Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը:
Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. «Քանզի Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց ու խցանեց ձեր աչքերը» (29։10)
Պատասխան. Սուրբ Գրքում բազում են այսպիսի խոսքերը, որոնց կիրառությունը հիմնավորվում է այս մի խոսքով. «Աստված նրանց հիմարության հոգի տվեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն» (Հռոմ. 11։8): Եվ Պողոսն ասում է, թե «Մատնեց նրանց անարգ մտքերի» (Հռոմ. 1։28), և թե՝ «Աստված կուրացրեց անհավատների մտքերը » (Բ Կորնթ. 4։41): Այսպիսի խոսքերը պետք է ընկալել մեծ զգուշությամբ, որպեսզի չարափառները չկարծեն, թե իրենց մոլորությունների պատճառն Աստված է։ Այսպես է ասում նախ այն պատճառով, որպեսզի չկարծեն, թե վշտերն ու պատուհասները Աստծուց են, այլ գիտենան, որ երբ բազում սպառնալի խոսքերին ականջալուր չեն լինում, այդ ժամանակ է Տերը նրանց վրա տանջանք բերում:
Երկրորդ՝ որովհետև Աստված անձնիշխան կամք է տվել մարդուն, որով մարդ պետք է խուսափի չարից ու բարիք անի, մինչդեռ անհավատները անձնիշխան կամքով ընտրեցին չարը և չկամեցան լսել Աստծո խոսքը: Ու թեպետ Աստված անձնիշխան կամք տվեց նրանց, բայց Աստված չէ նրանց չարիքի պատճառը, այլ՝ իրենք իսկ, որ կամովին չարն ընտրեցին: Ինչպես օրինակ, երբ մի թագավոր իր ծառաներին զենք է տալիս իրենց փրկության ու թշնամիներին սատկացնելու համար, եթե այդ ծառաներն իրենք իրենց սպանեն, իրենք մեղավոր կլինեն, և ոչ թե թագավորը:
Երրորդ՝ որովհետև Աստված լուսաբանում է խոսքի զանազան իմաստները, իսկ նրանք, [համակված] աշխարհական մտածումով, չէին կամենում ընկալել այդ խորդուրդները, որի պատճառով էլ հիմարացան. ուրեմն ոչ թե Աստված, այլ նրանք իսկ են իրենց հիմարության պատճառը: Ճիշտ այնպես, ինչպես երբ արեգակն իր պայծառ լույսը ծագեցնում է ճպռոտ աչքերի վրա և այդ լուսյի պայծառությունից աչքերը խավարում են, ո՛չ թե արեգակը, այլ աչքերի տկարությունն է կուրության պատճառ դառնում: Նույնպես և Աստված Իր «Արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա» (Մատթ. 5։45):
Չորրորդ՝ որովհետև Աստված իր խոսքն անարժաններից քողարկում է առակներով և օրինակներով, սակայն անօրենները,անտեղյակ մնալով Աստխո ծածուկ խորհուրդները, հիմարացան, ինչպես ասվում է. «Նրանք չեն կամենում լսել. ես այնպես եմ խոսում, որպեսզի նրանք չլսեն»:
Ա. Լոպուխին
Քանի որ Տերը ձեզ վրա ուղարկեց թմրության ոգին և փակեց ձեր աչքերը, մարգարենե՛ր, և ծածկեց ձեր գլուխները, ծածկատեսնե՛ր։ [10] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 29:9
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը:
(Արարատ թարգ․) որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։
(Գրաբար) Զի արբոյց ձեզ Տէր ոգի յիմարութեան. եւ խցցէ զաչս ձեր` եւ զմարգարէից ձերոց, եւ զիշխանաց ձերոց, եւ զծածկատեսացն ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: