Ամոսի մարգարեության մեկնություն 9։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«որպեսզի նրանք տիրեն Եդոմի մնացորդին և բոլոր այն ժողովուրդներին, որոնց մեջ կբարձրանա Իմ անունը»,−ասում է Տերը, որ ստեղծել է այս ամենը: (Սինոդական թարգ․)[12]
   
   Վերականգնվելով իր նախկին փառքից՝ Դավթի տունը և Իսրայելի ժողովուրդը կրկին տիրելու է այն բոլոր ազգերին, որոնց իշխում էին Դավիթ թագավորի օրոք։ Խոսքը մասնավորապես Եդոմի մասին է, որից միայն մնացորդ է մնալու (Ամոս. 1։11)։ Դավթի տունը և Իսրայելի ժողովուրդը իշխելու են  նաև այն բոլոր ժողովուրդներին, որոնց վրա «դրված է Տիրոջ անունը» (ռուսերեն տեքստում այս հատվածը հստակ չէ՝ «որոնց մեջ պետք է բարձրացվի Իմ անունը»,  նույն այս տարբերակն է նաև հայերեն տեքստում), այսինքն՝ այն ժողովուրդներին, որոնք ընդունում են Տիրոջն ու այդպիսով դառնում են Տիրոջ սեփականությունը (Բ Թագ. 12։28, Բ Օր. 28։10, Երեմ. 7։10): Յոթանասնիցում 12−րդ համարի միտքն այլ կերպ է փոխանցվում, քանի որ «ijrschu eth-scheerith edom» արտահայտությունն այստեղ, հավանաբար, ընթերցվել է իբրև «idrischuni («darasch»` «ուսումնասիրել, փնտրել» բառից) scheerith adam», որն էլ «δπως ἐκξήτησουσίν Με οί κατάλοιποι τῶν ἀνθρώπων» (սլավոներեն՝ «որպեսզի մնացած մարդիկ Ինձ փնտրեն») տարբերակով է թարգմանվել։ Այսպիսով՝ Յոթանասնիցի թարգմանության համաձայն՝ մարգարեն այստեղ խոսում է ոչ թե Իսրայելի՝ Եդոմին և մյուս ժողովուրդներին (երկրներին) տիրելու, այլ բոլոր ազգերի՝ դեպի Տերը դառնալու մասին: Յոթանասնիցի նմանատիպ ընթերցումն ամբողջությամբ համապատասխանում է 9−րդ գլխի համատեքստին, մարգարեական աշխարհընկալմանը համընկնող գաղափար է փոխանցում, ու հաստատվում է Հակոբոս առաքյալի խոսքերով, որն Ամոսի մարգարեության 9։12−րդ համարը մեջբերում է հենց հունարեն տարբերակով (Գործք. 15։15−17):

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) որպէսզի մնացած մարդիկ եւ բոլոր ազգերը, որոնց վրայ կայ իմ անունը, փնտռեն ինձ» - ասում է Տէրը, որ անում է սա:
(Արարատ թարգ․) որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։
(Գրաբար) Որպէս զի խնդրեսցեն զիս մնացորդք մարդկան. և ամենայն ազգք յորոց վերայ կոչեցեալ է անուն իմ. ասէ Տէր՝ որ առնէ զայս։