Ա. Լոպուխին
16-17․ «Այդ օրը եգիպտացիները նման են լինելու կանանց, վախենալու և սարսափելու են Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, որը Նա բարձրացնելու է նրանց դեմ»: [16] «Հուդայի երկիրը սարսափ է դառնալու Եգիպտոսի համար. ով որ հիշի նրա մասին, նա կսասրսափի Զորությունների Տիրոջ որոշումից, որը որ Նա կայացնելու է նրա վերաբերյալ»: (Սինոդական թարգ․)
16-25-րդ համարներ։ Ամեն տեսակի աղետներ տեսնելով՝ Եգիպտոսը համոզվելու է այն բանում, որ այդ աղետներն իր վրա են ուղարկվել Ամենակարող Աստծո կողմից, և դողալով ծնկի է գալու ճշմարիտ Աստծո ու Նրա ընտրյալ ժողովրդի առջև: Սկզբում մի քանի քաղաքներ ընդունելու են Բարձրյալի գերիշխանությունը, իսկ հետո նաև ամբողջ Եգիպտոսը ճշմարիտ աստվածպաշտության երկիր է դառնալու: Տերը սկսելու է եգիպտացիներին վերաբերվել այնպես, ինչպես որ նախկինում վերաբերվում էր հրեա ժողովրդին՝ մե՛կ ողորմածությամբ, մե՛կ բարկությամբ: Եգիպտոսի այս դարձը դեպի Տերը առիթ է հանդիսանալու նաև մյուս ժողովուրդների համար՝ նույն ձևով վարվելու: Մարգարեի պատկերացմամբ նաև Ասորեստա՛նն է հավատալու ճշմարիտ Աստծուն, այնպես որ Եգիպտոսը, Ասորեստանն ու Իսրայելը եռակողմ մեծ դաշինք են կնքելու, որում հաստատվելու է ճշմարիտ հաղորդակցությունն Աստծո հետ:
«Այն օրը», այսինքն՝ վերը թվարկված աղետներից հետո:
«Սարսափելու են», այսինքն՝ հասկանալու են, որ Տերն իսկապես միակ Ամենակարող Աստվածն է:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ:
(Արարատ թարգ․) Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի նրա վրա։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցին եգիպտացիք իբրեւ զկանայս դողացեալք եւ զարհուրեալք յերեսաց ձեռին Տեառն զաւրութեանց` զոր արկցէ ինքնին ի վերայ նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: