Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

16-17․ «Եվ մկրտվելով` Հիսուս իսկույն դուրս ելավ ջրից, և ահա, երկինքը բացվեց Նրա առջև, և Հովհաննեսը տեսավ Աստծո Հոգին, Որն աղավնակերպ իջնում էր ու հանգչում Նրա վրա։ Եվ ահա, երկնքից մի ձայն լսվեց, որն ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին, Որն ունի Իմ բարեհաճությունը»։
   
   Բնականաբար, ժողովուրդը Հովհաննեսին ավելի շատ էր հարգում, քան Քրիստոսին։ Բանն այն էր, որ Հովհաննեսն իր ամբողջ կյանքն անցկացրել էր անապատում, քահանայի որդի էր, ոչ սովորական (տարբերվող) հագուստ էր կրում, բոլորին կանչում էր մկրտության և, որ ամենահատկանշականն էր, ծնվել էր չբեր կնոջից։ Մինչդեռ Հիսուս ծնվել էր մի անհայտ աղջնակից (Սուրբ Կույսից ծնված լինելու իրողությունը դեռևս բոլորին հայտնի չէր), դաստիարակվել էր տանը, բոլորի հետ էլ շփվում էր և սովորական հագուստ էր կրում։ Եվ քանի որ դեռևս ոչ ոք չգիտեր աստվածային տնօրինության անպատմելի խորհուրդների մասին, ուստի հրեաները, բնականորեն, Քրիստոսին ավելի ցածր պատիվ էին հատկացնում։ Իսկ այն, որ Հիսուս մկրտվեր Հովհաննեսի ձեռքով, կարող էր առավելաբար հաստատել հրեաների այս տեսակետը` նույնիսկ եթե նրանք ուրիշ դրդապատճառներ չունենային էլ դրա համար։ Նրանք (հրեաները) Հիսուսի մասին այն կարծիքին էին, որ Հիսուս ևս սովորական մարդկանցից մեկն էր։ Չէ՞ որ եթե Նա արտասովոր մարդ լիներ, - տրամաբանում էին հրեաները, - մյուսների նման չէր գա մկրտվելու։
   Իսկ ահա Հովհաննեսը, ընդհակառակը, հրեաների աչքերում շատ ավելի մեծահամբավ ու զարմանահրաշ էր, քան Հիսուս։ Ահա թե ինչու, որպեսզի այդօրինակ միտքը չտարածվեր ժողովրդի մեջ, Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո երկինքը բացվեց, Սուրբ Հոգին իջավ, և Սուրբ Հոգու էջքի հետ մեկտեղ մի ձայն հռչակեց Հիսուսի` Աստծո Միածին Որդին լինելու պատվի մասին։ Եվ շատերին թվաց, թե այս՝ «Դա է Իմ սիրելի Որդին» խոսքը վերաբերում էր Հովհաննեսին, որովհետև այս խոսքում չավելացվեց՝ «Նա´, Ով մկրտվում է», այլ պարզապես ասվեց՝ «Դա է…»։ Ամենքն էլ բնականորեն այդ խոսքերը վերագրեցին Հովհաննեսին, քանի որ Հովհաննես Մկրտիչը թե´ իր արժանավորությամբ, և թե՛ վերոնշյալ մյուս բոլոր հանգամանքներով ունկնդիրների աչքին առավել էր թվում: Այս իսկ պատճառով էլ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ` Աստծո ձայնը հասցեագրելով Հիսուսին և բոլորին ցույց տալով, որ «Դա է» խոսքն ասվել էր ոչ թե մկրտող Հովհաննեսի, այլ մկրտվող Հիսուսի´ մասին։
Այդ դեպքում ուրեմն ինչո՞ւ, - կհարցնեք դուք, - չնայած այս իրադարձությանը` հրեաները չհավատացին Նրան։ Իրենց խստասրտությա´ն պատճառով։ Ճիշտ նույն կերպ նաև Մովսեսի ժամանակներում, թեպետ շատ հրաշքներ (թեև ոչ այնքան մեծ, որքան Հիսուսի օրոք) տեղի ունեցան, սակայն ժողովուրդն այդ բոլոր հրաշքներից, գոչյուններից, շեփորահարությունից ու կայծակից հետո իր համար հորթ կերտեց և պաշտամունք մատուցեց Բելֆեգորին։ Այդպես նաև, այն նույն մարդիկ, որոնք ներկա էին եղել Հիսուսի մկրտությանը, հետագայում տեսան Ղազարոսի հարությունը ևս, սակայն, այսուամենայնիվ, նրանք ոչ միայն չհավատացին Նրան, Ով գործել էր այդ հրաշքը, այլև բազմիցս փորձում էին սպանել Հիսուսին։
   Այսպիսով, եթե հրեաները, իրենց աչքերով մեռելների հարությանն ականատես լինելով հանդերձ, այդքան համառորեն շարունակեցին հարատևել չարիքի և անհավատության մեջ, ապա ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ նրանք չհավատացին ի վերուստ հնչող ձայնին։ Երբ հոգին անզգայության և ապականության վիճակում է և տարված է նախանձի հիվանդագին մոլուցքով, ապա այն չի կարող հավատալ գեթ ոչ մի հրաշքի։ Եվ ընդհակառակը, եթե հոգին երախտապարտ է, ապա նա ամեն ինչ ընդունում է հավատքով ու նույնիսկ հրաշքների կարիք առանձնապես չի էլ ունենում։ Ուրեմն մի՛ հարցրու, թե հրեաներն ինչու չէին հավատում, այլ խորապես քննի´ր, թե արդյոք անհրաժեշտ ամեն բան արված չէ՞ր, որպեսզի նրանք հավատքի դառնային։ Այն, որ դա հենց այդպես էր, մատնացույց է անում Ինքը` Աստված, երբ մարգարեի շուրթերով խոսելով` հավաստիացնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ արված էր հրեաների բարօրության համար։ Երբ հրեաներին սպառնում էր կործանումն ու անհաղթահարելի պատիժը, այդժամ, որպեսզի ոչ ոք Աստծո Նախախնամությանը չմեղադրեր իրենց սեփական ապականվածության համար, Աստված Ինքն է ասում. «Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ չարեցի» (Ես. 5։4): Այդպես այստեղ նույնպես խորհի´ր, թե արդյոք էլ ի՞նչ պետք է լիներ, որ չկար։
   Երբ էլ որ Աստծու նախախնամության վերաբերյալ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան, ինքնապաշտպանության այս եղանակը մշտապես օգտագործի´ր նրանց դեմ, ովքեր համարձակվում են Տիրոջը մեղադրել մարդկանց` արատավոր լինելու համար։ Նայի´ր, թե ինչպիսի հրաշքներ են տեղի ունենում և գալիքի մասին կանխասահմանող ինչպիսի ակունքներ են բացահայտվում. ի վերջո, բացվում է երկինքը (թեև ոչ` դրախտը)։ Բոլոր դեպքերում, եկեք հրեաների դեմ ելույթը հետաձգենք մեկ այլ պատեհ ժամանակի, իսկ հիմա, Աստծո օգնականությամբ, անցնենք առաջ։
   «Եվ մկրտվելով` Հիսուս իսկույն դուրս ելավ ջրից, և ահա, երկինքը բացվեց Նրա առջև»։ Երկինքն ինչո՞ւ բացվեց։ Որպեսզի դու իմանաս, որ նույն բանը տեղի է ունենում նաև քո´ մկրտության ժամանակ։ Այդ ժամանակ Աստված քեզ կանչում է քո երկնային հայրենիք և քեզ տրամադրում է այլևս ոչ մի ընդհանուր բան չունենալ այս երկրի հետ։ Դու դա չես տեսնում, բայց չնայած դրան, կասկած մի՛ ունեցիր դրանում։ Հոգևոր զարմանահրաշ երևույթների մասին զգայական տեսիլքներն ու նմանատիպ բոլոր նշանները հայտնվում են միայն սկզբում, և դա էլ՝ խստասիրտ մարդկանց և նրա´նց համար, ովքեր ունակ չեն պատկերացնել անմարմին էակի մասին որևէ գաղափար և սքանչանում են միայն տեսանելիով, և այդ իսկ պատճառով էլ կարիք են զգում զգայական տեսիլքների։ Սակայն դա նաև տեղի է ունենում ա´յն նպատակով, որպեսզի հավատքով ընդունվի այն, ինչը մի ժամանակ, սկզբնապես հաստատվել էր հրաշքներով (նույնիսկ եթե հետագայում այդ հրաշքները դադարել էին տեղի ունենալ)։
   Այս կերպ նաև, առաքյալների հավաքի ժամանակ ուժեղ քամու ձայն լսվեց, և հայտնվեցին կրակե լեզուների տեսիլքներ, սակայն այդ ամենը ոչ թե առաքյալների, այլ նրանց հետ գտնվող հրեաների համար էր։ Ի դեպ, մենք նույնպես ընդունում ենք այն, ինչը մի ժամանակ հաստատվել է հրաշքներով (եթե նույնիսկ տեսանելի նշաններն այլևս բացակայում են)։
   Այսպես էլ նաև Մկրտության ժամանակ աղավնին հայտնվեց, որպեսզի թե´ ներկաներին և թե´ Հովհաննեսին բառիս բուն իմաստով մատնացույց աներ Աստծո Որդուն ու, միևնույն ժամանակ, որպեսզի դու նույնպես իմանաս, որ երբ մկրտվում ես, Սուրբ Հոգին իջնում է նաև քե´զ վրա։ Բայց մենք այլևս կարիք չունենք զգայական տեսիլքների, քանի որ մեզ համար բոլոր նշանների փոխարեն բավարար է միայն հավատք ունենալը։ Նշանները «նախատեսված» են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար։
   Իսկ ինչո՞ւ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու կերպարանքով։ Որովհետև աղավնին հեզ և անարատ կենդանի է։ Եվ քանի որ Սուրբ Հոգին հեզության Հոգին է, ուստի Նա հայտնվեց հենց այս կերպարանքով։ Դեռ ավելին, այսպիսի էջքը մեզ հիշեցնում է մի հին պատմություն։ Երբ համաշխարհային ջրհեղեղը ջրի տակ ծածկեց ամբողջ աշխարհը, և մեր (մարդկային) ցեղը ենթակա դարձավ լիակատար ոչնչացման վտանգին, այդ ժամանակ ևս հայտնվեց այս թռչունն ու ազդարարեց ջրհեղեղի ավարտը և, ձիթենու ճյուղ բերելով, այդպիսով ավետեց ողջ աշխարհին տիրած համընդհանուր խաղաղության (ջրերը ցամաքելու) ավետիսը։ Այդ ամենը ապագայի նախատիպն էր։ Այն ժամանակ մարդիկ ավելի վատ վիճակում էին և շատ ավելի մեծ պատժի էին արժանի։ Ուստի, որպեսզի դու չհուսահատվես, Սուրբ Գիրքն այս պատմությունն է հիշեցնում քեզ։
   Նույնիսկ այդ ժամանակ (Նոյի օրերում), չնայած մարդկությունն ամենածանր կացության մեջ էր, սակայն մարդիկ որոշակիորեն ազատվեցին աղետներից և աշխարհը վերականգնվեց։ Այն ժամանակ դա տեղի ունեցավ պատժի միջոցով, ակայն այժմ՝ անպատմելի շնորհների և պարգևների միջոցով։ Ահա թե ինչու այս անգամ արդեն աղավնին չի հայտնվում` կտուցին ձիթենու ճյուղի բռնած, այլ հայտնվում է` մեզ մատնացույց անելով բոլոր չարիքներից Ազատողին, ու այդպիսով բարի հույսեր է շնորհում մեզ։
   Այս անգամ աղավնին ոչ թե միայն մեկ մարդու է դուրս բերում տապանից, այլև ամբողջ տիեզերքն է բարձրացնում դեպի երկինք, և ձիթենու ճյուղի փոխարեն Աստծուն որդեգրության շնորհն է պարգևում ամբողջ մարդկությանը։ Այս շնորհի մեծությունը պատկերացնելով՝ քո մտքում մի՛ նսեմացրու Սուրբ Հոգու արժանավորությունը միայն այն պատճառով, որ Նա հայտնվեց այսպիսի կերպարանքով (աղավնակերպ)։ Ես լսել եմ, թե ոմանք ինչպես են ասում, որ Քրիստոսի և Սուրբ Հոգու միջև առկա է այնպիսի մի տարբերություն, ինչն առկա է մարդու և աղավնու միջև, քանի որ առաջինը (Քրիստոս) հայտնվեց մարդկային բնությամբ, իսկ երկրորդը (Սուրբ Հոգին)՝ աղավնու կերպարանքով։ Ի՞նչ կարող ենք ասել այս մասին։ Ա´յն, որ Աստծու Որդին վերցրեց մարդկային բնությունը, մինչդեռ Սուրբ Հոգին աղավնու բնությունը չվերցրեց։ Ահա´ թե ինչու ավետարանիչը չասաց՝ «աղավնու բնությամբ», այլ` «աղավնու կերպարանքո´վ»։ Այո՛, բացառությամբ այս դեպքի, հետագայում երբեք Սուրբ Հոգին նմանօրինակ կերպարանքով չհայտնվեց։ Ավելին, եթե դու միայն այս պատճառով Սուրբ Հոգուն ըստ արժանավորության ավելի ցածր ես համարում, ապա այդ դեպքում` միևնույն իսկ պատճառաբանությամբ, քերովբեները ևս Սուրբ Հոգուց ավելի բարձր պետք է դասվեն, և դեռ՝ այնքա´ն անգամ ավելի, որքան արծիվն է աղավնուց ավելի «արժանավոր», քանի որ նրանք (քերովբեները) հայտնվեցին հենց արծվի կերպարանքով։
   Այդ նույն տրամաբանությամբ հրեշտակները նույնպես Սուրբ Հոգուց ավելի արժանավոր պիտի դիտվեն, քանի որ նրանք (հրեշտակները) չափազանց հաճախ հայտնվել են հենց մարդկայի´ն կերպարանքով։ Սակայն քավ լիցի, թե այդպես է, քա´վ լիցի: Մի բան է ճշմարտապես մարդանալը, և մեկ այլ բան՝ որոշ ժամանակով միայն որևէ կերպարանքով հանդես գալը։ Ուրեմն, երախտամոռ մի՛ եղիր քո Պարգևատուի նկատմամբ և քեզ շնորհված բարու փոխարեն չարով մի՛ հատուցի Նրան, Ով քեզ երանության աղբյուրն է ընծայել։
   Որտեղ որդեգրության շնորհն է, այնտե´ղ է բոլոր տեսակի չարիքների ոչնչացումն ու բոլոր օրհնությունների շնորհումը։ Ահա թե ինչու է «չեղարկվում» հրեական մկրտությունը, և սկզբնավորվում է մերը (քրիստոնեական մկրտությունը)։ Այն, ինչ պատահեց Զատկի հետ, այդ նույնը պատահում է նաև մկրտության հետ։ Ինչպես այնտեղ Քրիստոս, երկու Զատիկներն էլ տոնելով` մեկը չեղյալ հայտարարեց, իսկ մյուսի սկիզբը դրեց, այդպես էլ այստեղ, հրեական մկրտությունը կատարելով` Նա այդպիսով դուռ բացեց նորկտակարանյան Եկեղեցու մկրտության համար։ Ինչպես այնտեղ` մեկ ընթրիքի ժամանակ, այդպես էլ այստեղ՝ մեկ գետում մկրտվելով, Քրիստոս և՛ ստվերը գծագրեց, և՛ ճշմարտությունը պատկերագրեց։ Միայն մեր (քրիստոնեական) մկրտությունն ունի Սուրբ Հոգու շնորհը. Հովհաննեսի մկրտությունն այդ շնորհը չուներ։ Ահա թե ինչու նման բան տեղի չունեցավ այլ մարդկանց մկրտության ժամանակ, այլ դա եղավ միայն Նրա Մկրտության պահին, Ով Ինքը պետք է փոխանցեր այդ շնորհը, որպեսզի դու, բացի վերը նշվածից, նաև ա´յն իմանաս, որ այս շնորհատվությունը ոչ թե մկրտողի (Հովհաննես Մկրտչի) մաքրության, այլ Մկրտվողի (Հիսուս Քրիստոսի) զորության շնորհիվ եղավ։
   Այդ ժամանակ նաև երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին իջավ։ Այդպիսով Քրիստոս մեզ մեր հին կենսակերպից առաջնորդում է դեպի նորը՝ մեզ համար բացելով երկնքի դարպասները և այնտեղից իջեցնելով Սուրբ Հոգուն, Որը և մեզ կանչում է դեպի երկնային հայրենիքը։ Եվ ո´չ միայն կանչում է, այլ նաև մեզ զգեստավորում է վսեմագույն արժանավորությամբ. մեզ դարձնում է ո´չ թե հրեշտակներ և հրեշտակապետեր, այլ Աստծու սիրելի որդիներ։ Այդպիսով Սուրբ Հոգուն մեզ առաջնորդում է դեպի այդ երկնային հարստությունը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ:
   
   Եվ երբ Հիսուսը մկրտվեց, իսկույն դուրս ելավ ջրից:
   Ավետարանիչը նախ ասաց, որ մկրտվածները մեղքերը խոստովանում էին մկրտվելուց հետո և նախքան ջրից դուրս գալը, ինչպես գրված է, բայց Տերը, քանի որ «մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում» (Ա Պետ. 2։22) և նաև վկայվեց իբրև Աստծո Գառ, որն [իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը (Հովհ. 1։29), այդ պատճառով էլ [ավետարանիչը] միայն չի [գրում] Հորդանանից Նրա դուրս գալու մասին, այլև ավելացնում է «իսկույն»–ը, որն ավելորդ կլիներ գործածել, եթե ոչ՝ նշածս պատճառով:

   Եվ ահա երկինքը բացվեց Նրա համար
Նորանշան դեպք պատահեց. որովհետև այն ժամանակից ի վեր, որ [երկինքը] փակվեց առաջին Ադամի պատճառով, [այլևս] չբացվեց, մինչև նրա մեղքը չվերացվեց այս երկրորդ Ադամի մկրտությամբ: Այս պարգևն այն պատժից ավելի մեծ էր. որովհետև այնտեղ փակվեց դրախտի դուռը, իսկ այստեղ բացվեց երկնքի արքայությունը: Այդ պատճառով էլ [ավետարանիչը] չի ասում լոկ «բացվեց», այլ՝ «Նրա համար»՝ ո՛չ ըստ Նրա աստվածության, որը միշտ Հոր հետ էր, այլ ըստ մեր բնության: Սա նշանակում է, որ Հայրը հանուն Նրա՛ հաշտվեց մարդկության հետ և բացեց երկինքը՝ հրավիրելով ամենքին մտնել այնտեղ ու [երկնքի արքայության] ժառանգորդ դառնալ Իր Որդու մկրտությամբ, որն [այստեղ] սկսեց:

   Եվ [Հովհաննեսը] տեսավ,ասում է [ավետարանիչը],– որ Աստծո Հոգին աղավնու տեսքով իջնում ու գալիս էր Նրա վրա:
   Ինչ նշան որ Հայրը տվել էր Հովհաննեսին անապատում, այն էլ տեսնում է այժմ, քանզի [Հայրն] ասել էր. «Ում վրա տեսնես, որ իջնում է Հոգին, Նա՛ է մկրտում Սուրբ Հոգով ու կրակով» (Հովհ. 1։33):

   Բայց ի՞նչ կարիք կար, որ [Սուրբ] Հոգին տեսանելի կերպարանքով իջներ, երբ Հոգին միշտ Նրա հետ էր և Նրանն էր, ինչպես Հորը: Պատճառն այն է, որ հրեաները Հովհաննեսին մեծ [անձնավորություն] էին կարծում անապատում բնակվելու, քահանայապետի որդի լինելու, ամուլ արգանդից ծնված լինելու, կոպիտ զգեստ կրելու և այն պատճառով, որ ամենքը մկրտվում էին նրանից, իսկ Քրիստոսին համարում էին մի սովորական աղջկանից ծնված (որ Նա կույսից էր [ծնվել], այդ ժամանակ հայտնի չէր), հատկապես որ տանն էր մեծացել և բոլորի պես էր հագնվում, այլև որ նաև մկրտվեց Հովհաննեսից, ինչն առավել էր հաստատում նրանց կարծիքը [Հիսուսի] վերաբերյալ: Որովհետև ասում էին. «Եթե բազմությունից մեկը չլիներ, բազմության հետ չէր գա մկրտվելու»: Ուստի, որպեսզի այսպիսի բաներ չմտածեին, Հիսուսի մկրտության ժամանակ երկինքը բացվեց, Հոգին իջավ, և Հայրը Հոգու հետ հայտնեց [Հիսուսի] մասին. «Դա է Իմ սիրելի Որդին», որպեսզի նաև դո՛ւ հավատաս, որ քո մկրտության ժամանակ նույնպես իջնում է Հոգին, ինչպես Նրա, միայն թե ո՛չ այդպես բացահայտորեն: Սրա պատճառով մի՛ տարակուսիր, որովհետև Աստված սովորաբար բոլոր աստվածային պարգևները սկզբում հրաշքի միջոցով է ցույց տալիս (ինչպես երբ առաջին Օրենքը տվեց տարբեր զարմանալի [իրադարձություններով], առաքյալների՝ [Սուրբ] Հոգով մկրտությունը [կատարեց] սաստիկ քամու միջոցով ու հրեղեն լեզվակներով), բայց հետո նույն կերպ [չի վարվում], թեև Հոգին նույնն է:

   Իսկ ինչո՞ւ աղավնու տեսքով [իջավ Հոգին]: Որովհետև այդ թռչունը զգոն 1 է և հանդարտ, իսկ [Սուրբ] Հոգին «հեզության Հոգի» է կոչվում: Նաև որպեսզի հիշեցնի այն վաղնջական օրինակը, որ երբ ամբողջ աշխարհի վրա ջրհեղեղ եղավ, այդ ժամանակ այդ նույն թռչունը ջրհեղեղի ավարտի ավետիսը բերեց՝ բերանում պահելով ձիթենու տերև (Ծննդ. 8։8-12) ՝ իբրև կյանքի առհավատչյա: [Այդ աղավնին] նման էր այս աստվածային Աղավնուն, Որը ձիթենու տերևի փոխարեն մարդկային ցեղին բերեց ազատություն և որդեգրություն՝ Հորից սուրբ յուղով  2 օծման միջոցով, ինչպես և պատմում է ավետարանիչը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

   Եւ երր Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ, եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղաւնի եւ գալիս էր իր վրայ:
   
   ՛Տես Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:13