Ա. Լոպուխին
«Ահա՛ քաղաքից աղմուկ է լսվում, տաճարից՝ ձայն, Տիրո՛ջ ձայնը, Որը հատուցում է Իր թշնամիներին»։ [6] (Սինոդական թարգ․)
«Բայց նրանք պիտի ամաչեն…Ահա՛ քաղաքից աղմուկ է լսվում, տաճարից՝ ձայն, Տիրո՛ջ ձայնը, Որը հատուցում է Իր թշնամիներին» - Տիրոջն ու Նրա Մեսիային հավատարիմ հրեաներին հետապնդողներն ու նենգաբար ծաղրուծանակի ենթարկողները խստագույնս ամոթահար են լինելու. Տիրոջ փառքի նշանը, որպես հոգևոր վսեմագույն ցնծության աղբյուր, իսկապես որ, տրվելու է Իսրայելի հավատարիմ զավակներին ու ամոթով է թողնելու այդ վերջիններին նախատողներին: Իսկ այդ նախատողներն էլ առավել ծանրագույն պատժի են ենթարկվելու անմիջապես Տիրոջ կողմից, Որը հատուցում է Իր թշնամիներին, մի երևույթ, որի մասին ավելի մանրամասնորեն խոսվում է հետագա համարներում (15-18-րդ և 24-րդ համարներ): Այս մարգարեության խոսքերում, որոնցում անդրադարձ է կատարվում քաղաքում տիրող սարսափելի աղմուկին ու տաճարից դուրս եկող ահավոր ձայնին, Հերոնիմոս Երանելին ու մի շարք այլ մեկնիչներ որոշակի ակնարկ են նկատում Տիտոսի կողմից Երուսաղեմը պաշարելու պատմական իրողության՝ նմանատիպ փաստերի վերաբերյալ, որոնք նկարագրված են Հովսեփոս Փլավիոսի կողմից («Հրեական պատերազմներ», 6-րդ գիրք, 5-րդ գլուխ, 3-րդ պարբերություն, ինչպես նաև այլ հատվածներ): Որպես մարգարեական այս համարին ամենամոտ զուգահեռներ համարվում են 26-րդ գլխի 11-րդ և 21-րդ համարները:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին:
(Արարատ թարգ․) Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։
(Գրաբար) Ձայն բարբառոյ ի քաղաքէ. ձայն ի տաճարէ. ձայն Տեառն հատուցանէ զհատուցումն հակառակորդաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: