Աթանաս Մեծ Ալեքսանդրացի (†373)
Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
Հրեական ժողովարանում չոր ձեռք ունեցող մի մարդ կար: Այս մարդու մոտ չորացած էր ձեռքը, սակայն ներկաների մոտ չորացած էր հասկացողությունը, որովհետև նրանք չէին տեսնում, թե Ով էր կանգնած իրենց առաջ, և չէին էլ ենթադրում, որ նա կարող էր իրենց առաջ հրաշք գործել: Փրկիչը գործելուց առաջ նախ խոսքով է փորձում խելքի բերել նրանց: Իմանալով նրանց մտքերի ստապատիր լինելը և քարացածության խորությունը՝ Նա նախապես հորդորում է նրանց: Ցանկանալով զսպել նրանց մտքերի վայրագությունը՝ Նա հարցնում է. «Շաբաթ օրով ի՞նչ պետք է անել. բարի գո՞րծ գործել, թե՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թե՞ կորստյան մատնել»: Եթե Նա նրանց հարցներ, արդյո՞ք հնարավոր է շաբաթ օրը աշխատել, ապա նրան անմիջապես կպատասխանեին. «Դու օրենքի դեմ ես խոսում»: Այնուամենայնիվ, Նա նրանց ասաց այն, ինչը նաև օրենքն էր ցանկանում, որովհետև շաբաթ օրվա մասին հոգացողը հոգ էր տարել նաև կենդանի հոգու մասին: Որովհետև եթե շաբաթ օրը ինչ–որ բան փոսն էր ընկնում, ապա ոչ միայն մարդուն, այլ նաև եզին ու էշին այնտեղից դուրս հանել թույլատրվում էր (Մատթ. 12։11): Նմանատիպ դեպքերում Օրենքը թույլատրում էր այն ամենը, ինչը կարող էր ծառայել փրկությանը։ Պետք է նշել, որ շաբաթ օրը հրեաները նաև սնունդ էին ընդունում: Նա նրանց «արդյոք կարո՞ղ է բարիք գործել» (Ղուկ. 6։9) հարցը ուղղեց ոչ թե նրանց խոսքերում հակասություն, այլ նրանց հետ համաձայնության եզրեր գտնելու համար: Բայց նրանք «այո» չասացին, որովհետև բարի կամք չունեին:
Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
Շաբաթ օրը հասկեր պոկելու համար աշակերտներին հրեաների կողմից ներկայացված մեղադրանքի առիթով Տերը, Դավիթի օրինակով, արդեն փակել է մեղադրողների բերանը, իսկ հիմա էլ նրանց ավելի խրատելու համար նա հրաշքներ է գործում և դրա միջոցով արտահայտում է հետևյալը. «Ահա թե ինչպես են իմ աշակերտները անպարտ մեղքի մեջ: Շաբաթ օրն այս հրաշքը կատարելով՝ Ես ինքս էլ եմ այդ նույն բանն անում: Եթե հրաշք գործելը մեղք է, ապա առհասարակ շաբաթ օրը անհրաժեշտ բաները կատարելն էլ է մեղք։ Սակայն մարդու փրկության համար հրաշք գործելը Աստծո գործն է, հետևաբար, նա, ով շաբաթ օրը վատ բան չի անում, չի խախտում օրենքը»:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպեսզի ամբաստանեն նրան: (Սինոդական թարգ․)[2]
Ըստ Մարկոսի՝ փարիսեցիները (իհարկե, այստեղ խոսքը հենց նրանց մասին է) հատուկ ուշադրությամբ (parethroun) հետևում էին, թե արդյոք շաբաթ օրը Քրիստոս կբժշկի նրան: «Կբժշկի–qerapeuei» բայը ներկա ժամանակով է դրված, որպեսզի ցույց տա, որ փարիսեցիները, դրանով կարծես ցանկանում էին ասել, որ Քրիստոս շաբաթ օրերին մշտապես բժշկում է, որ Նա դա դարձրել է իր սկզբունքը: Իհարկե, այդպիսի բժշկությունից հետո նրանք մտադրվել էին Քրիստոսին մեղադրել շաբաթ օրվա հանգստի օրենքը խախտելու համար:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:1
--------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
(Արարատ թարգ․) Եվ սպասում էին Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞ նրան, որպեսզի ամբաստանեին։
(Գրաբար) Եւ սպասէին նմա՝ եթէ բժշկեսցէ՛ զնա ‘ի շաբաթուն. զի չարախօսեսցե՛ն զնմանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: