածների միջոցով, որոնք եբրայական տեքստում կոչվում են «аров», իսկ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «κυνόμυια» (շնաճանճեր): «Aров» արտահայտությունը, որը ծագում է եբրայական «арав»՝ «խառնել» բայից, ըստ Հովսեփիոս Փլավիոսի, ինչպես նաև հին հրեական մեկնիչների և վաղ շրջանի ռաբինների, պետք է ընկալել իբրև տարբեր կենդանիների ու միջատների խառնուրդ:
   Իսկ ահա Ակիլլան, որին հետևում է երանելի Հերոնիմոսը, «аров» անվան տակ հասկանում է միայն տարբեր տեսակի ճանճերին: Սակայն եթե, ըստ Ֆյուրստի տեսակետի, «аров» անվան ծագումը կապենք արաբական «аrab» բային, որը նշանակում է «բռնել», «խայթել», ընդ որում՝ այս դեպքում «аров» բառը կնշանակեր «խայթված», ապա նման ծագումնաբանությունը լիովին կհամապատասխանի յոթանասուներորդ Սաղմոսի քառասունհինգերորդ համարի հետևյալ բառերին. «Աստված նրանց (եգիպտացիների) վրա շնաճանճեր ուղարկեց, որպեսզի խայթեն նրանց» (Սաղմ. 77:45, Իմաստ. Սող. 16:9): Այս պարագայում «аров» անվանումը կմատնանշի ոչ թե ճանճերին ընդհանրապես, այլ մասնավորապես այն ճանճերին, որոնք շատ ուժեղ խայթում էին:
   Հենց այս տարբերակն էլ ընդունել են Յոթանասնիցի թարգմանիչները՝ եբրայական «аров» անվանումը թարգմանելով «κυνόμυια»՝ «շնաճանճեր» նշանակությամբ, և այդպիսով հաստատել են, որ «аров» անվան տակ պետք է ընկալել ճանճերի որոշակի տեսակների: Յոթանասնիցի ընկալումը ընդունվում է նաև նորագույն շրջանի մեկնիչների՝ Բուդդեի, Կեյլի, Դիլմանի կողմից: Ըստ Փիլոնի՝ միջատը, որն իբրև զենք հանդիսացավ չորրորդ պատուհասի համար, իր մեջ բովանդակում էր և՛ ճանճի, և՛ շան հատկություններ՝ աչքի ընկնելով և՛ արյունախմությամբ, և՛ կպչունությամբ: Այն նետի պես հեռվից սլացավ մարդկանց և կենդանիների վրա ու սրընթաց հարձակվելով՝ խայթոցով խրվեց մարմնի մեջ և կարծես կպավ-մնաց մարմնի վրա:
Ըստ հին և նոր ճանապարհորդների վկայությունների՝ Եգիպտոսում ճանճերի առատությունը, որի մասին նշում է նաև Եսայի մարգարեն (Ես. 7:18), հնարավորություն է տալիս ենթադրելու, որ չորրորդ պատժի զենքը բնական երևույթն էր, որը պատուհասեց իբրև Աստծո գերբնական կամքի դրսևորման հետևանք: Դա երևում է ինչպես Մովսեսի մեկ խոսքով աղետի վրա հասնելուց և դադարումից (Ելք 8:20-21, 31), այնպես էլ հրեաների բնակության վայրի՝ Գեսեմ երկրի՝ պատուհասից զերծ մնալուց:

--------------------------------
[20](Էջմիածին թարգ․)Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կը գնայ: Նրան կ՚ասես. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա նա դուրս է գալիս և գնում է դեպի գետը) և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն Ինձ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա՛ ընդ առաւօտն և կա՛ց առաջի փարաւոնի. և ահա նա ելանէ ‘ի ջուր անդր։ և ասասցես ցնա. Ա՛յսպէս ասէ Տէր. Արձակեա՛ զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։