Սուրբ Եփրեմ Ասորի
Իսկ չորրորդ թագավորությունը, որ երկաթի պես ամուր պիտի լինի, պիտի փշրի և տրորի ամեն ինչ, ինչպես երկաթն է փշրում և տրորում ամեն բան:
Սա Ալեքսանդրն է՝ բոլոր ազգերին հաղթողը: Ինչպես երկաթն է հաղթահարում յուրաքանչյուր մարմնի, այնպես էլ նա է ոտնահարում և հնազանդեցնում բոլոր կառավարիչներին, իշխաններին և թագավորներին:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսկ չորրորդ թագավորությունը, որ երկաթի պես ամուր պիտի լինի, պիտի փշրի և տրորի ամեն ինչ, ինչպես երկաթն է փշրում և տրորում ամեն բան:
Չորրորդ թագավորության ներքո հասկացվում է Հռոմեական կայսրությունը: Բայց մարգարեն անուններ չի տալիս: Ինչո՞ւ: Այն բանի համար նա ավելի հստակ չի խոսում, որպեսզի շատերը չոչնչացնեն գրքերը:
Ա. Լոպուխին
40-43. «Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը ջարդում ու փշրում է ամեն բան, այդպես էլ այն, ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի»։ [40] ․ «Իսկ ոտքերն ու ոտքերի մատները, որ տեսար, մի մասը՝ խեցեղեն կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից, [նշանակում են, որ] մի բաժանված թագավորություն է լինելու, և նրա մեջ երկաթե մի քանի ամրություն է մնալու, որովհետև դու երկաթը խեցեղեն կավի հետ խառնված տեսար»։ «Եվ ինչպես որ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից էին. այդպես էլ այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու»։ «Իսկ որ տեսար երկաթը՝ խառնված խեցեղեն կավի հետ, դա նշանակում է, որ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի միաձուլվեն, ինչպես որ երկաթը չի խառնվում կավի հետ»։ (Սինոդական թարգ․)
Չորրորդ թագավորությունը ներկայացված է արձանի երկաթե սրունքների ու մասամբ երկաթյա և մասամբ էլ կավե ոտքերի պատկերով: Ըստ Դանիել մարգարեի՝ սա նշանակում է, որ ամենահաղթ զորություն ունենալով՝ այն լինելու է կավի պես փխրուն: Այս երկու հակադիր որակների համատեղ և միաժամանակյա դրսևորումն անընդունելի է, քանի որ քայքայվող թագավորությունը չի կարող միևնույն ժամանակ լինել կործանարար և կործանվող: Ուստի ավելի բնական է մարգարեի խոսքերում չորրորդ միապետության պատմության երկու տարբեր շրջանների վերաբերյալ ցուցում տեսնել: Արտասովոր իշխանության, ուժի շրջան և անկման, քայքայման շրջան, որն առաջացել է պետության տարասեռ մասերը միմյանց միավորելու անկարողության պատճառով: Սկզբում երկաթի նման կարծր այս թագավորությունը հետագայում վերածվելու է փխրուն երկաթակավի: Ինքը՝ Դանիել մարգարեն, նույնպես առանձնացնում է այս երկու կետերը և արձանի երկաթե սրունքների ու երկաթակավե ոտքերի մասին առանձին բացատրություններ է տալիս:
Չորրորդ թագավորությունը այսպես նկարագրելով՝ մարգարեն, սակայն, դրա անունը չի տալիս, ինչպես անում է երկրորդ և երրորդ միապետությունների առնչությամբ, և այս հանգամանքը հիմք է ծառայում այն Սիրիա–եգիպտական թագավորության կամ Հռոմեական կայսրության հետ նույնացնելու համար: Ինչ վերաբերում է առաջին կարծիքին, ապա այն ոչ մի հիմք չի գտնում 8–րդ գլխում գտնվող Նաբուգոդոնոսորի զուգահեռ երազում: Սիրիական և Եգիպտական թագավորությունները դրանում ներկայացված են այծի գլխի վրա աճած եղջյուրների պատկերի ներքո (Դան. 8:21–22), այսինքն՝ դրանք Հունա–մակեդոնական միապետության անկումից հետո կազմավորված թագավորություններն են, ուստի պետք է դիտարկվեն որպես դրա շարունակություն և փոփակերպում, ինչը չի կարելի ասել չորրորդ թագավորության մասին: Հետագայում, համաձայն Դան. 8:22 և 11:4 համարների, Սիրիական և Եգիպտական թագավորությունները ավելի թույլ են լինելու, քան այն միապետությունը, որից նրանք առաջացել են: Մինչդեռ չորրորդ թագավորությունը կարծես թե իր զորությամբ գերազանցելու է բոլոր նախորդներին:
Ավելի հիմնավոր է դրա ներքո հասկանալ Հռոմեական կայսրությունը, քանզի այդ պետությանն են պատկանում Դանիելի չորրորդ թագավորության որակները: Առաջին շրջանում իր ունեցած ամենահաղթ ու անպարտելի ուժով, ամբողջ աշխարհում կատարած կործանարար նվաճումներով այն գերազանցեց նախորդ բոլոր պետություններին: Բայց ի սկզբանե մեկ անբաժանելի ամբողջություն և, հետևաբար, երկաթի նման ամուր Հռոմեական կայսրությունն այնուհետև թևակոխեց փխրունության, ինքնալուծարման ժամանակաշրջան, որը սկսվեց տարբեր ժողովուրդների նվաճման ակնթարթից: Դրա կազմի մեջ մտնող տարբեր ազգությունները միասնություն չէին կազմում, և որքան պետության սահմաններն ընդլայնվում էին, այնքան այն ավելի շատ կավե տարրեր էր ներառում, որոնք նպաստում էին ոչ թե իշխանության կենտրոնացմանը, այլ դրա թուլացմանը, որը տեղի էր ունենում չդադարող ապստամբությունների և բազում ներքին պատերազմների միջոցով: «Գալերին և եգիպտացիներին, աֆրիկացիներին, հոներին, իսպանացիներին ու սիրիացիներին Հռոմի քաղաքացիներ դարձնելով՝ ինչպե՞ս կարող էին կայսրերն ակնկալել,– ասում է երանելի Օգոստինոսը,– որ այդպիսի խայտաբղետ ամբոխը հավատարիմ կլիներ իրենց հետապնդող Հռոմի շահերին»:
--------------------------------
[40] (Էջմիածին թարգ․) Իսկ չորրորդ թագաւորութիւնը, որ երկաթի պէս ամուր պիտի լինի, պիտի փշրի եւ տրորի ամէն ինչ, ինչպէս երկաթն է փշրում եւ տրորում ամէն բան:
(Արարատ թարգ․ 2։40) Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։
(Գրաբար) Եւ թագաւորութիւնն չորրորդ՝ հզօր իբրև զերկաթ. զոր օրինակ երկաթ մանրէ և մալէ զամենայն, նոյնպէս մանրեսցէ՛ և մալեսցէ զամենայն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: