Եսայու մարգարեության մեկնություն 6։9

Ա. Լոպուխին

9-10․ Եվ Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին. «Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի»: [9] Քանի որ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են. որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և Ես էլ բժշկեմ նրանց»: (Սինոդական թարգ․)
   
   Եսայի մարգարեի առաքելությունը ներկայացվում է շատ ծանր և չհուսադրող գծերով, եթե ընթերցելու լինենք տասներորդ համարն ըստ եբրայական-մասսորեթական տեքստի և նրա բոլոր արտահայտությունները հասկանանք խիստ տառացի կերպով. «Կարծրացրո՛ւ այդ ժողովրդի սիրտը, նրանց ականջները խլացրո՛ւ, ծածկի՛ր նրանց աչքերը, որպեսզի…», և այդպես շարունակ: Սակայն եթե մենք հայացք գցենք մտքերի արտահայտման սեմիթական եղանակի վրա, ապա մարգարեի առաքելությունն այդքան սարսափելի չի թվա ո՛չ նրա, ո՛չ էլ ժողովրդի համար: Ճիշտ է, 10-րդ համարում ներկայացված բայերը դրված են «հիֆիլ» ձևով, որն առհասարակ նշանակում է «ինչ-որ մեկին ինչ-որ բան պատճառել»: Սակայն մյուս կողմից էլ կասկած չկա, որ այս եղանակն ունի մտքի ընկալման տարբեր ձևեր: Այսպիսով՝ եբրայերենում «արդարացնել» բայը (ձևը՝ «հիֆիլ») կարող է նշանակել և՛ որևէ մեկին իսկապես արդարացնել, և՛ արդար համարել (մարդկանց աչքին): Նույնպես և «կյանք տալ, կենդանացնել» արտահայտությունն ուղղակի կարող է նշանակել «կենդանի թողնել այն դեպքում, երբ որ կա սպանելու հնարավորություն»:

   Եսայի մարգարեի քարոզչությունը (հաշվի առնելով  նրա ունկնդիրների բացասական տրամադրվածությունը) հրեաներին առիթ կտար կարծրանալու և Աստծո կամքին հակառակվելու, մի բան, որը ժողովուրդն իրեն մասամբ թույլ էր տվել նաև նախկինում: Ռուսերեն սինոդական թարգամությունը, համաձայնելով Յոթանասնից և սլավոնական տեքստերի թարգմանություններին, ճիշտ չի հասկանում այդ «սրտի կարծրացում» արտահայտությունը։ 10-րդ համարում առկա այդ բայերն ավելի լավ կլինի թարգմանել ապառնի ժամանակով:

   «Սիրտն» այստեղ որպես միջոց է հանդես գալիս մարդկային կյանքի բարոյական խնդիրների հասկացման համար (հմմտ. Ովսե. 4:11):

   Կարծրացումը սրտի ճարպակալումն է, երբ այն այլևս անկարող և անընդունակ է դառնում շարժվելու: Այս խոսքը երկու անգամ մեջբերվում է Նոր Կտակարանում և երկու դեպքում էլ ծառայում է որպես միջոց հրեաների՝ այդ քարոզը հասկանալու անընդունակությունն ընդգծելու համար (Մտթ. 13:15․ Գործք 28:27):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք».
(Արարատ թարգ․) Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։
(Գրաբար) Եւ ասէ. Ե՛րթ և ասա՛ ցժողովուրդն ցայն. Լսելով լուիջիք՝ և մի՛ իմասջիք, և տեսանելով տեսջիք՝ և մի՛ գիտասջիք: