Ա. Լոպուխին
6-7. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը, Զորությունների Տե՛րը. «Ես եմ առաջինն ու Ես եմ վերջինը, և Ինձանից բացի Աստված չկա»: [6] «Որովհետև ո՞վ է Ինձ նման. թող որ նա պատմի, բարձրաձայնի ու հերթականությամբ ներկայացնի Ինձ ամեն ինչ ա՛յն ժամանակներից սկսած, երբ Ես կազմավորեցի հին ժողովրդին, կամ էլ թող բարձրաձայնե՛ն գալիքի ու ապագայի մասին»: (Սինոդական թարգ․)
Սա մի հատուկ նպատակով այստեղ զետեղված հատված է (Ես. 44:6-23), որը մտքերի՝ գեղարվեստական-երգիծական դիտավորյալ շարադրանքի միջոցով բացահայտում է կուռքերի ոչնչության գաղափարը՝ ճշմարիտ Աստծո մեծության հետ համեմատությամբ: Այս հատվածը սկսվում է «Այսպես է ասում Տերը» (6-րդ համար) բառերով ու շարունակվում է մինչև 24-րդ համարի սկիզբը, որտեղ մենք կրկին հանդիպում ենք այս նույնատիպ շարադրանքին, որն ակնհայտորեն արդեն մի նոր խոսքի սկիզբ է հանդիսանում: Այս ամբողջ հատվածում կարելի է տեսնել երկու հիմնական միտք: Դրանցից առաջինն Իսրայելի ճշմարիտ Աստծո մեծության, ամենակարողության, երանելիության ու փրկարար զորության մասին է: Այս միտքը ծավալվում է առաջին երեք (6-8-րդ) և վերջին երեք (21-23-րդ) համարներում: Իսկ մյուս՝ երկրորդ հիմնական միտքը խոսում է կուռքերի ունայնության ու ոչնչության մասին՝ նրանց երկրպագողների հանցավոր թեթևամտության ու մի տեսակ տգիտության համատեքստում, և կազմում է մի ամփոփ ամբողջություն (9-20-րդ համարներ): Նմանատիպ քարոզի անհրաժեշտությունը թելադրված էր գալիք ժամանակների իրադարձություններով՝ Բաբելոնյան գերության մոտալուտ լինելու հանգամանքով, որին մատնվելով՝ կռապաշտությանը հակված հրեաներն առանձնապես ծանր գայթակղության էին ենթարկվելու:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։
(Գրաբար) Այսպէս ասէ Աստուած թագաւորն Իսրայէլի, եւ որ փրկեացն զնա Աստուած զաւրութեանց. ես առաջին` եւ ես առ յապայ. բաց յինէն այլ ոչ գոյ Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: