Մաղաքիա արք. Օրմանյան
14-17․ Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին: Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է: Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն: Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի:
Հիսուսի պատմած առակը, որքան և կնճռոտ, սակայն բացահայտորեն դատապարտում էր նրանց, ովքեր իրենց ձեռքի տակ եղած նյութական միջոցներով հոգ չէին տանում օգնել ընկերոջը, այլ լոկ իրենց փափկակեցությանը ծառայեցնել և ագահության ու արծաթասիջության ճանապարհով քայլել։ Երբ փարիսեցիները այդ առակը լսեցին, ծայրն ուր գնալը կռահեցին և հանդիմանության իրենց ուղղված լինելը հասկացան և սկսեցին Հիսուսի ասածները քաշքշել և Նրան անարգել, «քանզի արծաթասէրք էին»,- ինչպես հայտնի կերպով գրում է Ավետարանը։ Հիսուս տեսնելով, որ փարիսեցիները աշխատում են ժողովրդի մտքերը հուզել և պարզամիտներին գայթակղեցնել, խոսքը նրանց դարձնելով, մի խիստ ու կտրուկ ոճով սկսեց նրանց կշտամբել. «Իզուր եք աշխատում, - ասաց, - մարդկանց աչքին ինքներդ ձեզ արդար ցույց տալ և առերևույթ ու կեղծավոր բարեգործություններով ժողովրդին խաբել, սակայն Աստված արտաքին տեսքից չի խաբվում։ Նա սրտագետ է։ Ձեր սիրտն ու միտքը տեսնում ու զննում է և գիտի, թե ինչ աղտեղություններով է լցված ձեր ներսը։ Ով ջանում է ինքն իրեն միայն մարդկանց առջև բարձր ցույց տալ, նա ստորին է Աստուծո դիմաց, և ով ջանում է ինքն իրեն մարդկանց աչքին սուրբ ցույց տալ, նա պիղծ է Աստուծո առջև»։
Եվ որովհետև փարիսեցիների հակառակության հիմնական շարժառիթը Հիսուսի Նոր Օրենքն ու Նոր Ուխտ քարոզել էր, և իրենք իրենց ուզում էին Հին Ուխտի և Հին Օրենքի պաշտպաններ ներկայացնել, հետևաբար, այս կետի նկատմամբ Հիսուս կտրուկ վերաբերմունք է ցույց տալիս, պատասխանելով, թե իրենց ջանքը անիմաստ է. «Օրենքն ու մարգարեները,-ասում է,- այսինքն՝ Մովսեսի օրենքների և մարգարեական պատգամներին ազդեցությունը իր ուժը կարողացավ պահել մինչև Հովհաննես Մկրտչի քարոզչության օրը։ Հովհաննեսի քարոզչության սկզբից Հին Ուխտը դադարեց և այդ օրվանից Երկնքի Արքայության Նոր Ուխտը սկսեց։ Այսուհետև ամեն ոք պարտավոր է հետևել Նոր Ուխտին և ա՛յդ նպատակի համար ամեն ջանք գործադրել»։
Վերջապես փարիսեցիների առջև ապագա հուսադրության ամեն դուռ փակելու համար ազդարարում է, որ չլինի թե հույս ունենան իրենց վիճակը փոխել կամ Հին Ուխտը նորից կենդանացել. «Ավելի հեշտ է,- ասում է,- երկինք ու երկիր իրար անցնեն ու կործանվեն, քան թե Նոր Ուխտի համար քարոզված ճշմարտություններից մի տառ կամ մի կետ անտեսվի»։
Այստեղ պետք է դիտել տալ, որ Հիսուսի խոսքերը սկզբունքի հիմքով են ասված ավելի, քան թե գործադրութեան։ Ճիշտ է, թե Նոր Ուխտը սկսեց այն օրից, երբ Հովհաննեսը սկսեց քարոզել, թե «Մերձեալ է Արքայութիւն Երկնից» Մատթ. 3:2, բայց իրապես և ոչ իրապես, սկիզբով և ոչ արդյունքով, որովհետև հնարավոր չէր, որ փոփոխությունը մեկ վայրկյանում ավարտվեր։ Եվ Հիսուս, թեպետ Ինքն էլ ամեն պարագայում Հին Ուխտի դադարումը քարոզեց և Հին Ուխտի պաշտպանների դեմ դուրս եկավ, բայց մինչև Իր կյանքի վերջը Հին Ուխտի օրենքները պահեց և հրամաններին համակերպվեց ու յուրայիններին էլ նույնը պատվիրեց, մինչև որ իր մահից ու հարությունից հետո, կամաց-կամաց Հին Ուխտի օրենքների ուժը սկսեց տկարանալ և դադարեց տաճարի կործանմամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: