Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա»։
Փրկիչն այստեղ չի կանգնում՝ քեզ համար սահմանելով վիրավորանքները համբերատարությամբ կրելու կանոնները, այլ ավելի հեռուն է գնում՝ ասելով. «Եվ եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա»: Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն իմաստության ինչպիսի բարձունքների է քեզ հասցնում: Նա ասում է, որ նույնիսկ երբ քո թշնամուն տաս և´ քո վերին շապիկը, և´ թե ստորին հանդերձները, այդժամ դու չպետք է դիմադրես նրան, եթե նույնիսկ նա ցանկանա նաև քո մերկ մարմինը տառապանքի և չարչարանքի ենթարկել: Հիսուս կամենում է, որ ամեն ինչ ընդհանուր լինի՝ և´ մարմինը, և´ ունեցվածքը, ու նաև ուզում է, որ մենք դրանց միջոցով ծառայենք ինչպես աղքատներին, այնպես էլ նրանց, ովքեր վիրավորում են մեզ: Այս վերջինը խիզախության պարտքն է, իսկ առաջինը՝ մարդասիրության պարտավորությունը: Այդ իսկ պատճառով էլ Քրիստոս ասում է. «Եվ եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա»` քեզ էլ ավելի վեր բարձրացնելով և պատվիրելով ցուցադրել մեծահոգության նորանոր դրսևորումներ, որոնք ոչնչով չեն զիջի նախկինում գրանցված փորձառություններին: Եթե Փրկչի նախորդ պատվիրանները, որոնք շատ ավելի քիչ պահանջներ ունեն, դրանք կատարողներին այդքան մեծ երանություն են բերում, ապա մտածի´ր այն մասին, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում նրա´նց, ովքեր կատարում են այս վերջին պատվիրանները, և ինչպիսի պարգևներ են ստանում նրա´նք, ովքեր մարդկային և կրքոտ մարմնում լինելով հանդերձ` լիովին զերծ են մնում ցանկասիրությունից: Եթե այսպիսի մարդիկ ոչ միայն չեն վիրավորվում վիրավորանքներից, հարվածներից, սեփական ունեցվածքից բռնի կերպով զրկվելուց, և դեռ ոչ միայն չեն պարտվում նմանօրինակ որևէ այլ բանով, այլև ձգտում են ավելի մեծ տառապանքների, ապա պատկերացրո´ւ, թե ինչպիսին է դառնում նրանց հոգին: Այդ պատճառով էլ Քրիստոս, ինչպես պատվիրել է վարվել հարվածներ ստանալու և ունեցվածքը կորցնելու դեպքում, նույն կերպ էլ պատվիրում է վարվել նաև ա´յս պարագայում: Այս ի՞նչ եմ ասում, - կարծես թե այսպես է ասում, - վիրավորանքների և ունեցվածքի զավթման մասին: Եթե ինչ-որ մեկը ցանկանա մինչև իսկ քո մարմինը ծանր և հյուծիչ չարչարանքի ենթարկել, ընդ որում՝ անարդարացիորեն, այդ դեպքում նույնպես դու պետք է հաղթահարես նրա այդ անարդար ցանկությունը և նրանից ավելի վեր կանգնես: «Ուժով ստիպել» նշանակում է ինչ-որ մեկին անարդարացիորեն, առանց որևէ պատճառի և վիրավորանքով հարկադրել: Բայց դու պատրաստ եղիր նաև սրան, պատրաստ եղիր կրել նույնիսկ ավելի մեծ տառապանք, քան նա (քո հակառակորդը) ցանկանում է պատճառել քեզ:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա:
Եվ ով քեզ անտեղի տանի մի մղոն, նրա հետ երկո՛ւսն էլ գնա:
Ընդհանրապես սովորեցնում է, որ պատճառ չտանք նրանց, ովքեր պատճառ են փնտրում: Ըստ առաքյալի՝ «Եթե հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահպանեք» (Հռոմ. 12։18), որպեսզի թերևս այլափառներին շահեք: Դրա համար էլ երկարեցնում է չարչարանքը՝ համբերել [տալով] ոչ միայն ապտակվելուն ու մերկացվելուն, այլև եթե [հակառակորդն] անգամ չարչարելով մաշեցնի մարմինդ, այն էլ՝ իզուր, ինչպես որ ասում է՝ «անտեղի տանի», այսինքն՝ նեղի, քաշքշի, ուսերիդ բեռ դնելով տանի:
Իսկ մղոնը ֆարսանգն է, որը ոմանք մի ձիընթաց են համարում, ոմանք՝ ձայնահաս, ոմանք՝ քարընկեց, ոմանք էլ՝ նետաձիգ: Բայց ճիշտը ասպարեզն է, որը տասներկու հազար քայլն է՝ ըստ երկրաչափական գիտության: Ուրեմն, ասում է, եթե [մեկը] քեզ մի մղոն տանի, դու նրա հետ երկո՛ւսն էլ գնա, և քո հնազանդությունը տեսնելով՝ նա արագ ուղղության կգա: Բայց այս հնազանդությունը [Տերը] միայն մարմնական տանջանքների համար է պահանջում և ո՛չ թե հավատքի, որովհետև եթե հավատքի համար լինի բռնադատությունը և կամ անմաքուր գործի, այդ ժամանակ հարկավոր է բողոքել, թե «Աստծուն առավել է պետք հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29):
Ստեփանոս Սյունեցի (†735)
41-42. Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»:
Եթե մեկը բռնությամբ հարկադրվի գնալ հեռու աշխարհ, որ օտար աշխարհ ասվեց, ըստ գրվածի չեմ կարող [պատասխանել], ապա կօգտվի նա, ով իր կամքով կանցնի [լրացուցիչ] մի ճանապարհ ևս: Բայց, կարծեմ, [սա] հոգևոր առումով պետք է իմանալ, [այսինքն]՝ եթե ոմանցից սովորեցինք և հորդորվեցինք առաքինի լինել, ապա չմնա՛նք ուսման նույն [մակարդակին], այլ կրկնապատկենք և եռապատկենք մեր առաքինությունը սովորածից առավել:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: