Ստեփանոս Սյունեցի
Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը:
Հետևյալ օրը այնտեղ տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը»:
Հիսուս, Ով նախապես ճանաչվեց [բազմության] մեջ կանգնած, Հովհաննեսի վկայությունից երեք օր հետո՝ երևաց [բազմությանը]: Իսկ հետևյալ օրը գալիս է Հովհաննեսի մոտ: «Հետևյալ օրը» ծագելու և լուսավորության խորհրդանիշն է: Հովհաննեսը լինելով մարդ, Քրիստոսին մատնանշում է իբրև Աստված, և լինելով ձայն՝ ակնարկում է Բանը:
Բազում կենդանիներ էին մատուցվում սեղանի վրա, չորքոտանիներ և թռչուններ, հորթ, ոչխար, այծ և եզ, խոյ, նոխազ, գառ, ուլ և [սրանցից] միայն գառը հիշվեց, որովհետև հաճախ էր մատուցվում սեղանի վրա [որպես] պատարագ: Նույնպես և Քրիստոս Իր անձը պատարագ մատուցեց Հորը, և ոչ թե մի կամ բազում ժամանակների համար, այլ մինչև աշխարհի վախճանը [Իր վրա] վերցնելով մեղավորների մեղքերը, որի համար ասվեց. «Որ [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29), և ոչ թե վեցրեց կամ վերցնելու է:
Մաղաքիա արք. Օրմանյան
29-34․ Հեաեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհեաեւ ինձնից առաջ կար: Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայանի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ: Եւ ես չէի ճանաչում նրան, սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրր Հոգով»: Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»:
Փարիսեցի պատգամավորները Բեթաբրայից մեկնում են Երուսաղեմ, ուր ժողովին պիտի հաղորդեն ժողովրդական խանդավառության, Հովհաննեսի ստացած դերի և ինքն իր մասին կատարած խոստովանությունների և տված բացատրությունների մասին:
Հաջորդ օրը Հովհաննեսը տեսնում է հեռվից իրեն մոտեցող Հիսուսին: Այդ գալուստը պետք է դնել անապատում քառասնօրյա պահեցողությունից և առանձնությունից հետո, երբ Հիսուս այդ տնօրինությունն ավարտած լինելով, կամաց-կամաց սկսում էր հասարակական գործունեություն ձեռնարկել։
Հովհաննեսը հազիվ թե Հիսուսին տեսնելով, իր չորս կողմը եղողներին ցույց է տալիս նրան՝ մատնանշում և բացահայտորեն վկայում, թե նա, ում մասին հաճախակի խոսել և մեծությունն ու կարողությունը բացատրել էր, սույն այս Հիսուս Նազովրեցին է, ում իրենք էլ մեկ անգամ տեսան, երբ նա մկրտվեց Հովհաննեսից: Աստված իրեն հայտնել էր, թե երբ մկրտության պահին տեսնի մեկին, ում վրա Սուրբ Հոգին է իջնում, հասկանա թե Նա է խոստացյալ Մեսիան, որ Սուրբ Հոգով մկրտելու իշխանություն ունի: Արդ՝ ինքը այս Հիսուս Նազովրեցուն մկրտելու պահին տեսել էր նրա վրա Սուրբ Հոգու իջնելը, այդ պատճառով կարող էր Նրա մասին վստահությամբ վկայել։ Հետևաբար, Հովհաննեսը սկսեց ազատ համարձակ քարոզել և հեռվից տեսնվող Հիսուսին ցույց տալով բարձրաձայն գոչել․ «Ահաւասիկ Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի» և դարձյալ, թե «Սա է Որդին Աստուծոյ»: Այս երկրորդ բացատրությունը մեկ ուրիշ անդրադարձն է երկնքից եկած աստվածային ձայնի. «Դա է Որդի իմ սիրելի» Մատթ. 3։17, որը Հովհաննեսը լսեց Հիսուսին մկրտելու ժամանակ և իր լսածն է, որ կրկնում է այստեղ, այն միացնելով Սուրբ Հոգու էջքի վկայության հետ: Արդեն Հիսուսի ով լինելու վկայության ժամանակ երկնային նշանները երկուսն էին' Հոգի Աստուծո երևումը և Հայր Աստուծո ձայնը:
Գալով Գառն Աստուծո բացատրությանը, ընդհանրապես ծանոթ է Քրիստոսի զատկական գառան նմանություն և օրինակ լինելը, որովհետև ինչպես զատկական գառը նշան եղավ փարավոնյան ծառայությունից հրեաների փրկվելուն, նույնպես Քրիստոս նշան եղավ մեղքի գերությունից մարդկության ազատվելուն: Այս իմաստով Պետրոս առաքյալը գրեց. «Գիտասջի՛ք, զի...փրկեցարուք... պատուական արեամբն Քրիստոսի իբրեւ ամբիծ եւ անարատ գառին» Ա Պետ. 1։19: Սակայն զատկական գառը նշանակ եղավ փրկության և ոչ թե մեղքը իր վրա վերցնողը միայն, ինչը որ ճշմարիտ կլիներ մեղքի համար արված զոհերի պարագային, քանզի օրենքում հրամայում էր մեկ ոչխար մատուցել մեղքի փոխարեն Ղևտ. 5։6: Բայց երբեմն զատկական գառն էլ է ոչխար կոչվում Ելք 12։3 և անսովոր պետք չէ նկատել ոչխար և գառ անունները անխտիր իրար փոխարեն գործածելը՝ զատկականը ոչխար, իսկ մեղքերի համար արվածը՝ գառ կոչելով:
«Գաոն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի» արտահայտությունը բացահայտ կերպով ակնարկում է Եսայու մարգարեությունը. «Նա զմեղս մեր բաոնայ... իբրեւ ոչխար ի սպանդ վարեցաւ․․․ եթէ տաջիք զվասն մեղացն...զմեղս նոցա նա վերացուսցէ» Ես. 53։ 4, 7, 10, 11: Հովհաննեսի տված Գառն Աստուծոյ անվանումը այլևս սովորական է դարձել Քրիստոսի համար և Հայտնության Գրքում Քրիստոս շարունակ Գառ է կոչվում և եկեղեցական արարողությունների մեջ էլ է այդ անվանումը հաճախ կրկնվում, որովհետև Քրիստոս է, որ Իր փրկագործությամբ «բառնայ զմեղս աշխարհի»՝ բառնայ բառի երկու առումներով, թե՛ մեղքերը աշխարհի վրայից վերցնելով և թե՛ աշխարհի մեղքերը իր վրա ստանձնելու իմաստներով: Եսային «Նա զմեղս մեր բառնայ» ասելուց հետո, երկու եղանակներն էլ հիշում է և հավելում. «Նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց» և «Նա զմեղս բազմաց վերացոյց»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: