Սուրբ Եփրեմ Ասորի
Գոհություն քեզ, մեր հայրերի՛ Աստված, օրհնում եմ քեզ, որովհետև ուժ և իմաստություն տվեցիր ինձ և հայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղոթքներով խնդրեցինք քեզնից, և բացատրեցիր ինձ թագավորի տեսիլքը»:
«Գոհություն քեզ, մեր հայրերի՛ Աստված, օրհնում եմ քեզ», այսինքն՝ Քեզ՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի տան Աստված: «Որովհետև ուժ և իմաստություն տվեցիր ինձ», այսինքն` ինձ տվեցիր երազի հայտնությունը և դրա իմաստը: Որպեսզի ցույց տա իր ընկերների աղոթքի արդյունավետությունը, նա ասում է. «Դու ինձ հայտնեցիր այն, ինչը մենք աղոթքներով խնդրեցինք Քեզնից»: «Եվ բացատրեցիր ինձ թագավորի տեսիլքը», այսինքն՝ ինձ հայտնեցիր թագավորի սրտի խորհուրդները:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Գոհություն քեզ, մեր հայրերի՛ Աստված, օրհնում եմ քեզ, որովհետև ուժ և իմաստություն տվեցիր ինձ և հայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղոթքներով խնդրեցինք քեզնից, և բացատրեցիր ինձ թագավորի տեսիլքը»:
Ճիշտ ժամանակին նա հիշեց հայրերին՝ ցանկանալով նրանց միջոցով աղաչել Նրան ճիշտ այնպես, ինչպես շատ սիրող անձնավորությանը հիշեցնում են սիրված դեմքերի մասին: Եվ հիմա նա ինձ հայտնեց այն, ինչի համար մենք աղոթում էինք Նրան: Նա հավանաբար մի այլ բան էլ է խնդրել, ուստի Աստված նաև դա է հայտնել նրան:
Ա. Լոպուխին
«Փառաբանում և մեծարում եմ Քեզ, իմ հայրերի Աստված, որ Դու իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հայտնեցիր ինձ այն, ինչի համար որ մենք աղոթեցինք Քեզ. որովհետև Դու մեզ համար բացահայտեցիր թագավորի գործը»։ (Սինոդական թարգ․) [23]
Շնորհակալություն երազի իմաստը հաղորդելու համար:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Գոհութիւն քեզ, մեր հայրերի՛ Աստուած, օրհնում եմ քեզ, որովհետեւ ուժ եւ իմաստութիւն տուեցիր ինձ եւ յայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղօթքներով խնդրեցինք քեզնից, եւ բացատրեցիր ինձ թագաւորի տեսիլքը»:
(Արարատ թարգ․ 2։23) Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։
(Գրաբար) Զքէ՛ն Աստուած հարցն մերոց գոհանամ և օրհնեմ. զի իմաստութիւն և զօրութիւն ետուր ինձ. և ծանուցեր ինձ որ ինչ աղօթիւք խնդրեցաք մեք’ի քէն. և զտեսիլ թագաւորին ցուցեր ինձ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: