Անգեի մարգարեության մեկնություն 1։12

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

12-14. «Եվ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հոսեդեկի որդի Հեսուն ու մնացած ամբողջ ժողովուրդն անսացին իրենց Տեր Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքին, որպես ուղարկված Տեր Աստծու կողմից, և ժողովուրդը վախեցավ Տիրոջից։ [12] «Այնժամ Անգեն՝ Տիրոջ պատգամաբերը, որ ուղարկված էր Տիրոջ կողմից, ասաց ժողովրդին․ «Ես ձեզ հետ եմ,- ասում է Տերը»»։ «Եվ Տերն արթնացրեց Հուդայի կառավարիչ Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին, և Հոսեդեկի որդու՝ քահանայապետ Հեսուի հոգին, և ամբողջ ժողովրդի մնացորդի հոգին, և նրանք եկան ու սկսեցին աշխատել իրենց Աստծու՝ Զորությունների Տիրոջ տանը՝ Դարեհ արքայի երկրորդ տարում, վեցերորդ ամսվա քսանչորսերորդ օրը»։ (Սինոդական թարգ․)
   
    Մարգարեի պարզ և անպաճույճ, սակայն զորավոր ու համոզիչ խոսքը ցանկալի ազդեցություն գործեց ոչ միայն Զորաբաբելի և Հեսուի, այլև ամբողջ ժողովրդի վրա. «Մնացած ամբողջ ժողովուրդը» արտահայտության ներքո (եբր.` «քոլ−շեերիտ հաամ»՝ «ժողովրդի ամբողջ մնացորդը», Վուլգաթայում՝ omnes reliquiae populi) հասկացվում է «հրեա ժողովրդի այն ամբողջ մնացորդը, որը վերադարձել էր գերությունից և որը, ազգաբնակչության կամ պետության [քաղաքացիների] նախկին թվի համեմատ, իրապես կարող էր «մնացորդ» կոչվել: Այդ շրջանում այս արտահայտությունը դարձավ շատ տարածված ու ընդհանուր գործածության եզրույթ (Զաք. 8:6), որով մատնանշվում էին գերությունից վերադարձածները և, առհասարակ, Երուսաղեմում տեղի ունեցած աղետից և գերությունից փրկվածները»  (Մարտի. նշվ. աշխ. էջ 334): Անգե մարգարեի խոսքը խոր ազդեցություն ունեցավ նրա բոլոր ունկնդիրների վրա և ստիպեց նրանց խորհել իր միջոցով տրված հայտնության մասին: Սակայն այս ազդեցությունը չէր կարող նույն կերպ արտահայտվել մի կողմից՝ Զորաբաբելի և Հեսուի, իսկ մյուս կողմից՝ ժողովրդի մեջ: «Հարկ է ուշադրություն դարձնել այն բանին,− ասում է երանելի Հերոնիմոսը,−որ համաձայն Փրկչի կրկնակի նախատիպի՝ Զորաբաբելի որպես առաջնորդի, իսկ Հեսուի՝ որպես քահանայապետի (քանի որ Փրկիչը միևնույն ժամանակ և՛ Թագավոր է, և՛ Քահանայապետ), գրքում ոչ թե ասվում է, որ Զորաբաբելը և Հեսուն վախեցան, այլ ասվում է, որ թեև Զորաբաբելը, Հեսուն և ժողովուրդը ականջալուր եղան Անգե մարգարեի խոսքերին, որոնք Տիրոջ խոսքերն են, սակայն Տիրոջից վախեցավ միայն ժողովուրդը, այսինքն՝ միայն այն բազմությունը, որը դեռ չէր հասունացել ու դարձել որպես «կատարյալ այր»» (տե՛ս վերոհիշյալ ստեղծագործությունը, էջ 333): Ի պատասխան ժողովրդի վախի և շփոթմունքի (12−րդ համար), ինչպես նաև տաճարի կառուցման գործում նրանց նոր հնարավոր երկմտանքը կանխելու նպատակով, Անգե մարգարեն 13−րդ համարում հանդիսավոր կերպով հայտարարում է, որ ժողովուրդը մխիթարություն և քաջալերանք է ստանալու Տեր Աստծուց։ Մարգարեն կարծես այսպես է ասում. «Մի՛ կորցրեք ձեր քաջությունը, Ես ձեր գործակիցն ու օգնականն եմ» (տե՛ս երանելի Թեոդորիտոսի վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 61):

    Պահի խիստ կարևորությամբ և ժողովրդի ոգին բարձրացնելու անհրաժեշտությամբ է բացատրվում աստվածաշնչի համար մի փոքր անսովոր մարգարեի՝ «Տիրոջ պատգամաբեր» (եբր.՝ «մալեախ Եհովա») կոչվելու իրողությունը։ Այնուամենայնիվ, այս եզրույթի կիրառությունը մարգարեների նկատմամբ աստվածաշնչում բոլորովին բացառիկ երևույթ չէ։  Ընդհակառակը` հենց «պատգամաբեր» կոչումով են հիշատակվում այն բոլոր մարգարեները, որոնց մասին խոսվում է Բ Մնաց. 36:15-16 համարներում, նաև Ես․ 44:26-ում):

    Մեր մեկնության ներածական հատվածում մենք արդեն խոսել ենք քրիստոնեական հնագույն շրջանի մեկնողական ավանդության մեջ տարածված այն անընդունելի բացատրության մասին, ըստ որի Անգ. 1:13-ը իբր մատնանշում է մարգարեի հրեշտակային բնությունը: Մարգարեի հորդորներն ու խրախուսանքները, իսկ այնուհետև 14−րդ համարում հիշատակվող շինարարների ոգին բարձրացնելու ուղղությամբ Տիրոջ առանձնահատուկ ներգործությունը, վերջապես հաղթահարեցին տաճարի կառուցման առնչությամբ ժողովրդի ունեցած բոլոր տատանումները, և ժողովուրդը եռանդուն կերպով ձեռնամուխ եղավ վերակառուցման աշխատանքներին։ Որպես այդ աշխատանքների վերսկսման սկիզբ՝ 15−րդ համարում նշվում է վեցերորդ ամսվա 24−րդ օրը, այսինքն՝ տաճարի շինարարությունը վերսկսվել է Անգե մարգարեի առաջին քարոզից ընդամենը երեք շաբաթ անց (հմմտ. Անգ. 1:1):

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, եւ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացածները լսեցին իրենց Տէր Աստծու ձայնը եւ Անգէ մարգարէի պատգամները, ինչպես որ նրանց Տէր Աստուածը նրան ուղարկեց նրանց մօտ. եւ ժողովուրդը վախեցաւ Տիրոջից:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։
(Գրաբար) Եւ լուաւ Զորաբաբէլ որդի Սաղաթիելի յազգէ Յուդայ, եւ Յեսու Յովսեդեկեայ քահանայ մեծ, եւ ամենայն մնացորդք ժողովրդեանն՝ ձայնի Տեառն Աստուծոյ իւրեանց. եւ զպատգամս Անգէի մարգարէի, որպէս առաքեաց զնա Տէր Աստուած նոցա առ նոսա. եւ երկեաւ ժողովուրդն յերեսաց Տեառն։