Եսայու մարգարեության մեկնություն 43:28

Ա. Լոպուխին

«Դրա համար Ես սրբարանի ներկայացուցիչներին զրկեցի քահանայությունից ու Հակոբին նզովքի մատնեցի, և Իսրայելին՝ նախատինքի»: [28] (Սինոդական թարգ․)
   
   «Ես սրբարանի ներկայացուցիչներին զրկեցի քահանայությունից․․․» - Քանի որ Աստծո հետ դատի ժամանակ իսրայելական ժողովրդի ներկայացուցիչներն անպատասխան էին մնացել, ուստի այդ դատի կայացված որոշումն էլ, բնականաբար, հեռու էր նրանց օգտին լինելուց: «Նեղություն և անձկություն՝ ամեն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի․․․ (Հռոմ. 2:9): Իսկ հրեաների միջից այս նախատինքն ամենից առաջ ու ամենից շատ թափվում է նրանց կույր և դաժան առաջնորդների գլխին, որոնք, օրինակ, քահանայապետ Ուրիայի նմանողությամբ, անձնատուր էին լինում ամեն տեսակի անմաքրության ու անբարոյականության (Դ Թագ. 16:10-16):

   «Հակոբին նզովքի մատնեցի, և Իսրայելին՝ նախատինքի»: Այստեղ կիրառված եբրայերեն բայերի՝ «վաախալել» և «վեետտենա», քերականական բառացի նշանակության համաձայն՝ դրանք անհրաժեշտ է թարգմանել ապառնի ժամանակով՝ «պղծության եմ մատնելու» և «տալու եմ», ինչն էլ ավելի է համապատասխանում խոսքի մարգարեական բնույթին: Իսրայելի ժողովրդին «նզովքի» և «նախատինքի» մատնելու վերաբերյալ կիրառվող արտահայտությունների ներքո առաջին հերթին պետք է հասկանալ հրեաներին սպասվող Բաբելոնական գալիք գերությունը, իսկ դրանից հետո էլ հաջորդող բոլոր աղետները, որոնց ենթարկվեց Իսրայելն իր հետագա՝ ընդհանուր առմամբ շատ ցավալի պատմության ընթացքում:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»:
(Արարատ թարգ․) Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։
(Գրաբար) եւ պղծեցին իշխանքն զսրբութիւնս իմ. եւ մատնեցի ի կորուստ զՅակովբ, եւ զԻսրայէլ ի նախատինս: