Ա. Լոպուխին
16-17․ «Նրանք բոլորը նվաստանալու են ու ամոթահար են լինելու, նրանց հետ միասին ամոթով հեռանալու են նաև բոլոր նրանք, ովքեր կուռքեր են պատրաստում»: [16] «Իսկ Իսրայելը Տիրոջ ձեռքով փրկվելու է հավիտենական փրկությամբ. դուք չեք նվաստանալու ու ամոթահար չեք լինելու հավիտյանս հավիտենից»: (Սինոդական թարգ․)
«Նրանք բոլորը նվաստանալու են ու ամոթահար են լինելու… իսկ Իսրայելը փրկվելու է… դուք չեք նվաստանալու ու ամոթահար չեք լինելու»: Այս երկու համարներում ներկայացվում է հեթանոսների ու հրեաների՝ մոտալուտ ապագայի հակադրությունը: Հեթանոսները, որոնք հույսը դրել են իրենց կուռքերի վրա, ամոթահար են լինելու, քանի որ հայտնվելու են նոր տիրակաի իշխանության տակ: Իսկ Իսրայելի հավատարիմ զավակները, որոնք իրենց Աստծո գթասրտության շնորհիվ ազատություն են ստացել, հաղթանակ են տանելու իրենց բոլոր կռապաշտ թշնամիների հանդեպ (հմմտ. Ես․ 28:16, Հռոմ. 10:11): 17-րդ համարի սկիզբը, որտեղ ասվում է, որ «Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ», մեզ բացարձակապես չպետք է շփոթեցնի, քանի որ, առաջին հերթին, «դար» և «հավիտենականություն» բառերը Սուրբգրային լեզվում շատ հաճախ ունենում են պայմանական նշանակություն (սերունդների, ազգերի և նույնիսկ անհատների կյանքի տևողությունը մատնանշող ժամանակահատված): Եվ երկրորդ հերթին՝ նաև ա՛յն պատճառով չպիտի շփոթության մատնվենք այդ արտահայտությունների կիրառության պատճառով, քանի որ հրեա ազգը, ինչպես գիտենք և տեսնում ենք, ունեցել է, ունի և պիտի ունենա հավիտենապես ձգվող գոյություն (Ես. 9:21, 11:5):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան:
(Արարատ թարգ․) Նրանք ամենքը կամաչեն և կպատկառեն, կուռք շինողները բոլորը միասին ամոթահար կլինեն,
(Գրաբար) Ամաչեսցեն` եւ յամաւթ լիցին ամենայն հակառակորդք քո. եւ գնասցեն ամաւթով: Նորոգեցարուք առ իս կղզիք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: