Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Քառասուն տարի անապատում զոհեր ու հացի ընծաներ մատուցեցի՞ք ինձ, Իսրայելի՛ տուն»։ : (Սինոդական թարգ․)[25]
25−րդ համարի իմաստն ու նախորդ համարի հետ նրա կապը տարբեր կերպ է ընկալվում: Մեկնիչներից շատերի կարծիքով մարգարեն իր հարցադրման համար բացասական պատասխան է ակնկալում։ Անապատում գտնվելու քառասուն տարիների ընթացքում իսրայելացիները զոհաբերություններ չեն կատարել ու հացի ընծաներ չեն մատուցել: Ի՞նչ նպատակով է մարգարեն մատնանշում այս ամենը: Ոմանց կարծիքով դրա նպատակն է՝ ցույց տալ բազմաքանակ զոհաբերությունների վրա Իսրայելի դրած ունայն հույսի ունայն լինելը (Յունգերով), որպեսզի ի ցույց դրվի զոհաբերությունների իրենք իրենցով աննշան լինելը` հղում կատարելով այն հանգամանքին, որ աստվածպետական համակարգի ծաղկման շրջանում Իսրայելը զոհաբերություններ չէր անում և, այնուամենայնիվ, վայելում էր Տիրոջ հատուկ բարեհաճությունը: Ըստ այլ մեկնիչների, հակառակը, մարգարեն 25−րդ համարում իսրայելացիներին հենց նրա համար է մեղադրում, որ նրանք դեռևս անապատում զոհեր չէին մատուցում, ու հաջորդ համարում զոհաբերությունների այս անտեսումը բացատրում է իսրայելացիների հեթանոսություն տանող շեղմամբ:
Առաջին ընկալումն ավելի համահունչ է խոսքի համատեքստին. 22−24−րդ համարներում մարգարեն խոսում է բարոյական կյանքով չուղեկցվող զոհաբերությունների անօգուտ լինելու մասին։ Հետևաբար դժվար է ակնկալել, որ 22−24−րդ համարներից անմիջապես հետո մարգարեն կարող է զոհեր չմատուցելու համար նախատել ժողովրդին: Հավանաբար 25−րդ համարում հնչեցված հարցի միջոցով մարգարեն ցանկանում է մատնանշել զոհաբերությունների` իրենք իրենցով ոչ այնքան կարևոր լինելու փաստը: Սակայն հազիվ թե սրա հետ մեկտեղ մարգարեն իր հարցադրման համար բացասական պատասխան ակնկալեր, քանի որ անապատում Իսրայելի ժողովուրդն իսկապես զոհեր մատուցել է (Ելք․ 24։5․ Ղևտ. 8։14−32, 9։8−24): Մարգարեի մտածելակերպը, հավանաբար, այլ է ու իր հարցադրման համար, ինչպես ենթադրում է Գոոնակերը, նա դրական պատասխան է ակնկալում: Մարգարեն ցանկանում է ասել, որ չնայած մատուցված զոհերին՝ Իսրայելը, ամեն դեպքում, քառասուն տարի պետք է թափառեր անապատում ու ենթարկվեր Աստծու բարկությանը: Այստեղից էլ մարգարեի ունկնդիրները պետք է եզրակացնեին, որ աստվածային գթասրտությանն արժանանալու համար միայն զոհաբերությունները բավարար չեն:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․)Միթէ ողջակէզ եւ զոհեր մատուցեցի՞ք ինձ այնտեղ, անապատում, քառասուն տարի, ո՛վ տունդ Իսրայէլի:
(Արարատ թարգ․) Մի՞թե ինձ զոհեր և հացի ընծաներ էիք մատուցում քառասուն տարի անապատում, ո՛վ Իսրայելի տուն։
(Գրաբար) Միթէ սպա՞նդ և զոհս մատուցէք ինձ յանապատի՛ անդ զքառասուն ամ տո՛ւնդ Իսրայէլի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: