Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։5

Աթանաս Մեծ Ալեքսանդրացի (†373)

Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
   
    «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել. բարի գո՞րծ գործել, թե՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թե՞ կորստյան մատնել» հարցերը  լսելով՝ նրանք կրկին լռում են: Այնուհետև, վշտանալով նրանց սրտերի կարծրությունից, այդ մարդուն ասաց. «Տեսնողները կտեսնեն: Նրանք, որոնք  հրաժարվում են լսել, պետք է անեն այն, ինչ ցանկանում են: Նրանց դաժան սրտերը քար կդառնան: Հիմա ձգի՛ր աջ ձեռքդ: Վե՛ր կաց և այլևս մի՛ խնդրիր: Մի՛ խնդրիր քո թուլության համար, այլ ձեռքդ առողջ գտնելով և, վերջապես, բուժվելով, այն տնանկին մեկնի՛ր: «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի» (Ղուկ. 6։8) ու տեսարան դարձիր նայողների համար։ Քո շնորհիվ, վերջապես, շաբաթ օրվա շուրջ բանավեճ է տեղի ունենում: Մեջտե՛ղ արի, որպեսզի կաղերի ծնկները ամրանան ու ոտքի կանգնեն... Մեջտե՛ղ արի ու հրեաների առաջ խոսի՛ր այն մասին՝ արդյո՞ք նման բան հնարավոր է» (Ղուկ. 6։8): Հետո նրան ասաց. «Ձեռքդ երկարի՛ր» (Ղուկ. 6։10): Ես նրան չեմ դիպչում, որպեսզի հրեաներին մեղադրելու առիթ չտամ, և որպեսզի այդ դիպչելը աշխատանք չհամարվի. սա ասում եմ բառացիորեն: Աստված չասաց. «Շաբաթ օրը որևէ բառ մի՛ ասա»: Եթե խոսքը որոշակի գործողություն է դառնում, այո՛, պետք է զարմանալ այն ասողի վրա... Ինչպես «ձե՛ռքդ երկարիր»  ասաց, այնպես էլ արեց, և չոր ձեռքը առողջացավ: Հրեաների ընկալմամբ չորացաությունը անբուժելի էր. «Նրանք լցվեցին կատաղությամբ և միմյանց հետ խոսում էին, թե ինչ անեն Հիսուսին» (Մարկ. 3։6, Ղուկ. 6։11): Եվ դու քննարկում ես, թե ի՞նչ անես: Նրան որպես Աստծու և Հրաշագործի երկրպագի՛ր: Նրան նաև երկրպագի՛ր որպես մարդկային ուժերից վեր բաներ անող մարդու: Նա որևէ սպեղանի չի օգտագործում, դրանք որևէ լուծույթով չի թրջում, անվերջանալի քանակով դեղեր չի տալիս, այլ բոլորի մեջտեղում այնպես է կանգնեցնում, որպեսզի ամենքը տեսնեն կատարվողը: Արվածից որևէ մանրուք նրանցից թաքուն չպահվեց, որպեսզի ոչ ոք չասի թե. «Նա բուժիչ դեղաբույսեր բերեց և սպեղանի դրեց»:
   

Օգոստինոս Երանելի (†430)

Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
   
    Եթե, բարության հանդեպ եղած սիրուց և սրբության հանդեպ եղած ակնածանքից բխող հուզմունքը, ինչպես նաև իրավիճակը, արատ են անվանում, ապա պետք է ընդունենք, որ իրական արատները առաքինություններն են: Այնուամենայնիվ, եթե հետևում ենք ողջամտությանը, ապա մտածում ու հարցնում ենք, թե ո՞վ կհամարձակվի տեղին իրավիճակները հիվանդություններ և արտասովոր կրքեր անվանել: Ի վերջո, Ինքը՝ ոչ մի մեղք չունեցող Տերը, արժանի համարեց մարդկային կյանքը ծառայի կերպարանքով ապրել (Փիլիպ. 2։7), և Իրեն նմանատիպ իրավիճակներ թույլ տվեց, երբ դա տեղին ու անհրաժեշտ համարեց: Ամբողջությամբ բնական է, որ ճշմարիտ մարդկային մարմին և հոգի ունենալով՝ Նա տեղյակ էր նաև ճշմարիտ մարդկային զգացմունքներին: Ավետարանը չի սխալվում, երբ խոսում է Քրիստոսի զգացմունքների մասին և ասում, որ Նա վշտանում էր հրեաների համառությունից  և ուրախանում  հավատացողների համար (Ղուկ. 10։21, Հովհ. 15։11), լալիս էր Ղազարոսի հարության ժամանակ (Հովհ. 11։33), իր աշակերտների հետ Զատիկը ճաշակել էր ցանկանում (Ղուկ․ 22։15), Նրա հոգին տխրում էր տառապանքին մոտենալիս (Հովհ. 12։27):

    Տիրոջ մարմին ունենալը միանշանակ է: Միայն հոգում առաջացող զգացմունքների առկայության հանգամանքը ցույց է տալիս Նրա հոգի ունենալը: Ավետարանիչները պատմում են այդ զգացմունքների մասին. Հիսուս զարմանում (Մատթ. 8։10), բարկանում (Մարկ. 3։5), տխրում (Հովհ. 11։33–35), ուրախանում էր (Ղուկ. 10։21, Հովհ. 15։11), Նա նաև շատ այլ զգացմունքներ էր ունենում: Դրանք խոսում են ինչպես հոգուն, այնպես էլ մարմնին բնորոշ վիճակների մասին. Հիսուսը քաղց էր զգում (Մատթ. 4։2, Ղուկ. 4։2), քնում էր (Մատթ. 8։24, Մարկ. 4։38, Ղուկ. 8։23), հոգնում էր ճանապարհին (Հովհ. 4։6) և այլն:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
   
    Ուշադրությո՛ւն դարձրու «դարձավ» բառին։ Կար մի ժամանակ, երբ մենք ունեինք առողջ ձեռքեր կամ ակտիվ ուժեր, դա այն ժամանակն էր, երբ դեռ հանցագործությունը չէր կատարվել։ Այն ժամանակից, երբ մեր ձեռքը ձգվեց դեպի արգելված պտուղը, այն չորացավ բարիք գործելու համար: Բայց, երբ առաքինությունների մեջ կանգնենք, այն կրկին կվերադառնա իր նախկին առողջ վիճակին:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ: (Սինոդական թարգմ․) [5]
   
    Նայելով իր թշնամիներին և որևէ մեկի կողմից  բարձրացրած հարցին ուղղակիորեն պատասխանելու փորձ չտեսնելով՝ Տերը կեղծավորների վրա նետվող հայացքի նման զայրացած հայացք է նետում նրանց վրա և սգում է նրանց դառնության կամ համառության համար (Ելք. 4։21 և Բ Օր. 9։27)...
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
(Արարատ թարգմ․) Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։
(Գրաբար) Եւ հայեցեալ Յիսուսի զնոքաւք լի՛ ցասմամբ, տրտմեալ վասն կուրութեան սրտից նոցա, ասէ ցայրն. Ձգեա՛ զձեռն քո: Եւ նա ձգեաց, եւ ողջացա՛ւ ձեռն նորա: