Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 19:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-10․ Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր:  Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ,  ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»:
   
    Քաղաք մտնելով, Հիսուս անցնում էր գլխավոր փողոցով՝ շրջապատված բազմությամբ և փառաբանվելով ժողովրդի կողմից: Յուրաքանչյուրը ձգտում էր Իրեն մոտենալ, ազաչանքով դիմել, գուցե և բժշկություն խնդրել: Երիքովում բնակվում էր հարուստ ու պատվավոր մի մաքսապետ Զակքեոս անունով: Սա էլ էր ցանկանում Հիսուս Նազովրեցի կոչված անձին մոտիկից ճանաչել:
    Լսել էր, որ բարեգործ է, մաքսավորներից չի խորշում, այլ կարեկցում է և անուղղակիորեն պաշտպանում, ինչը հեռվից հեռու համակրանք էր առաջացրել Նրա նկատմամբ: Ուզում էր Հիսուսին մոտենալ, բայց իր չափազանց կարճ հասակի պատճառով կորչում էր բազմության մեջ: Մտածեց Հիսուսից առաջ անցնի և ճանապարհին աճող ժանտաթզենու կամ մոլաթզենու վրա բարձրանալով, ավելի լավ կարողանա դիտել:
    Հիսուս, ծառի մոտով անցնելիս, վեր նայեց, տեսավ Զակքեոսին և ճանաչեց: Եթե մինչ այդ նարանք հանդիպած լինեին, Զակքեոսն այդքան ջանք չէր թափի՝ անպայման Հիսուսին տեսնելու: Բայց Հիսուսին անծանոթ չպիտի լիներ Երիքովի հարուստ ու կարճահասակ մաքսապետը, իր բարի մտադրվածությամբ: Հիսուս վեր նայելով և մաքսապետին անունով դիմելով, ասում է. «Զակքեոս, շուտ իջիր ներքև, այլևս անհանգստանալու կարիք չունես, այս երեկո քո տանը պիտի գիշերեմ: Այնտեղ էլկտեսնես ինձ և կտեսակցենք»: Մաքսապետը ծառից վայր է իջնում, ուրախությունից շփոթված, Հիսուսին հարգալից շնորհակալություն և երախտագիտություն է հայտնում իրեն ընծայած մեծ պատվի համար և Հիսուսին, առաքյալների հետ միասին, առաջնորդում իր տունը, ուր ստեղծում է հյուրերին մեծարելու բոլոր պայմանները. Ոտքերն է լվանում, հանգստանալու հնարավորություն տալիս, սեղան պատրաստում և ամեն կերպ պատվում: Մինչ Զակքեան ու իր մաքսավոր բարեկամներն ուրախանում էին այդ պատվի համար, որ ժողովրդի աչքին իրենց հարգանքն ու պատիվն էր բարձրացնում, ժողովրդի միջից շատերը, փարիսեցիների թելադրանքով, սկսեցին դիտողություն անել, թե ինչու՞ է ուտուևմ և գիշերում մեղավոր մաքսավորի պղծված տանը, մի՞թե Երիքովում չկային օրինապահ և սրբապահ մարդիկ, որոնց տանը կարելի էր գիշերել: Զակքեոսի ականջին հասան այս գանգատները, որ հնչում էին որպես մեղադրանք, և վիրավորանք հասցնում իր անձնական պատվին: Գուցե իր պաշտոնի բերմամբ ոմանց հետ խիստ էր վարվել, ոմանց համար անիրավ եղել, բայց իր սրտի տրամադրությունը ուղիղ էր և օրենքի հարգը ինքն էլ էր ճանաչում: Տրտնջացողներին լռեցնելու միտումով, իսկույն ներկայացնում է Հիսուսին և ի լուր բոլորի, համարձակ հայտարարում. «Ես նույնպես ճանաչում եմ օրենքը, ես նույնպես հարգում եմ Աստծու պատվիրանները, բայց տկար մարդ եմ, գործս էլ բոլորին հաճելի չէ, բոլորի կողմից մեղավոր եմ համարվում: Սակայն պատրաստ եմ հատուցել բոլորին իմ հասցրած վնասի դիմաց: Եթե մեկին զրկել եմ, թող գա և հաստատի այդ, և ես քառապատիկը կվճարեմ նրան: Եթե մեղադրում են, որ աղքատներին չեմ օգնել, պատրաստ եմ ունեցածս հարստության կեսը անմիջապես բաժանել աղքատներին: Սա է իմ հոժարակամ և անկեղծ պատրաստակամությունս: Քեզ եմ հանձնում, Տեր, ինչ-որ պետք է քննել, դատել, և սպասում եմ հրամանիդ»: Հիսուս գնահատելով նրա պատրաստակամությունը, հավանություն է տալիս Զակքեոսի ասածին, օրհնում նրան և ասում. «Այսօր հեռացավ մեղքը այս տնից, այսօր այս տանը հոգևոր փրկություն տեղի ունեցավ: Հիմա գործով հաստատվեց, որ այս Զակքեոսն էլ, մաքսապետ լինելով հանդերձ, Աբրահամի հարազատ զավակն է նահապետի հավատքի հավատարիմ հետևողը: Այս է Մարդու Որդու իրական կոչումը և նրա առքման բուն նպատակը: Նա եկել է ոչ թե դատապարտելով ու պատժելով հոգիները կորստյան մատնելու, այլ իր քարոզությամբ և շնորհիվ մեղավորներին փնտրելու, կորածներին գտնելու և հոգով մեռածներին կենդանացնելու»:
    Անշուշտ, Հիսուսի արած այս եզրակացությունը և Զակքեոսի դիրքը լռեցրեց տրտնջացողներին, և մեկ անգամ էլ Նրա քարոզությունների նշանակությունը բարձրացրեց: