Եսայու մարգարեության մեկնություն 13։9

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից:
   
   Քանզի, ահավասիկ, հասել է Տիրոջ օրը՝ անբժշկելի, լի բարկությամբ.
Այս խոսքի մասին Ոսկեբերանն ասում է, թե այստեղ հոգիներն ապաշխարությամբ հնար ունեն բժշկվելու, իսկ երբ մեղքերի վերքերով այնտեղ գնանք, տանջանքներին վախճան չի լինելու: Այս պատճառով այդ օրը անբժշկելի է անվանում, որպեսզի առանց բժշկվելու այստեղից այնտեղ չգնանք: Իսկ թե ինչո՞ւ է անբժշկելի կոչվում՝ կարդա՛ հարուստի և Ղազարոսի պատմությունը և սովորի՛ր: Թող փակվեն հերձվածողների բերանները, ովքեր ասում են, թե մահից հետո հոգիների համար ապաշխարության և բժշկության հնարավորություն կա:
   

Ա. Լոպուխին

9-10․ «Ահա գալիս է Տիրոջ կատաղի օրը՝ լի բարկությամբ և այրվող ցասումով, որպեսզի երկիրն անապատ դարձնի ու երկրի երեսից բնաջնջի մեղավորներին»: [9] «Երկնքի աստղերն ու լուսատուն լույս չեն տալիս, արեգակը մարում է իր ծագման պահին, ու լուսինը չի լուսավորում իր լույսով»: (Սինոդական թարգ․)
   
   Տիրոջ ահարկու օրը մարգարեն պատկերում է սարսափելի փոթորկի տեսքով, որն իր ճանապարհին ամեն ինչ կործանում է, երկինքը ծածկում է խիտ ամպերով այնպես, որ երկիրը պատվում է խավարով:

   «Երկնքի աստղերը» (եբր.՝ «կոխավեյ գաշշամամի») երկնային լուսատուների ընդհանուր անվանումն է:

   «Լուսատուն», եբր.՝ «կիսիլեգիյ», որ բառացի նշանակում է «նրանց պատկերները»: Այս բառի եզակի իմաստը հանդիպում է նաև Հոբ․ 9:9, 38:31-ում և Ամոս 5:8-ում ու թարգմանվում է որպես անձնական անուն՝ «Կեսիլ» (Հովելի մոտ) և «Օրիոն» (Ամոսի մոտ): Այս համաստեղությունը՝ Օրիոն անվամբ, առանձնանում է իր աստղերի պայծառ լույսով, ու այդ իսկ պատճառով էլ Եսային հիշատակում է այն՝ այդպիսով մատնանշելու համար, որ Տիրոջ բարկության օրը հանգչելու են անգամ ամենապայծառ լուսատուները»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից:
(Արարատ թարգ․) Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից,
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր զաւրութեանց հասեալ է անհնարին լի բարկութեամբ` ոխակալութեամբ սրտմտութեամբ. առնել զտիեզերս անապատ, եւ զմեղաւորս սատակել ի նմանէ: