Ա. Պ. Լոպուխին (†1904)
Մարգարեական տեսիլքը, որ տեսավ Ամբակում մարգարեն: : (Սինոդական թարգ․)[1]
Ամբակում մարգարեի գիրքը, ինչպես և Նավում մարգարեի գիրքը, եբրայերեն բնագրում սկսվում է «massa» բառով, որի հիմնական իմաստներից մեկը «բեռ» կամ «լուծ» է: Ինչպես Նավումի մարգարեության մեջ, այստեղ ևս երանելի Հերոնիմոսն այս արտահայտությունը փոխանցում է լատիներեն «onus» (բեռ, լուծ) բառով: Սակայն Ամբակումի գրքում «massa»-ն ունի ավելի չեզոք իմաստ (մարգարեությունն առհասարակ), քան հատուկ և նպատակային նշանակություն (սպառնալիքների ու աղետների մասին ազդարարում), որովհետև այս գրքում սարսափի և մխիթարության տարրերը սերտորեն միահյուսված են: Հետևաբար, Յոթանասնից թարգմանության «λημμα» տարբերակն ավելի համապատասխան է այս հատվածի բովանդակությանը: Երանելի Թեոդորիտոսը «λημμα»−ն հետևյալ կերպ է մեկնում. «Տեսիլքը («λημμα») մտքի հափշտակությունն է և մարդկային գործերից անցումը դեպի աստվածային հայտնությունը: Հետևաբար, եթե մարգարեն սա ասել է Հոգու ներգործությամբ, ապա ակնհայտ է, որ ինքը չի տառապում տարակուսանքով, այլ դրանով բացահայտում է հիվանդների վերքը և բուժում առաջարկում» («Ամբակում մարգարեի գրքի մեկնություն», Սերգիև Պոսադ, 1907 թ., էջ 23):
Այստեղ «massa» բառի ընդհանուր կամ չեզոք ընկալմանը, ըստ երևույթին, երանելի Հերոնիմոսը մասամբ է հակված, երբ նշում է. «Պետք է նկատել նաև այն, որ մարգարեի տեսիլքը հենց վերելքն է կամ բեռը, որը, ինչպես արդեն ասացինք, նշանակում է թե՛ ծանր (աղետները), թե՛ այն, որ նա հստակ հասկանում է իր տեսիլքը» («Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 131): Պետք է նաև նկատի ունենալ, որ նախաբանի (Ամբ. 1:1) «massa» -ն կարող է վերաբերել և վերաբերում է միայն Ամբակում մարգարեի գրքի առաջին երկու գլուխների բովանդակությանը, քանի որ երրորդ գլուխն ունի իր հատուկ խորագիրը կամ նախաբանը՝ «թեֆիլլա», այսինքն՝ աղոթք: Սրանով «massa» բառի չեզոք իմաստն էլ ավելի է հաստատվում: Ինչպես առաջին նախաբանում (1:1), այնպես էլ երկրորդում (3:1), «Ամբակում» հատուկ անվանը կցված է «նաբի» (nabi), հունարեն՝ προφητη, այսինքն՝ «մարգարե» բառը, որը հանդիպում է նաև մարգարեական երկու գրքերի նախաբաններում՝ (Անգե 1:1 և Զաք․ 1:1): Բայց այս հանգամանքն ինքնին ոչ մի կերպ չի կարող վկայել Ամբակում մարգարեի գրքի նախաբանի ավելի ուշ գրվելու մասին (ինչպես կարծում է Մարտին. Das Dodekapro pheton… Tübingen, 1904: S. 331): Այն պարզապես նպատակ ունի ցույց տալ Ամբակումի կոչումը Հինկտակարանյան Եկեղեցու անդամների մեջ, քանզի նա մարգարե է եղել նաև ծառայությամբ (munus propheticum) և ոչ թե միայն շնորհով (donum propheticum): Միաժամանակ ներկայացնում է ամբողջ հայտնության ճշմարտացիության գրավականը՝ վկայելով դրա ի վերուստ ծագման մասին. «Նա ոչ թե իր սրտից է խոսում, այլ որպես մարգարե՝ հաղորդում է Աստծու խոսքը և այդ բանի համար լցված է Աստծու շնորհով» (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի: Տե՛ս պրոֆ. Գոլուբև. «Ամբակում մարգարեի գիրքը», էջ 706): Վերջինիս համապատասխանում է նաև «նաբի» բառի հիմնական նշանակությունը, ըստ որի՝ մարգարեն այն անձն է, որը խոսում է ոչ թե իրենից, այլ մարդկանց ավետում է Աստծու կամքն ու Նրա հայտնությունը՝ լինելով Աստծու կողմից ընտրված և Նրանից աստվածային իշխանություն ստացած: Մարգարեն հանդիսանում է ոչ թե առհասարակ որևէ բանի, այլ միայն աստվածային կամքի և խոսքերի բացատրողն ու մեկնաբանողը: Որպես Աստծու հավատարիմ անձ՝ նա միջնորդ է Աստծու և մարդկանց միջև (Ելք 7:1-2, 4:15-16, Ծննդ. 20:7, Երեմ. 26:9) (Մ. Վերժբալովիչ. «Մարգարեական ծառայությունը Իսրայելի (տասցեղյան) թագավորությունում», Կիև, 1891, էջ 5-6: Ավելի մանրամասն տե՛ս Laur R. E. Die Prophetennamen des Alten Testаmentes. Ein Beitrag zur Theologie des Alten Tes tamentes. Sreiburg (Schweiz), 1903. S. 2, 11–42):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն:
(Արարատ թարգ․) Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։
(Գրաբար). Առած զոր ետես Ամբակում մարգարէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: