Եսայու մարգարեության մեկնություն 44:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»:

   
   Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես. այսինքն՝ Աստծո հարազատն եմ՝ մեկն այն իսրայելացիներից, որոնք ազատվեցին Բաբելոնից ու դարձան Աստծո ծառաները:
   Մյուսը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծո։
   Սա այն մասին է, որ երբ հրեաներն ազատվեցին Բաբելոնից, բաբելացիներից շատերը ցանկացան նրանց հետ Երուսաղեմ բարձրանալ, քանի որ տեսան Աստծո զորությունը, որ երևում էր հրեաների հանդեպ: [Այդ պատճառով է հիշում Հակոբին], որ Խաբող է, որովհետև «խաբեցին» թշնամիներին ու բերեցին իրենց Աստծո հնազանդությանը: Քանզի ա՛յն է խրախույսը, որ քաջալերվեցին ու եկան Աստծո հավատին:
   Իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով, թե ես Աստծունն եմ. այսինքն՝ գիր պիտի գրեն հեթանոս ժողովուրդները, որոնք հրեաների փոխարեն նոր ուխտ կնքեցին Աստծո հետ , քանի որ վերջիններս դրժեցին Աստծո ուխտը, որ ուխտել էին Քորեբ լեռան վրա:
   Եվ հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի․
   Եվ Իսրայելը Աստծունն էր, բայց խաչեց Քրիստոսին, իսկ նա, ով հավատա Խաչին, Քրիստոսինն է կոչվում, այն է՝ կոչվում է Իսրայելի անունով, քանզի Նրա անունն առավ:
   Դարձյալ մեկն ասում է, թե՝ ես Աստծունն եմ. սա նրա մասին է, ով ծածուկ քրիստոնյայի անուն ունի, իսկ ով խրախույս պիտի բարձրացնի, նա է, ով հայտնապես կրում և առանց վախի խոստովանում է Քրիստոսի անունը: Իսկ մյուսը, ով գիր պիտի գրի իր ձեռքով, նա է, ով ունի հավատ և գործ, ու բացորոշ կերպով քրիստոսական արձանն է կերտում: Սա առավել է, քան առաջինները: Դարձյալ, առաջինները երեսնավորներն են, միջինները՝ վաթսունավորները, իսկ վերջինները՝ հարյուրավորները, որ կատարյալ են ( Մատթ. 13։23):
   Եվ իմանալու է, թե կուռքերի ու ճշմարիտ Աստծո միջև տարբերությունները բազում են, ինչպես Արարչի և արարածների միջև, որովհետև ոչ մի միաբանություն չկա լույսի ու խավարի միջև, ու ոչ էլ՝ Քրիստոսի և Բելիարի (Բ Կորնթ. 6։15): Բայց Եսայի մարգարեն մոլորյալների կուրության պատճառովզանազան օրինակներով ցույց է տալիս ճշմարիտ Աստծուն նախ Նրա անսկիզբ և անվախճան լինելու [իրողությամբ], ըստ այս խոսքի. «Ես եմ առաջինը, Ես եմ հավիտյան» (44։6): Իսկ նրանք նյութից են սկսվում ու հետո տարրալուծվում են, ինչպես ասում է Ժողովողը. «Փայտ են կոտրում ու հավաքում են արծաթ և ոսկի» (Ժող. 2։8), և թե՝ Ընկավ Բելը ու կործանվեց Դագոնը (46։1):

   Երկրորդ՝ միակության հիշատակությամբ է բացահայտում Աստծո զորությունը, ըստ այն խոսքի, թե՝ «Միայնակ երկինքը ձգեցի» (Հոբ 9։8), և թե՝ «Ես եմ Աստվածը, ու չկա այլ մեկը» (Ելք 3։14): Իսկ նրանք ոչ թե մեկ են, այլ՝ բազում, որովհետև այլ է Ճանճիկը (Դ Թագ. 1։2), այլ է Աստղիկը, այլ է Հերմեսը, այլ՝ Հերակլեսը, և այլն, այդ թվում՝ սողունների և անասունների բազում պատկերներ:

   Երրորդ՝ արարչությունից է ճանաչվում Աստված, ըստ այս խոսքի. «Նա է Աստված, որ ստեղծեց երկինքը ու հաստատեց երկիրը և նրա մեջ եղածը(42։5): Իսկ նրանք ոչ թե Արարիչ են, այլ մարդու ստեղծածները, համաձայն այն խոսքի, որն ասում է. «Թող ամաչեն բոլորը, ովքեր կուռքեր են ստեղծում ու պատկերներ դրոշմում» (Սաղմ. 96։7):

   Չորրորդ՝ պարգևներից ու պատժից է հայտնի դառնում Աստծո զորությունը, որ տարբեր է կուռքերից, համաձայն այն խոսքի, թե՝ «Ես եմ Աստված, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը» (45։7): Իսկ նրանց ասում է. «Եթե աստվածներ եք՝ բարի կամ չար արեք, որպեսզի տեսնենք»:

   Հինգերորդ՝ պահպանությունից, որ լսում և կատարում է, ըստ այս խոսքի. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի քեզ» (49։8), և թե՝ «Ես եմ Տեր Աստված, որ փրկում եմ քեզ» (43։3): Իսկ կուռքերի մասին մարգարեն ասում է. «Բայց չեն կարող փրկել մեր հոգիները (4։20), ու եթե մեկը գոչի նրանց, չեն լսի ու չարիքից չեն փրկի» (46։7):

   Վեցերորդ՝ նախագիտությունից, քանզի ասում ու կատարում է, ըստ այն խոսքի, թե՝ «Խոսեցի ու կատարեցի, պատմեցի ու փրկեցի»(43։12), քանի որ Նա նախապես պատմում էր գերվելն ու ազատվելը, մինչդեռ նրանք ոչ լինելիքը և ոչ էլ կատարվածն են պատմում, ըստ այն խոսքի, թե՝ «Ո՞վ է, որ առաջ է Ինձանից, չէ՞ որ Ես ստեղծեցի մարդուն, իսկ կատարվելիքի մասին ո՞վ կարող է պատմել» (հմմտ. 41։26):

   Յոթներորդ՝ ամենիմաստ գիտությունից, համաձայն այն խոսքի, թե՝ «Նրա իմաստությունն անքննելի է» (40։28): Այլև՝ «Երկինքը չափում է թզով ու երկիրը՝քլով» (40։12), և հաշվում է աստղերի բազմությունը (Սաղմ. 146։4): Իսկ կուռքերի մասին ասում է. «Դուք եք նրանց վկաները» (44։9), քանզի նրանք չեն տեսնում և չեն իմանում:
   Ութերորդ՝ որևէ կարիք չունենալուց, ինչպես ասվում էլ է. «Աստված ոչ քաղցում և ոչ ծարավում է» (40։28): Իսկ նրանց մասին ասում է. «Քաղցելու և ծարավելու են, ու տկարության պատճառով ջուր չեն խմելու» (44։12):
   Իններորդ՝ աննման լինելուց. որովհետև ոչինչ Նրան նման չէ. «Ո՞ւմ եք նմանեցնում Տիրոջը, և ի՞նչ նմանությամբ» (40։18): Իսկ նրանց համար ասում է. «Փայտ վերցնելով սոսնձեց այն նրան տվեց տղամարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն» (44։13): Տասներորդ՝ մեծասքանչ զորություններից, որովհետև Տերն ինչ կամենում, անում է, փոփոխում է խորհուրդներն ու էությունները, ըստ այն խոսքի, թե՝ «Ո՞վ է որ իմաստուններին ետ է դարձնում ու նրանց խորհուրդները հիմարության վերածում» (44։25), «Եվ ասում եմ Կյուրոսին, թե՝ իմաստնացի՛ր» (44։28), իսկ անդունդին, թե՝ «ավերվի՛ր, ցամաքեցնելու եմ գետերը» (44։27), իսկ դա անել կարող է Նա, Ով ծովի լուծվող բնությունը հաստատեց ու ցամաքեցրեց Հորդանանը, կրակը ցողի վերածեց, լույսը՝ խավարի, ինչը որ չեն կարող անել հեթանոսների չաստվածները, նրանցից և ոչ մեկը, որովհետև չեն կարող իրենք իրենց շարժվել կամ հաստատել, ինչպես ասվում էլ նրանց մասին, թե՝ «Վերցնելով ուսերի վրա բերում եք, ու երբ գետնին եք դնում, չեն շարժվում» (46։7):
   

Ա. Լոպուխին

«Մեկը պիտի ասի՝ «Ես Տիրոջինն եմ», մյուսը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. «Ես Տիրոջինն եմ», ու պիտի կոչվի Իսրայելի անունով»: [5] (Սինոդական թարգ․)
   

   «Մեկը պիտի ասի՝ «Ես Տիրոջինն եմ», մյուսը պիտի կոչվի Հակոբի անունով» - Այս համարի իմաստն ու նրա կապը նախորդի հետ բավականին առեղծվածային է: Մեկնաբանների մեծ մասն այստեղ տեսնում է նորադարձների մասին կանխասացություն և մտքերի ներքին, տրամաբանական մի այսպիսի կապ է ստեղծում. հավատարիմ Իսրայելի մնացորդը, Սուրբ Հոգին ստանալով, այնպիսի լայնաճանաչ ու պատկառելի համբավ է ձեռք բերելու, որ դեպի իրեն է ձգելու բազմաթիվ հետևորդների, որոնք հպարտանալու են նրա անունով կոչվելու համար ու, միմյանց հետ «մրցակցելով», անվանվելու են մեկը՝ «Տիրոջինը», մեկը՝ «Հակոբինը», մեկը՝ «Իսրայելինը»: Այստեղ, իմիջիայլոց, բավականին նրբանկատորեն ընդգծվում է այս նորադարձ հեթանոսներին բնորոշող մի հատկանիշ՝ հեթանոսությունից բերված նրանց սովորությունը, համաձայն որի՝ նրանք տեղայնացնում էին իրենց պաշտամունքն ու կրում էին իրենց տեղային աստվածության անվանումը: Պատմական առումով այս ամենը ամբողջովին արդարացվել է առաքյալների պարագայում, որոնք Հոգեգալստյան հենց առաջին օրն արդեն ունեին հազարից ավելի նորադարձներ (Գործք. 2:41)
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»:
(Արարատ թարգ․) Այս մեկը պիտի ասի. «Ես Տիրոջն եմ», այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. «Տիրոջն եմ պատկանում", և մականվանվի Իսրայելի անունով»։
(Գրաբար) Մին ասասցէ` Աստուծոյ եմ ես. եւ մեւսն խրախոյս բարձցէ յանուն Աստուծոյ Յակովբայ. եւ մեւսն գիր հանցէ ձեռամբ իւրով` թէ Աստուծոյ եմ ես, եւ յանուն Իսրայէլի խրախոյս բարձցէ: