Անգեի մարգարեության մեկնություն 1։5

Ա․ Լոպուխին

5-7․ Այդ իսկ պատճառով այսպես է ասում Զորությունների Տերը. «Դարձրեʹք ձեր սիրտը դեպի ձեր ճանապարհները»: [5] «Շատ էիք վարում, բայց քիչ էիք հավաքում, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, դա հավաքում էր ծակ տոպրակների մեջ»: Այսպես է ասում Զորությունների Տերը. «Դարձրեʹք ձեր սիրտը դեպի ձեր ճանապարհները»: (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն ժողովրդին ուղղված իրեն շատ հատուկ և հաճախ կիրառվող (տե՛ս 5−րդ և 7−րդ համարները) կոչով  առաջարկում է խորհել տաճարի շինարարության հետ կապված մարդկանց վերոնշյալ գործելակերպի (2−րդ և 4−րդ համարներ) հետևանքների մասին: Մարգարեն կարծես այսպես է ասում. «Առաջնորդվե՛ք առողջ մտքերով, դատավո՛ր եղեք ձեր ձեռնարկումներին և գիտակցե՛ք, թե ինչպիսի՜ տարբերություն կա աստվածայինի հանդեպ նախանձախնդրություն ցուցաբերելու և անփութություն ու անտարբերություն դրսևորելու մեջ» (տե՛ս Թեոդորետոս Երանելի, էջ 59): «Հետո ասում է, որ շատ սերմ վատնելով՝  նրանք շատ սակավ բերք են ստանում, ինչի պատճառով էլ մշտապես քաղցած են և ծարավ, և երբեք չեն հագենում, այլ ապրում են աղքատ և այնքան չքավոր են, որ նույնիսկ անհրաժեշտ հագուստներ չունեն» (տե՛ս երանելի Թեոդորետ, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 59): «Որևէ հաջողություն չեն ունենում այն մարդիկ, որոնք կառուցում են իրենց տները, սակայն անտարբերություն են ցուցաբերում Տիրոջ տան հանդեպ» (տե՛ս երանելի Հիերոնիմոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 325):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. դարձրէ՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհները:
(Արարատ թարգ․) Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։
(Գրաբար) Եւ արդ՝ այսպէս ասէ Տէր ամենակալ. Կարգեցէք զսիրտս ձեր ի ճանապարհս ձեր։