Եսայու մարգարեության մեկնություն 53:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք:
   
   Մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց.
   Այսինքն՝ Նա վերացրեց պատերազմը և խաղաղություն հաստատեց հրեաների ու հեթանոսների, հրեշտակների ու մարդկանց համար: Դարձյալ, Նա պատիժ կրեց մեր խաղաղության համար, այսինքն՝ Նրա չարչարանքը մեզ խրատ եղավ, որովհետև այդ խրատը՝ պատիժը, մենք պիտի կրեինք, սակայն Նա Ինքը հանձն առավ դա: Ճիշտ այնպես, ինչպես երբ մի դատավոր կամենում է պատժել մահապարտին, բայց վերջինիս սիրելի եղբայրը հանուն եղբոր իրեն հանձնում է մահվան ու փրկում նրան, այնժամ դատավորը հաշտվում է այդ իրողության հետ, այդպես էլ մեր Տերը հանուն մեզ մեռավ և Աստծուն հաշտեցրեց մեզ հետ:

   Նրա վերքերով բժշկվեցինք:

   Այսինքն՝ [ստացանք] հոգո՛ւ բժշկություն, քանի որ մեր ներքին զգայարաններն էին խոցված, որովհետև մարմնական բոլոր դյուրությունները խոցում են հոգին, ինչը երևում է նախաստեղծների [օրինակով]. որովհետև ականջներո՛վ տեղի տվեցին խաբողին, աչքո՛վ տեսան պտղի գեղեցկությունը, ոտքերո՛վ մոտեցան, ձեռքո՛վ քաղեցին, բերանո՛վ ճաշակեցին և հոգո՛վ մահացու խոցվեցին: Իսկ մեր Տերը այս զգայություններից յուրաքանչյուրի դեմ վերք ու վիշտ կրեց և բժշկեց դրանք. ականջներով հայհոյանքներ լսեց, աչքերը փակեց Խաչի վրա, ձեռքերով ու ոտքերով գամվեց խաչին ու լեղի ճաշակեց, և այլն:
   

Ա. Լոպուխին

«Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրինությունների համար տանջվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա էր, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրինությունների համար տանջվեց...» - Սա Մեսիայի տառապանքների իրական նշանակության մասին հենց նոր արտահայտված մտքի կրկնությունն ու առավել մանրակրկիտ բացատրությունն է։ Սա Փրկչի՝ խաչի վրա կրած տառապանքների և մահվան մասին ամենից պարզ և հզոր կանխատեսումն է, որի նշանակությունը երկար ժամանակ ընդունում էր նույնիսկ հին րաբբիական ավանդությունը (տե՛ս Միդրաշից օրինակներ. Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, «Եսայի մարգարեի գիրքը», էջ 818-819)։ Այսպես, Իոսե Գալիլիացի րաբբին այն հարցին, թե՝ «Քո կարծիքով ո՞ր չափն է ավելի մեծ՝ բարությա՞ն չափը, թե՞ վրեժխնդրության», պատասխանում է․ «Բարության չափն ավելի մեծ է, իսկ վրեժխնդրության չափը՝ փոքր։ Մեսիա թագավորը խոնարհվեց և նվաստացավ հանցավորների համար, ինչպես որ ասվում է՝ «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց»։ Որքա՜ն շատ են Նրա արժանիքները բոլոր սերունդերի համար, ինչպես որ գրված է․ «Եվ Տերը Նրա վրա դրեց բոլորի մեղքերը»։  «Վիրավորվել» կամ «խոցվել» բայը (եբր․՝ «հալալ»), առհասարակ, ցույց է տալիս ֆիզիկական տառապանքը, մասնավորապես՝ գեղարդով խոցվելը (տե՛ս Եզեկ․ 32։25)։ Այստեղ խոսքը վերաբերում է Փրկչի կողը խոցելու վերաբերյալ ավետարանական հայտնի դրվագին։

   «Մեր անօրինությունների համար տանջվեց» կամ, ինչպես ոմանք են թարգմանում, «կործանվեց»՝ «տանջվելու» փոխարեն։ Այդ պարագայում արդեն այստեղ ընդգծվում է տառապանքի մեկ այլ պահը՝ աստվածային Տառապյալի հոգևոր ծանրագույն տագնապները, որոնք Նա կանխազգում էր դեռևս նախօրեին՝ Գեթսեմանեի այգում, և որոնք ամբողջ խորությամբ վերապրեց հենց խաչի տառապանքների ժամանակ (Մատթ․ 26։37-38, 27։46, հմմտ․ Սաղմ․ 21։16, 87։3-8, 15-18)։

   «Մեր խաղաղության պատիժը Նրա վրա էր...» - «Պատիժը (եբր․՝ «մուսար») կարող է ընկալվել երկակի իմաստով․ իրավական և մանկավարժական։ Սեպտուգինտան և Վուլգաթան վերջին իմաստով են հասկանում. «παιδεια ειρηνης ημων - disciplina pacis nostrae»։ Սակայն խոսքի համատեքստը հնարավորություն է ընձեռում համադրել այս երկու իմաստները․ Տիրոջ Որդու պատիժը, մի կողմից, Աստծո դատաստանի առջև հատուցում էր մարդկության մեղքերի համար, այսինքն՝ իրավական բնույթ ուներ, «роеnа multa» էր, մյուս կողմից էլ, սպանելով մեղքը, որը բնակվում էր մարդկային բնության մեջ (Հռոմ․ 6։6), այն հնարավոր էր դարձնում մարդկանց Երկնավոր Հոր մոտ տանելը (Եփես․ 2։18)՝ ուստի այն նաև մանկավարժական նշանակություն ուներ» (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, «Եսայի մարգարեի գիրքը», էջ 819)։

   Հետևաբար, սա իրական պատիժ էր, սակայն այնպիսի մի պատիժ, որի շնորհիվ մեզ համար հաստատվեց Աստծո հետ խաղաղությունը (հաշտությունը), որը մի ժամանակ խախտվել էր մեղքի միջոցով անկում ապրելու պատճառով։ Ահա թե ինչու Եսայի մարգարեն բոլոր հիմքերն ուներ Մեսիային ավելի վաղ «խաղաղության Իշխան» անվանելու համար (Ես. 9։6

   «Եվ Նրա վերքերով մենք բժշկվեցինք», կամ էլ, ինչպես սլավոներեն թարգմանության մեջ է՝ «Նրա բորոտությամբ մենք բուժվեցինք»։ Այս մարգարեությունը ապշեցուցիչ ճշգրտություն է պարունակում Մեսիայի փրկագործական սպասավորության գլխավոր դրվագի՝ Նրա խաչի մահվան առնչությամբ, երբ Նրա խոցված ձեռքերից և ոտքերից հոսող Տիրոջ թանկագին Արյունը բժշկում էր մարդկությանը մեղքի մահացու հիվանդություններից։ Պետրոս առաքյալը գրեթե նույն կերպ է արտահայտվում իր նամակի մեջ, երբ գրում է․ «Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, ազատվելով մեղքերից, ապրենք արդարության համար Նրա վերքերով դուք բժշկվեցիք» (Ա Պետ․ 2։24, տե՛ս Գրիգորև, էջ 215)։ Այս բժշկության ամբողջ զորությունն այն է, որ այստեղ բժշկվում է ոչ միայն մեղքի հետևանքով առաջացած վերքի արտաքին երեսը, այլև ոչնչացվում, դուրս է հանվում նրա արմատը՝ «խաղաղություն հաստատելով խաչի վրա Նրա թափված արյան միջոցով, և՛ երկրի վրա, և՛ երկնքում» (Կող․ 1։20)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք:
(Արարատ թարգ․) Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
(Գրաբար) Բայց նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց, եւ պատժեցաւ վասն մերոց անաւրէնութեանց. խրատ խաղաղութեան մերոյ ի նմա, եւ նորա վիրաւրքն բժշկեցաք: