Մաղաքիա արք. Օրմանյան
1-6․ Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս աստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին: Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53
Որոգինես
Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից:
Նա Նազարեթն է անվանում իր հայրենի գավառը... Նազարեթ տեղանունից է գալիս Հիսուսին Նազովրեցի անվանումը (Մատթ. 2։23): Հիսուսը իր հայրենի գավառում հարգված չէ, բայց երկրպագվում է «ուխտերին» խորթ, այսինքն՝ հեթանոս մարդկանց կողմից (Եփես. 2։12): Այնուամենայնիվ, Նա ուսուցանում է ժողովարանում՝ առանց դրանից առանձնանալու և առանց այն մերժելու (Մատթ. 13։54):
Թեոֆիլակտ Բուլղարացի
1-3. Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին:
Տերը հայրենիք էր գալիս ոչ թե այն պատճառով, որ չգիտեր, որ նրանք իրեն անուշադրության են մատնելու, այլ որպեսզի հետո չկարողանան ասել՝ եթե Նա գար, ապա մենք կհավատայինք: Միաժամանակ գալիս է նաև իր հայրենակիցների նախանձոտ տրամադրությունը դատապարտելու համար, քանի որ այն ժամանակ իրենց երկիրը թե՛ ուսուցմամբ և թե՛ հրաշքներով զարդարող Տիրոջով հիանալու փոխարեն նրանք նվաստացրին Տիրոջը՝ նրա աղքատ ծագման պատճառով: Ահա՛, թե ինչպիսի չարիք է նախանձը: Նա միշտ փորձում է մթագնել լավը և նախանձողներին թույլ չի տալիս տեսնել այն: Նույն կերպ էլ մեր օրերում է, քանզի շատերն իրենց վատ կամքով և ծայրահեղ տգիտությամբ անհայտ ծագման պատճառով անարգում են ոմանց, չնայած նրանք արժանի են ամեն պատվի:
Ա. Լոպուխին
Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: (Սինոդական թարգ․)[1]
Մինչև 7−րդ համարը Մարկոսը պատմում է Հայրոսի դստեր հարության հրաշքից հետո (Մարկ. 5։43) Քրիստոսի Նազարեթում լինելու մասին: Մատթեոսի պատմությունից ակնհայտ է դառնում, որ այս այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քրիստոս ավարտել է Իր առակներով ուսուցանելը, որը Նա մարդկանց առաջարկել է ծովի ափին (Մատթ. 13։53−58): Համաձայն Ղուկաս ավետարանչի՝ այս իրադարձությունը, ըստ երևույթին, ընկնում է Քրիստոսի Գալիլեայում որպես Ուսուցիչ հայտնվելու սկզբնական շրջանում (Ղուկ. 4:16−30): Բայց ամեն դեպքում, Մատթեոսն այս իրադարձությունը կապում է Քրիստոսի գործունեության նույն ժամանակահատվածի հետ, որին առնչում է Մարկոսը, ինչպես այդ մասին կարելի է եզրակացնել հաջորդիվ Մատթեոսի ավետարանի պարունակված պատմություններից: (Մատթ. գլուխ XIV և Մարկ. 6:14 և հաջորդը): Ինչ վերաբերում է Ղուկասին, ապա, Քրիստոսի Նազարեթ կատարած այցի պատմությունը Նրա Գալիլեայում ծավալած գործունեության սկզբում դնելով, նա ակնհայտորեն խստորեն չի պահպանում ժամանակագրական կարգը։ Հետևաբար, կարիք չկա թույլատրել (ինչպես, օրինակ, առաջարկում է Քնաբենբաուերը), որ Քրիստոսը երկու անգամ քարոզի Նազարեթում:
«Եկավ իր հայրենի գավառը» (Մարկ. 1:9-34): Սա չի ժխտում Բեթխեհեմում Քրիստոսի ծնունդը, այլ միայն ցույց է տալիս, որ մարմնով Քրիստոսին ամենամոտ նախնիների բնակության վայրը հենց Նազարեթն էր (հայրենիքը այն քաղաքն է, որտեղ հայրերն ու նախնիներն են ապրել): Միայն Մարկոսն է նշում, որ այս ճանապարհորդության ժամանակ Քրիստոսի հետ էին նաև Իր աշակերտները. Քրիստոս գնում է Նազարեթ ոչ թե իր հարազատներին տեսնելու, այլ քարոզելու, որի ժամանակ էլ պետք է ներկա լինեին Նրա աշակերտները: Մարկոսը հիմնականում մեծ ուշադրություն է դարձնում այն բանին, թե իրենց հետագա գործունեության համար ինչպես են Քրիստոսի աշակերտները պատրաստվել Նրա կողմից...
--------------------------------
[1](Էջմիածին թարգմ․) Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից:
(Արարատ թարգմ․) Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։
(Գրաբար) Եւ ե՛լ անտի, ե՛կն ի գաւառ իւր, եւ երթային զհետ նորա աշակերտքն իւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: