Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Եվ ահա, երկնքից մի ձայն լսվեց, որն ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին, Որն ունի Իմ բարեհաճությունը»։
   
    Քանի որ Հովհաննեսը մկրտողն էր, իսկ Քրիստոս էլ` մկրտվողը, ուստի, որպեսզի [հրեաները], մարդկային չափանիշներով դատելով, մկրտողին մկրտվողից ավելի բարձր չհամարեն, մի ձայն հնչեց և հստակ տարբերակում մտցրեց մկրտողի և Մկրտվողի միջև (Մկրտվողին` Քրիստոսին, ավելի բարձր դասելով)։ Եվ քանի որ հայտնի չէր, թե երկնքից հնչող ձայնն ում մասին էր վկայում, ուստի Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ՝ այդ ձայնը հասցեագրելով Քրիստոսին։
    Ու չնայած որ [Հայրը] Նրա` [Հիսուս Քրիստոսի] մասին հռչակեց երկնային ձայնով և Նրան`[Հիսուս Քրիստոսին] մատնացույց արեց Սուրբ Հոգու իջմամբ, դրանից բացի նաև Հովհաննե´սն աղաղակեց. «…Որի կոշիկների կապերն արձակելուն իսկ արժանի չեմ ես» (հմմտ. Ղուկ. 3։16): Կային շատ այլ վկայություններ էլ՝ թե՛ խոսքերով և թե՛ գործերով։ Սակայն հրեաները կույր էին այս բոլոր վկայությունների առջև, իսկ ավելի ճիշտ՝ նրանք ամեն ինչ տեսնում էին, սակայն չէին հավատում ոչնչի՝ ո՛չ խոսքերին, ո՛չ գործերին, և դա ա´յն պատճառով, քանի որ նրանց սրտերը տարված էին մարդկային փառքի հանդեպ խելագար մոլուցքով։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:16
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
   
    Եվ ահա երկնքից ձայն հնչեց, որն ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Ում հաճեցի»:
Մեր մարդկային բնության հույսն ու ցանկությունը գերազանցող բարիքներ տեսնվեցին այդ ժամանակ: Որովհետև Երրորդության՝ հավիտյաններից  145 ու սերունդներից ծածկված խորհուրդը հայտնվեց Հորդանանում: Հայրն ի վերուստ [ձայնելով] վկայեց, Որդին՝ մկրտությամբ, իսկ Հոգին՝ աղավնակերպ իջմամբ: Եվ ուրիշ ի՞նչ էր սա, եթե ոչ՝ նոր արարչագործության սկիզբ, ո՛չ թե տեսանելի [արարածների], այլ մարդկանց աներևույթ հոգիների: Ո՛չ թե անգոյությունից գոյության բերելով, այլ գոյացածներին ու մեղքի ապականությամբ եղծվածներին նորոգելով: Ինչպես որ առաջին արարչության ժամանակ արարածները Երրորդության կողմից ստեղծվեցին (Հոր խոսքով [եղավ] լույսը, երբ ասաց. «Թող լույս լինի» (Ծննդ. 1։3), լույսից հետո «Տիրոջ խոսքով երկինքը հաստատվեց» (Սաղմ. 32։6), իսկ Հոգով՝ որովհետև «շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1։2)), և մեկ Աստվածությամբբոլոր էակները ստեղծվեցին ոչնչից, մանավանդ մարդը, ով Երեքի խորհրդակցությամբ ստեղծվեց միասնական [Աստվածության] պատկերով, այդպես էլ այժմ, քանի որ հին Ադամը եղծվել էր, Հոր հնչեցրած խոսքը, իմանալի լույսի ծագմամբ, Իրեն լսողների հոգիները դարձյալ կերտեց Իր աստվածության պատկերով: Բայց ո՛չ բոլորինը, այլ նրանցը, ովքեր, Հոր խոսքի վկայության համաձայն, Քրիստոսին Աստծո Որդի են դավանում: Իսկ ովքեր լսեցին Հոր հնչեցրած խոսքը, բայց ո՛չ ներքին ականջներով, և տեսան Հոգին, բայց ո՛չ մտքի աչքերով, քանի որ չհավատացին Հոր և Հոգու կողմից վկայված Աստծո Որդուն, մնացին [մարդու] ապականված ու եղծված հին պատկերով:

    Հայրական այս խոսքն ամաչեցնում է նաև նրանց, ովքեր [Քրիստոսի] մարդկությունը բաժանում են աստվածությունից՝ [Նրան] երկու որդիների բաժանելով. ասում են՝ մեկը Հայր Աստծուց է ծնվել, մյուսը՝ Մարիամից: Բայց չէ՞ որ [Հայրը] չասաց. «Դրա մեջ եղածն Իմ Որդին է», այլ՝ «Դա՛ է Իմ Որդին», այսինքն՝ Ինձնից անժամանակաբար [Ծնվածը] նույնն է ժամանակի մեջ մորից [Ծնվածի] հետ, ո՛չ թե տարբեր [էակներ], այլ միևնույնն ու անբաժանելի:
Նաև՝ «որդի» կոչելով՝ [Հայրն] Իր բնության հետ միավորությունն է ցույց տալիս [Քրիստոսի մեջ], որովհետև [Քրիստոսը] Հոր ծնունդն է և ստեղծված չէ՝ ըստ Արիոսի  146: Իսկ «սիրելի» ասելով՝ ցույց է տալիս [Իր և Որդու] համակամությունը, որովհետև ուր կա սեր, տարբեր կամքեր չեն լինում: Այլև՝ որպեսզի «սիրելի» բառով տարբերազատի Իր բնությամբ Որդուն [միայն] անունով [այդպես] կոչվողներից, ովքեր Նրա սիրո դիմաց ատեցին Նրան, և որոնց ամբաստանում է [Հայրը] Եսայու միջոցով. «Որդիներ ծնեցի և աճեցրի, և նրանք անարգեցին Ինձ» (Ես. 1։2), և Օրենքի միջոցով. «Իզուր ատեցին Ինձ»  147:

    «Ում հաճեցի»՝ ո՛չ ըստ աստվածության, որով Որդին միշտ է Հորը հաճելի, և Հայրը՝ Որդուն՝ համապատիվ լինելով, այլ ըստ մարդկության, որը հետո եղավ, քանի որ «հաճեցի» ասելը ժամանակ է ցույց տալիս: Այսինքն՝ Որդու մարդ դառնալը Հոր հաճությամբ ու կամքով եղավ, և մարդ դառնալով՝ Հոր կամքին հաճելի դարձրեց մեր մարդկային բնությունը: Այս պատճառով էլ Նրա ծննդյան ժամանակ հրեշտակները փառաբանելիս կոչեցին Նրան «մարդկանց հանդեպ հաճություն» (Ղուկ. 2։14):

    Արդ՝ եթե Հոր հնչեցրած խոսքը բավական էր վկայելու, որ Քրիստոսը ճշմարտապես Աստծո Որդին է, ապա ինչո՞ւ Հոգին երևաց, ինչպես նկարագրեցինք վերևում: Պատճառը սա է: Եթե միայն [Հոր] խոսքը հնչեր, մարդիկ կկարծեին, թե դա Հովհաննեսի մասին է, քանի որ նրան էին հայտնի ու մեծ համարում և խոսքն էլ հնչեց ո՛չ հատուկ Քրիստոսի համար, այլ անորոշաբար: Ուստի նախ Հոգին իջավ Քրիստոսի վրա՝ ասես մատնացույց անելով [Նրան], և ապա Հոր ձայնը հնչեց վերևից, որպեսզի մի բանի տեղ մի ուրիշ բան չհասկանային, այլ թե՝ «Սա՛ է Նա, Ում մասին Հայրը վկայում է, թե Դա Իմ սիրելի Որդին է»:

    [Հոգին երևաց], նաև որպեսզի, Երեք առանձին Անձերի [գոյությունը ցույց տալով], Եկեղեցու հավատքը մաքրի հրեաբար խորհող Սաբելի  148 աղանդից, ով Երրորդությունը մեկ դեմք էր համարում: Բայց որ որոշ հոգեմարտներ  149 ընդդիմաբանում են ուղղափառ հավատքին՝ ասելով, թե Հոգին Որդուց փոքր է՝ ըստ այն փոքրության, որն ունի աղավնին մարդու համեմատ, նրանց կասենք, որ Որդին մարդու բնությո՛ւնը վերցրեց, իսկ Հոգին ոչ թե աղավնու բնությունը վերցրեց, այլ միայն կերպարանքը: Եթե այսպես հիմարաբար են մտածում, ապա թող ասեն, որ [Սուրբ] Հոգուց ավելի բարձր են [նաև] քերովբեները, որ արծվի նմանությամբ են երևացել  150, և հրեշտակները, ովքեր մարդու կերպարանքով [են հայտնվում]: Սակայն անշնորհք մի՛ գտնվիր Բարեգործի հանդեպ, Ով շնորհեց քեզ որդեգրություն, չարիքների կորուստ և բարիքների ձեռքբերում, ինչը կարելի է տեսնել նաև այստեղ  151: Որովհետև հրեական մկրտությունը լռեցրեց և մեր՝ [քրիստոնեակա՛ն մկրտության] սկիզբը դրեց և ինչ որ Քրիստոսը Զատկին կատարեց, նույնն այստեղ [արեց] Հոգով. որովհետև ստվերական [օրենքը] լրացրեց և հաստատեց ճշմարիտը, որն ուներ [Սուրբ] Հոգու շնորհը: Ուստի ուրիշ մկրտվածների վրա չերևաց այսպիսի բան, այլ Նրա, Ով տալու էր [Սուրբ] Հոգին: Որովհետև երկինքը բացվեց, և Հոգին իջավ՝ մեծ պատվով մեզ կանչելու բնակության այն վայրը, որտեղից Ինքն էր իջել: Եվ մկրտությամբ պատրաստում է մեզ լինելու ոչ թե հրեշտակներ կամ հրեշտակապետեր, այլ Աստծո սիրելի որդիներ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա' է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:13