Ելից գրքի մեկնություն 9։22

Ա․ Լոպուխին

22-26․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և կարկուտ կտեղա Եգիպտոսի ողջ երկրի վրա՝ մարդկանց ու անասունների վրա և Եգիպտոսի երկրի դաշտերի բոլոր բույսերի վրա»: [22] Եվ Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք. Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա սկսեց կրակ թափվել: Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի ողջ երկրի վրա: Եվ կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մեջ բորբոքված կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որպիսին չէր եղել Եգիպտոսի ողջ երկրի վրա իր ազգի առաջացումից ի վեր: Եվ կարկուտը հարվածեց Եգիպտոսի ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչև անասուն: Կարկուտը հարված հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականությանը, կոտրատեց դաշտում եղած բոլոր ծառերը: Միայն Գեսեմի երկրում, ուր բնակվում էին Իսրայելի որդիները, կարկուտ չտեղաց: (Սինոդական թարգ․)

   

   Կարկուտը, ուղեկցված Աստծո ձայնով, այսինքն՝ որոտով (Ելք 19:16, 20:18, Սաղմ. 28:3-9) կրակի հետ միասին, որ գետնին թափվեց ամբողջական գնդերով (ет митлаккахот», Եզեկ. 1:4)՝ հարվածելով դաշտում եղած ամեն բանի՝ խոտերին, ծառերին, խաղողին ու ժանտաթզենուն (Սաղմ. 77:47), նմանվում են հին և նոր Եգիպտոսին հայտնի որոշ տեղատարափ անձրևների: Սակայն ամեն դեպքում իր մեջ գերբնականություն պարունակելով (Իմաստ. Սող. 16:17-18)՝ այս յոթերորդ պատիժն էլ նախորդների նման ապացուցում է եգիպտական աստվածների անզորությունը:

   «Տերը տեղացրեց նրանց վրա կարկուտ և որոտ,- ասում է երանելի Թեոդորետոսը,- ցույց տալով, որ Նա բոլոր տարրերի Տիրակալն է: Քանի որ եգիպտացիներն ու հելլենները կարծում էին, որ աստվածներից ոմանք երկնային են, ոմանք՝ երկրային, և ոմանք էլ՝ ստորգետնյա, ուստի ամեն ինչի Աստվածը, անհրաժեշտությունից ելնելով, խրատում է նրանց՝ նշաններ ցույց տալով ոչ միայն ջրում ու ցամաքում, այլև երկնքում ու ծովում: Ահա թե ինչու Նա երկնքից կարկուտ ուղարկեց նրանց վրա. որպեսզի սովորեցնի, որ Նա ամեն ինչի Արարիչն ու Տերն է»: Եվ իրականում թե՛ կրակը, որը, ըստ Դիոդորոս Սիցիլացու վկայության, եգիպտացիների կողմից ընդունվում էր իբրև հզոր աստված, և թե՛ ջուրը, որը մնացած տարրերից առավել շատ էր պաշտվում, այժմ հանգչում ու ցամաքում են:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․)Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ դեպի երկինք մեկնիր, և կարկուտ կգա Եգիպտոսի ամբողջ երկրի վրա՝ մարդկանց ու անասունների վրա և Եգիպտոսի երկրի արտերի ողջ բուսականության վրա»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս` Ձգեա զձեռն քո ի յերկինս. եւ եղիցի կարկուտ ի վերայ երկրիդ Եգիպտացւոց ի վերայ մարդկան եւ անասնոյ, եւ ի վերայ ամենայն բանջարոյ որ է ի դաշտի երկրիդ Եգիպտացւոց: