Սուրբ Եփրեմ Ասորի
«Եվ Տերը նրա ձեռքը մատնեց Հուդայի Հովակիմ թագավորին և Աստծո տան անոթների մի մասը, և նա դրանք ուղարկեց Սենաար երկիրը՝ իր աստծո տունը, և այդ անոթները դրեց իր աստծո գանձարանում»։
«Տերը Հովակիմին տվեց նրա ձեռքը», ինչպես այդ մասին կանխատեսվել էր Մովսեսի և մյուս մարգարեների կողմից: Սակայն Նաբուգոդոնոսորը ոչ թե իր կուռքին մատուցվող պաշտամունքի ժամանակ օգտագործելու համար է Աստծո սպասավորությանը նվիրված անոթները տալիս, այլ «գանձը բերում է իր Աստծու տուն» և դնում է այնտեղ: Ամեն դեպքում նա անոթները պղծեց՝ դրանք կուռքի տաճար մտցնելով: Մտածեց, իր Աստծո գանձարանում տեղավորելով, պատվել դրանք:
Ա. Լոպուխին
Եվ պաշարեց այն: Տերը Հուդայի երկրի Հովակիմ արքային և Աստծու Տան սպասքի մի մասը տվեց նրա ձեռքը: Նաբուքոդոնոսորը նրան տարվ իր աստծու տունը՝ Սենաար, իսկ սպասքը դրեց իր աստծու գանձատունը: (Սինոդական թարգ․) [2]
Ըստ հին, այդ թվում՝ ասորաբաբելոնացիների, տեսակետի, ժողովրդի հզորությունը լիովին համապատասխանում էր նրա ազգային աստծու զորությանը (Դ Թագ. 18:33–35), այնպես որ մեկ ուրիշից ժողովրդի կրած պարտությունը նաև նրա աստծո պարտությունն էր համարվում, ուստի նաև նվաճողների աստվածն էր հաղթանակ տանում պարտվողի աստծու նկատմամբ (Երեմ. 46։14–15): Որպես դրա նշան՝ ասորաբաբելոնյան նվաճողները պատերազմական ավարի հետ միասին բռնագրավում էին նաև պարտված ժողովուրդների աստվածների արձանները, դրանք նվեր էին տանում իրենց ազգային աստվածներին և որպես ավար դնում էին վերջիններիս տաճարներում: Օրինակ՝ իր գրություններից մեկում Սորգոնն ասում է. «Ես գրավեցի Մուսասիր քաղաքը, ինձ հետ տարա Խալդի աստծուն այլ աստվածների և նրանց մեծ թվով սրբազան անոթների հետ»: «Բիթ Յանինի բնակիչներին և նրանց աստվածները,– պատմում է Սենեքերիմը,– ես ինձ հետ տարա»: «Ես,– նշում է Աշուրբանիպալը,– բաբելոնական Էրեկ քաղաքին վերադարձրի Նանա աստվածուհու պատկերը, որը Էլամի արքա Կուբուր Նանհունդին որպես պատերազմական ավար տարել էր Սուսա»: Նույն նկատառումներով առաջնորդվեց նաև Նաբուգոդոնոսորը, երբ պատկեր չունեցող Բարձրյալի տաճարում գտնվող Երուսաղեմի թագավորության անոթները ուղարկեց Սենար (սա Բաբելոնական թագավորության շրջանների ընդհանուր անվանումն է) և դրանք դրեց իր Բահաղ աստծու տաճարում գտնվող գանձարանում (Ա Եզ. 1։7, 5:14): Ըստ աստվածաշնչյան պատմության՝ Նաբուգոդոնոսորն անմիջական մասնակցություն չի ունեցել անոթները Բաբելոն հասցնելու գործին. Նա «դրանք ուղարկել է»: Եվ այս մանրամասնությունը հնարավորինս հաստատվում և բացատրվում է քաղդեացի պատմաբան Բերոսի՝ (մ.թ.ա. 4–րդ դարի վերջ և 3–րդ դարի սկիզբ) եգիպտական Նեհաո փարավոնի դեմ Նաբուգոդոնոսորի կատարած արշավանքի մասին պատմությամբ, որի ընթացքում էլ նվաճվեց Երուսաղեմը: «Կարքեմիշի ճակատամարտում Նեհաոյին ջախջախելուց և Սիրիան, Փյունիկիան, Պաղեստինը և Եգիպտոսը նրանից խլելուց հետո Նաբուգոդոնոսորը,– պատմում է Բերոսը,– լսեց իր հայր Նաբուպալասարի մահվան մասին»: Հաշվի առնելով դա՝ նա իր զորավարներին ձեռք բերված ամբողջ ավարի, հրեաների, փյունիկացիների, սիրիացիների և եգիպտացիների երկրներից վերադարձած բանակների ու գերիների հետ հայրենիք վերադառնալ հանձնարարեց, իսկ ինքը մի փոքրիկ ջոկատով անապատով անցնող ամենակարճ ճանապարհով շտապեց Բաբելոն և, մայրաքաղաք հասնելով, գահ բարձրացավ: (Հովսեփոս Փլավիոս, Հրեական հնախոսություն, գլուխ 2, էջ 162–163):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) եւ պաշարեց այն: Տէրը Յուդայի երկրի Յովակիմ արքային եւ Աստծու Տան սպասքի մի մասը տուեց նրա ձեռքը: Նաբուքոդոնոսորը նրան տարաւ իր աստծու տունը՝ Սենաար, իսկ սպասքը դրեց իր աստծու գանձատունը:
(Արարատ թարգ․1։2) Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։
(Գրաբար) Եւ ետ Տէր’ի ձեռս նորա զՅովակիմ արքայ Յուդայ, և’ի մասնէ սպասուց տանն Աստուծոյ. և տարա՛ւ զայն յերկիրն Սենայար’ի տուն աստուծոյ իւրոյ. և զսպասն եմո՛յծ’ի տուն գանձի աստուծոյ իւրոյ։
Պատմամշակութային մեկնություն
Աստծո տան սպասքը: Տաճարում եղած սպասքը հիանալի ավար էր համարվում ոչ միայն այն պատճառով, որ պատրաստված էր թանկարժեք մետաղներից, այլ նաև այն պատճառով, որ նվիրված էր Յահվեին և օգտագործվում էր տաճարում կատարվող ծեսերի ժամանակ: Աստվածության համար կարևորություն ունեցող իրերի նվաճումը ուժի ցուցադրում էր և խորհրդանշում էր նրա հպատակությունը: Այս իրերի մի մասի նկարագրության մասին տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Բ Մնացորդաց 4–րդ գլխի մեկնաբանությունը:
Ուղարկեց իր աստծո տուն: Դատելով Մարիից ստացված տեքստերից և «Կյուրոսի կոթողի» վրա եղած արձանագրությունից՝ արքաները միշտ փորձում էին «պատանդ» վերցնել նվաճած երկրի աստվածների արձանները և խլել այդ աստվածներին պաշտամունք մատուցելու ժամանակ օգտագործվող տարբեր անոթները: Սրբավայրերի պղծումը նվաճված ժողովրդի աստվածների նկատմամբ հաղթող ժողովրդի հովանավոր Աստծո իշխանությունը ցուցադրելու միջոցներից մեկն էր:
Նրա աստվածը: Մարդուկը Բաբելոնի գերագույն աստվածն է, դրա հովանավորն ու պանթեոնի ղեկավարը: Իրականում, աշխարհի ստեղծման մասին բաբելոնական «Ենումա էլիշ» էպոսում (սա դրա վերելքի մասին առասպել է, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել մ.թ.ա. 2–րդ հազարամյակի վերջին) Մարդուկը հնագույն ամենասուրբ եռյակի անդամներից մեկի՝ Էրիդուի հովանավոր Էնկիի որդին է: Թեև Աստվածաշնչում Յահվեի հիմնական մրցակիցը սովորաբար Բահաղն է, սակայն մ.թ.ա. 1–ին հազարամյակում այն այնպիսի աստվածություն չի եղել, որը նույն քաղաքական ազդեցությունն ունենար, ինչ Մարդուկը: Նրա հայտնի Էսագիլա տաճարը Էտեմե նանկի զիկկուրատի (աստվածությանը նվիրված բարձունք) հետ միասին Բաբելոն գեղեցիկ քաղաքի ամենաշքեղ կառույցներն էին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: