Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Քեզնից խնդրողին տո՛ւր, և նրանից, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու»։
Իր այս խոսքերով Փրկիչն ավելի փոքր պահանջ է սահմանում, քան նախորդներով, բայց դու մի´ զարմացիր սրա վրա: Փրկիչը սովորաբար այդպես է վարվում. Նա միշտ մեծին ավելացնում է փոքրը: Եթե այս խոսքերը փոքր են առաջինների համեմատ, թո´ղ, այնուամենայնիվ, դրանց ուշադրություն դարձնեն նրա´նք, ովքեր վերցնում են ուրիշի ունեցվածքը, իսկ իրենց սեփական ունեցվածքը վատնում են պոռնիկների վրա և այդպիսով կրկնակի կրակ են բորբոքում իրենց համար՝ մեկն անարդար շահույթ ձեռք բերելով, և մյուսը` կործանարար վատնումի պատճառով: Այստեղ պարտքով գումար տալու մասին պատվիրելով՝ Փրկիչը նկատի չունի փողը տոկոսով տալը, այլ պարզապես օգնություն ցուցաբերելը: Իսկ մեկ այլ տեղում էլ Հիսուս պահանջում է նաև ավելին՝ ասելով, որ մենք պետք է օգնություն ցույց տանք նույնիսկ նրանց, որոնցից հետ ստանալու ակնկալիք չունենք:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
;
Ով խնդրում է քեզնից, տո՛ւր, և ով կամենում է քեզնից փոխ առնել, երեսդ մի՛ դարձրու [նրանից]:
Ասում է. խնդրողների միջև տարբերություն մի՛ դիր, այլ ով էլ լինի և կարոտյալ լինելով՝ անկարոտիդ դիմի, կատա-րի՛ր նրա ցանկությունը, այդպես նաև փո՛խ տուր: Բայց «երեսդ մի՛ դարձրու»-ն երկակի [իմաստ] ունի. կամ՝ մի՛ մերժիր խնդրողին, ինչ էլ որ պահանջի, քանի որ Աստված այն բանի համար է [քեզ] Իր ունեցվածքի մատակարար կարգել, որ այն, ինչ Նրանն է, Նրա [արարածներին] բաշխես, ինչպես Հոբն ու Աբրահամը, այլապես քեզ էլ նույն փորձության մեջ կգցի, կամ էլ՝ եթե նույնիսկ չես տալիս, [խնդրողին] տեսնելիս երեսդ մի՛ շրջիր, որովհետև նա ոչ այնքան [քո] չտալուց է վշտանում, որքան մռայլվելուցդ, որն Աստված տեսնելով՝ չի ներում: Եվ այս խոսքը թող ոչ ոք միայն նյութական բաների վերաբերյալ չհամարի, այլև խրատական խոսքի, մի փոքր օթևանի, քաղցր ձայնի: Իսկ փոխ տալով [Տերը] տոկոսով տալը նկատի չունի, որովհետև սա վաշխասերների կողմից կատարվում է անօրինաբար, այլ անվարձահատույցը, որը պիտի տաս Աստծուն և հանդերձյալ կյանքում տոկոսներով հանդերձ ստանաս Նրանից, ինչպես ամուլ Աննան Սամվելին փոխ տվեց Տիրոջը և ծնեց ուրիշ յոթ [զավակ] ևս (Ա Թագ. 1-2։21): Նաև գրված է. «Արդար մարդը ողորմում և փոխ է տալիս» (Առակ. 13։12):
Թող [սա] լսեն ու զգաստանա՛ն նրանք, ովքեր ուրիշներինը հափշտակում և այն շռայլաբար վատնում են պոռնկանոցներում, ինչով իրենց կրկնակի՛ ժառանգորդ են դարձնելու գեհենին:
Թեև այս պատվիրանն ավելի փոքր է թվում նախորդ ասվածներից, բայց դու մի՛ զարմացիր բնավ, որ [Տերը] մեծերի հետ նաև մանրներն է խառնում, որովհետև ինչպես որ ճարտարապետները տները կառուցելիս ոչ միայն մեծ քարերն են դնում հիմքում, այլև դրված քարերի հետ մանր խիճեր են ամրացնում և այդպես արքունական ապարանք կառուցում, այդպես էլ Տերն է վարվում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:41
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: