Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:16

Մաղաքիա արք. Օրմանյան

16-21․ Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»»: Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»:
   
   Ժառանգության համար բողոքողի միջադեպն առիթ է ընծայում Հիսուսին՝ ընդարձակել Իր սիրած նյութը, որ է աշխարհի նյութական ունեցվածքի անարգությունը, որի մասին շատ գեղեցիկ խոսել էր հիմնականում Լեռան քարոզում (Մատթ. 6:19-34)։ Սակայն Ղուկասն այստեղ մի առակ է հիշում, որ ուրիշ տեղ գրված չէ։ Մի հարուստ ագարակատեր շատ ընդարձակ հողեր ուներ։ Մի տարի նրա արտերն արտասովոր առատությամբ բերք տվեցին, այնպես որ իր սովորական տարիների բերքի համար ունեցած շտեմարանները չպետք է բավականացնեին՝ տարվա բերքը պահելու համար։ Երբ ամենքը մտածում էին, թե ի՞նչ է անելու, ագարակատերն ասաց․ «Ես գիտեմ անելիքս․ չէ՞ որ շտեմարանները փոքր են, ուստի կքանդեմ դրանք և կկառուցեմ մեծերը, տարվա ողջ բերքը մեջը կլցնեմ, այլևս մտածելու, հոգալու հարկ չի լինի։ Օ՜, կասեմ ես ինձ, երջանիկ մա՜րդ, այլևս կարող ես նաև չաշխատել, մինչև կյանքիդ վերջը վայելելու ցորեն ունես, հանգիստ նստի՛ր, կե՛ր, խմի՛ր, պառկի՛ր, զվարճացի՛ր և ուրախ, զվարթ վայելիր կյանքդ»։ Հիսուս ավելացնում է․ « Աստված լսեց այս մեծատան խոսքերը և ծիծաղեց վրան։ Գիշերով երևաց նրան ու ասաց․ «Անմի՛տ մարդ, ողջ կյանքիդ համար քեզ հանգիստ ու վայելք ես խոստանում, բայց կարո՞ղ ես արդյոք քեզ կյանք էլ խոստանալ․ երբ այս գիշեր հոգիդ առնեմ ու մեռնես, մի՞թե ամբարածդ բարիքները քեզ օգտակար կլինեն»։ Հիսուս ավելացնում է առակի բարոյական իմաստը՝ ասելով․ «Ահա այսպես անմիտ է ցանկացած մարդ, ով իր երջանկությունը հիմնում է գանձերի, ինչքերի ու վայելքների վրա, զանց է անում իր համար երկնավոր գանձեր, հոգևոր հարստություններ ու վայելքներ ստեղծելը»։ Առակը պարզ է։ Առավել բացատրություն չի պահանջում։ Մենք էլ հարկ չենք համարում՝ ավելի երկարացնել։