Եսայու մարգարեության մեկնություն 42:8

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին:
   
   Իմ փառքը ուրիշին չեմ տա այսինքն՝ Իմ անունը զատում եմ կուռքերից: Այլև ասվում է, թե մարդն Աստծո փառքն է, ըստ Պողոսի. «Տղամարդուն հարկ չէ իր գլուխը ծածկել, որովհետև Աստծո փառքն է» (Ա Կորնթ. 11։7):
   

Ա. Լոպուխին

«Ես եմ Տերը, սա է Իմ անունը, և Իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ Իմ գովաբանությունը՝ կուռքերին»: [8] (Սինոդական թարգ․)
   
   «Ես եմ Տերը, սա է Իմ անունը» - Սա Եսայի մարգարեին բնորոշ արտահայտություններից մեկն է, որը նրա կողմից կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հանդիսավորապես հաստատել Աստվածային Ամենակարողությունը, Հավիտենականությունը, Անփոփոխելիությունը, Ինքնագոյությունը և Նրա բացարձակ Էության մյուս հատկությունները (Ես․ 42:8, 45:10-13, 45:6 և այլ հատվածներ):

   «Եվ Իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ Իմ գովաբանությունը՝ կուռքերին»: Ինքն Իրեն «Տեր», այսինքն՝ «Միակ Հավիտենականը» անվանելով (Ելք 3:14-15 , 20:2-7 և այլ հատվածներ)՝ Տերը հետագայում ևս բացահայտում է այս միտքը, ըստ որի՝ Նա ոչ ոքի հետ չի կարող համեմատվել հենց ա՛յն պատճառով, որ Միակ ճշմարիտ Աստծո փառքը, որն իրավամբ պատկանում է միայն Նրան, չի կարող «կիսվել» որևէ մեկի, ու ամենաքիչն, իհարկե, կուռքերի՛ հետ, ինչքան էլ որ վերջիններս հեթանոսների աչքին «աստվածներ» են ձևանում: «Ուրիշ» ասելով, ինչպես որ դա երևում է համատեքստից, մարգարեն նկատի ունի ձուլածոներին կամ կուռքերին, սակայն այս խոսքը, ինչպես որ նշում է Հերոնիմոս Երանելին, չի բացառում ո՛չ Աստծո Որդուն, ո՛չ էլ այն բոլոր արդարները, որոնք Նրա կողմից ստացել էին այդ փառքը (Հովհ. 17:5, 22): Հետևաբար «ուրիշ» (եբրայեցերենում՝ «ախեր») բառն այստեղ կիրառվում է «օտար», «այլ բնություն ունեցող», «ըստ էության թշնամական» իմաստով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»:
(Արարատ թարգ․) Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։
(Գրաբար) Ես Տէր Աստուած` այս է անուն իմ. զփառս իմ այլում ոչ տաց, եւ ոչ զքաջութիւնս իմ դրաւշելոց: