Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր:
Այսպես ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք շաբաթ օրը: Իհարկե, բացենք. պետք է այնպիսի բացելու գործողություն կատարենք (հեղինակը նկատի ունի մկրտության և դրոշմի խորհուրդները), որը նման կլինի քահանայի՝ ձեր ականջներին և քթանցքերին դիպչելու խորհրդին: Ի՞նչ է սա նշանակում։ Ավետարանում պատմվում է, որ երբ խուլին և համրին բերեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ, վերջինս դիպավ նրա ականջներին ու բերանին. ականջներին, քանի որ նա խուլ էր, և բերանին, որովհետև համր էր: «Եփփաթա»,− ասաց Տերը։ Այս եբրայերեն (ավելի ճիշտ՝ արամեերեն) բառը լատիներեն նշանակում է «բացվի՛ր»: Այդպես էլ քահանան է դիպչում ձեր ականջներին, որպեսզի դրանք բացվեն Նրա խոսքերի և Նրա խրատների համար։
Թեոֆիլակտ Բուլղարացի
դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր:
Դեպի երկինք նայելով՝ Տերը հոգոց հանեց։ Մի կողմից աղոթքով Հորը դիմեց, որպեսզի Նա գթա մարդուն, ինչպես նաև մեզ համար օրինակ ծառայեց, որպեսզի մենք էլ, երբ ցանկացած լավ գործ կատարելու նպատակ ունենանք, նայենք Աստծուն և դա անելու համար նրանից օգնություն խնդրենք: Իսկ մյուս կողմից մարդկային բնության հանդեպ ունեցած խղճահարությունից հոգոց հանեց, քանի որ այն այնքան է սատանային հանձնվել, որ նրանից այդպիսի անարգանք և տառապանք է կրում: Ուստի, երբ Տերը բժշկեց, ապաքինվածները քարոզեցին Նրա մասին, չնայած այն բանին, որ Նա արգելեց նրանց դա անել և հրամայեց ոչինչ չասել:
Ա. Լոպուխին
դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր: (Սինոդական թարգմ․) [34]
Դեպի երկինք նայելով և հոգոց հանելով՝ Քրիստոս հիվանդին հասկացնում է, որ նրա ապաքինման համար անհրաժեշտ է երկնքում բնակվող Աստծո օգնությունը: Ասես Իր երկնավոր Հորն ուղղված իր մտավոր դիմումի վերաբերյալ դրական պատասխան ստանալով՝ Քրիստոս անմիջապես հիվանդի լսողությանը և լեզվին գործել է հրամայում:
---------------------------------------
[34] (Էջմիածին թարգմ․) Դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր:
(Արարատ թարգմ․) Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։
(Գրաբար) հայեցա՛ւ յերկինս՝ յոգոց եհան՝ եւ ասէ. Ե՛փփաթա, որ է՝ բացի՛ր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: