Եսայու մարգարեության մեկնություն 66:7

Ա. Լոպուխին

7-9․ «Դեռ երկունքի ցավերով չէր տանջվում, սակայն ծնեց, նախքան նրա ցավերի սկիզբը նա մի որդի ունեցավ»: [7] «Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել: Մի՞թե երկիրը մեկ օրում է ստեղծվում: Մի՞թե մի ժողովուրդ միանգամից է ծնվում, ինչպես Սիոնը, որը հազիվ սկսել էր տանջվել երկունքի ցավերով, երբ ծնեց իր որդիներին»: «Մի՞ թե Ես կհասցնեմ երկունքի ու չեմ թողնի ծնել»,- ասում է Տերը,- «կամ էլ ծնելու համար ուժ կտամ, բայց արգանդը կփակե՞մ ու չե՞մ թույլատրի»,- ասում է քո Աստվածը»: (Սինոդական թարգ․)
   
   «Դեռ երկունքի ցավերով չէր տանջվում, սակայն ծնեց․․․մի որդի ունեցավ» - Այս ու սրան հաջորդող երկու համարներում նկարագրվում է հենց այն նշանը, որը Տերը տալու է հավատացյալներին՝ տոնախմբության, և անհավատներին՝ ամոթահար լինելու համար. դա ծննդաբերության անհավանական արագությունն է ու այն բազմաքանակությունը, որով աչքի են ընկնելու հոգևոր Սիոնի սերունդները: Ծննդաբերության բնականոն ընթացքը տանջալից ու երկարատև մի գործընթաց է, սակայն այս պարագայում այն տեղի է ունենալու մեկ օրվա ընթացքում, գրեթե առանց ցավերի, և Սիոնը միանգամից ծնելու է մի ամբողջ ժողովրդի: Բնականաբար, հասկանալի է, որ դա ոչ թե մարմնական, այլ հոգևոր ծնունդ է՝ ջրից ու հոգուց ծնունդ (Հովհ. 3:1-8): Որպես այդ նշանի իրականացում կարելի է համարել ինչպես այն մասնավոր դեպքերը, երբ առաքելական քարոզչության ազդեցության շնորհիվ հազարավոր մարդիկ դառնում էին դեպի քրիստոնեությունը (Գործք. 2:41, 5:14 և այլ տեղիներ), այնպես էլ, ընդհանուր առմամբ, քրիստոնեության անհավանական արագ ու լայն տարածումը: Այս պատկերի նշանակությունը հատկապես մեծանում է, երբ այն համեմատում ենք հակադիր բևեռի հետ. նախկինում մարմնավոր Իսրայելը խստագույնս տառապում էր, սակայն ոչինչ չէր ծնում, իսկ այժմ հոգևոր Իսրայելը չի տանջվում, սակայն բազմաթիվ որդիներ է ծնում (Ես․ 26:18): Այս բազմահազար սերունդների մասին հանգամանալից խոսքերին ոչ մեկ անգամ հանդիպում ենք նաև Եսայի մարգարեի գրքի նախորդ հատվածներում (օրինակ, Ես․ 49:17-21, 54:1 և այլ տեղիներ): Հերոնիմոս Երանելին ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ մարգարեն սկզբում խոսում է միայն մեկ Որդու ծննդյան մասին (7-րդ համար), իսկ հետո արդեն՝ բազմաթիվ զավակների՝ այն առաջին Որդու ծննդյամբ նկատի ունենալով Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ երկրորդ ծննդյամբ՝ Նրա բոլոր հետևորդներին:

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել, նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ:
(Արարատ թարգ․) Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։
(Գրաբար) եւ մինչ չեւ իցէ յղւոյն ծնեալ, եւ մինչ չեւ հասեալ իցեն ցաւք երկանց, ապրեցաւ եւ ծնաւ արու: