Ա․ Լոպուխին
27-28․ «Ինչպե՞ս ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ գործը մոռացված է իմ Աստծուց»։ [27] Մի՞թե դու չգիտես, կամ մի՞թե դու չես լսել, որ Աստված հավիտենական Տեր է՝ երկրի ծայրագույն մասերը ստեղծողը. Նա չի հոգնում և չի հյուծվում, Նրա հանճարն անքննելի է։ (Սինոդական թարգ․)
27-31-րդ համարներն այս գլխի մխիթարական-հորդորող հատվածներն են, որոնցում վերոգրյալի հետ կապված բարոյական ուղերձ կա։ 27-28-րդ համարները հարցերի զուգահեռ շարքում միևնույն գաղափարն ունի, այն է՝ թեթևակի նախատինք ընդդեմ ընտրյալ ժողովրդի (Հուդայի և Իսրայելի), և դա ա՛յն բանի համար, որ հրեա ժողովուրդը, ի հակառակ բոլոր բնական և ոչ բնական հայտնություններին մինչև այժմ ասես չի էլ լսել, կամ որևէ կերպ անգամ ձեռք չի բերել Աստծո մասին ճշմարիտ ճանաչողությունը։
«Աստված Տեր է…չի հոգնում և չի հյուծվում»։ Հրեաների մանկական միտքը, ըստ երևույթին, պատրաստ էր Աստվածային Ամենակարողությունը չափել իրենց տկարության չափանիշով և այդ «հաշվարկից» եզրակացնել, որ եթե Աստված արդեն իսկ կատարել է այդքան մեծ ու փառավոր գործեր, ապա ուրեմն այժմ Նրա էներգիան արդեն սպառվել է, և Նա հոգնել ու թուլացել է։ Պայքարելով նման կեղծ մարդակերպության դեմ՝ մարգարեն բարձրագոչ հայտարարում է, որ Աստված նման չէ մարդուն. Նա չի հոգնում և չի հյուծվում։
«Նրա հանճարն անքննելի է…»։ Եթե Տերը մարմնական հոգնածություն չունի, ապա ուրեմն Նա չունի նաև մտավոր հոգնածություն, և առհասարակ, Նրա խորհրդավոր ծրագրերը ծածկված են մեզանից, ինչպես դա հրաշալիորեն արտահայտում է Պողոս առաքյալը՝ ասելով. «Ինչքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ․ 11։33)։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Մի՛ ասա, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ»:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։
(Գրաբար) Մի ասիցես Յակոբ, եւ զի՞նչ խաւսեցար Իսրայէլ. թէ ծածկեցան ճանապարհք իմ յԱստուծոյ, եւ Աստուած իմ եբարձ զիրաւունս իմ, եւ մեկնեցան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: