Ամոսի մարգարեության մեկնություն 8։8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Մի՞թե չի ցնցվի երկիրը դրանից, և մի՞թե չի սգա յուրաքանչյուր մարդ, որ բնակվում է նրա վրա: Այն ամբողջությամբ կալեկոծվի գետի նման, Եգիպտոսի գետի պես կելնի ու կիջնի»: (Սինոդական թարգ․)[8]
   
   Իսրայելի ժողովրդի գործերն այնպիսին են, որ երկիրն այլևս չի կարող դրանք տանել: «Մի՞թե չի ցնցվի երկիրը դրանից». մարգարեն ոչ միայն ցանկանում է հասկանալի կերպով ներկայացնել երկրաշարժի սկիզբը (Վելհաուզեն, Նովակ), այլ նաև ուղղակիորեն կանխատեսում է այն. մարգարեի հնչեցրած հարցադրումը դրական պատասխան է ենթադրում: Առաջիկա երկրաշարժի ժամանակ լինելիք երկրի տատանումը մարգարեն համեմատում է Նեղոս գետում ջրի բարձրանալու և իջնելու հետ: Որոշ մեկնաբանների (Նովակ) այս համեմատությունը ոչ այնքան հաջող է թվում, քանի որ Նեղոսի ջուրն աստիճանաբար է բարձրանում և իջնում: Սակայն հնարավոր է, որ մարգարեն նկատի ունի ոչ թե Նեղոսի վարարումների, այլ դրա ջրվեժների պատկերը (Գոոնակեր): Եկեղեցական հայրերի և հնագույն մեկնիչների բացատրության համաձայն՝ 7−րդ համարը կարելի է հասկանալ նաև փոխաբերական  իմաստով՝ որպես Իսրայելի երկիր թշնամիների (ասորեստանցիների) ներխուժման մասին մարգարեություն։ Ինչպես եգիպտական գետն է ծածկում ամբողջ երկիրը, այնպես էլ թշնամիների բազմությունն է ծածկելու Իսրայելի երկիրը (երանելի Թեոդորիտ)։  «Ասորեստանցիները կգան չափազանց վարարած Նեղոսի պես  և իսրայելացիներին կքշեն ու դուրս կհանեն իրենց երկրից» (սուրբ Եփրեմ Ասորի)։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) եւ որ դրանց պատճառով երկիրը պիտի խռովուի, նրա բոլոր բնակիչները սուգ պիտի անեն, նրա վախճանը պիտի գայ ու եգիպտացիների գետի պէս ելնի ու իջնի:
(Արարատ թարգ․) Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։
(Գրաբար) Եւ ի վերայ այդորիկ խռովեսցի՛ երկիր. սո՛ւգ առցեն ամենայն բնակիչք նորա. և ելցէ իբրև զգետ վախճան նորա, և իջցէ իբրև զգետն Եգիպտացւոց։