Ա. Լոպուխին
7-8. «Այդ պատճառով ողբալու է Մովաբը՝ Մովաբի վրա, բոլորը հեծեծալու են. ողբացե՛ք Կիր-հարեսեթի ամրությունների համար․ դրանք հիմնովին ոչնչացված են»: [7] «Եսեբոնի դաշտերը չորացել են, այդպես նաև Սեբիմայի այգիները. ժողովուրդների տիրակալները ոչնչացրել են նրա լավագույն որթատունկերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին անապատով. նրանց փախստականները շատացել են ու անցել են ծովից այն կողմ»: (Սինոդական թարգ․)
«Այդ պատճառով»։ Մարգարեն այստեղ ուզում է ասել, որ Մովաբի օգնության խնդրանքը մերժվելու է, ու նա մենակ է մնալու իր ճագատագրի առջև:
«Մովաբը՝ Մովաբի վրա…», այսինքն՝ մովաբական մի քաղաքը մյուսի՝ հարևան քաղաքի բախտի համար:
«Կիր-հարեսեթը» նույնն է, ինչ որ Կիր-Մովաբը (տե՛ս 14:1): «Ամրություններ» բառի փոխարեն Condamin-ը կիրառում է «խաղողի բլիթներ» արտահայտությունը (եբրայերենում՝ «աշիշիմ», հմմտ. Ովսե. 3:1), որոնք, հավանաբար, Կիր-հարեսեթում կատարվող առևտրի լավագույն ապրանքատեսականին էին կազմում:
«Եսեբոնի դաշտերն» առանձնանում էին իրենց բերքատվությամբ: Անգլիացի մի ճանապարհորդ այնտեղից իր հետ բերել էր հասկ, որի վրա ցորենի 84 հատիկ կար:
«Սեբիմայի այգիները»․ Սեբիմը կամ Սիվամը (Թվ. 32:3, 38) Ռուբենի ցեղին պատկանող քաղաքներից էր (Հս. 13:19) և գտնվում էր Եսեբոնի մոտակայքում:
«Ժողովուրդների տիրակալները»։ Այստեղ Օրելլին տեսնում է ոչ թե ուղղական, այլ հայցական հոլովի կիրառություն և ամբողջ հատվածն այսպես է թարգմանում. «որի լավագույն որթատունկերը տապալում էին (հենց սրանում է գինու ուժն ու արժանիքը) ժողովուրդների տիրակալներին» (հմմտ. 28:1):
«Հասնում էին մինչև Հազեր»։ Հազերը Սեբիմից դեպի հյուսիս գտնվող քաղաք էր:
«Անապատով»։ Հին ժամանակներում Պաղեստինի արևելյան կողմերում որթատունկի այգիները տարածվում էին դեպի շա՜տ հեռուները՝ մինչև մովաբական երկրի սահմանները՝ հասնելով մինչև արաբական տարածքներ:
«Ծովից այն կողմ»։ Նկատի ունի Մեռյալ ծովը, որը հանդիսանում էր մովաբական երկրի արևմտյան սահմանը: Հենց այդ ծովից այն կողմ էր գտնվում Էնգեդիի դաշտավայրը, որը հայտնի էր իր խաղողի այգիներով (Երգ. 1:13):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) բայց ոչ այնպէս, ինչպէս քո կախարդութիւնը, եւ ոչ էլ այնպէս, ինչպէս նրանք, որ Մովաբի ողբն են անում: Մովաբի վրայ պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակւում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն,
(Արարատ թարգ․) Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի մարդկանց համար,
(Գրաբար) եւ ոչ այնպէս որպէս ըղձանն ի Մովաբ: Զի ի Մովաբ ողբասցեն ամենեքեան զայնոսիկ` որ բնակեալ են ի Դեսեթ. մրմնջեսցեն` եւ ոչ պատկառեսցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: