Եսայու մարգարեության մեկնություն 33։6

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը։
   
   Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, և գանձերով է լինելու մեր փրկությունը։
    Իրավացիորեն, սակայն ո՞ր իրավունքով, Ադամի՞, թե՞ Մովսեսի։ Թվում է, թե երկուսի էլ, որովհետև երբ Մովսեսի օրենքը չէին պահում՝ մատնվում էին թշնամիների ձեռքը, իսկ գանձերով, այսինքն՝ Աստծո ծածուկ զորությամբ փրկվում էին: Նաև Ադամը, որովհետև օրենքի դեմ հանցանք գործեց ու մատնվեց մահվան. «Որ օրը ուտես՝ մահվամբ ես մեռնելու» (Ծննդ. 2։17),- ասում է Տերը: Եվ գանձերով է լինելու փրկությունը, այսինքն՝ Քրիստոսի անարատ ու անբիծ արյամբ: Փրկությունը դարձյալ լինում է պատվիրանների պահպանությամբ:

   Հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։

    Ասաց, թե գանձերով է փրկությունը, որպեսզի չիմանան, թե՝ մարմնական գանձերով: Ասում է, թե Քրիստոս եկավ ու մեզ հանճարեղ դարձրեց ճշմարիտ աստվածպաշտությամբ, որով փրկվեցինք. ա՛յս է արդարության գանձը: Դարձյալ երկյուղը իմաստության սկիզբն է (Առակ. 1։7), իմաստությունը՝ հանճարի, իսկ հանճարն էլ՝ աստվածպաշտության: Հայտնի է, որ պատիժն ու նեղությունը արդարության գանձերն են, որի երկյուղից հասնում ենք իմաստության, հանճարի ու աստվածպաշտության, և այդպիսով մենք պիտանի ենք դառնում:
   

Ա. Լոպուխին

Եվ կգան քո ապահով ժամանակները, և կլինի փրկության, իմաստության և գիտության առատություն. Տիրոջ երկյուղը կլինի քո գանձը։ [6] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:2
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը:
(Արարատ թարգ․) Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։
(Գրաբար) աւրինաւք մատնեսցին, եւ գանձուք եղիցի փրկութիւն մեր: եհաս իմաստութիւն եւ հանճար եւ աստուածպաշտութիւն Տեառն. այս են գանձք արդարութեան: