Ա. Լոպուխին
5-6. «Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Խոսք է դուրս գալիս ինձնից. Եթե դուք ինձ չպատմեք երազը և դրա նշանակությունը, ապա կտոր-կտոր կլինեք, և ձեր տներն ավերակների կվերածվեն»։ [5] «Իսկ եթե պատմեք երազն ու դրա նշանակությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք. ուրեմն պատմե՛ք ինձ երազն ու դրա նշանակությունը»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորի կարծիքով իմաստուններին ներկայացված, մոռացված երազի բովանդակությունը պատմելու պահանջն անհնարին բան չէր: Իրենք իրենց աստվածների օգնությամբ գաղտնիքներ և ծածուկ բաներ բացահայտելու ունակություն վերագրողներն ակնհայտորեն կարող էին այս կամ այն կերպ իմանալ նաև թագավորի տեսած երազը: Ուստի Նաբուգոդոնոսորը ճիշտ է համարում, երբ, իր պահանջի չկատարման դեպքում, իմաստունների համար բաբելոնացիների շրջանում սովորական համարվող պատիժն է նշանակում, այն է՝ կտոր–կտոր անելը (Եզեկ. 16:40, 23:47):
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) Արքան պատասխանեց եւ ասաց աստղագուշակներին. «Իմ խօսքը վճռական է. արդ, եթէ ինձ չյայտնէք երազն ու նրա մեկնութիւնը, կորստի կը մատնուէք, եւ ձեր տները աւերակ կը դառնան,
(Արարատ թարգ․2։5) Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։
(Գրաբար) Պատասխանի ետ արքայն և ասէ ցքաղդեայսն. Բանն վերացա՛ւ յինէն. արդ եթէ ո՛չ ցուցանիցէք ինձ զերազն՝ և զմեկնութիւն նորա՝’ի կորո՛ւստ լինիցիք, և տունք ձեր յաւա՛ր լինիցին։
Պատմամշակութային մեկնություն
Թագավորի պահանջը: Եթե նույնիսկ թագավորը մոռացել էր իր երազը, ապա նա չէր ցանկանում դա խոստովանել, քանի որ դա վատ նախանշան էր և նշանակում էր, որ նրա աստվածը զայրացած է: Ավելին, ըստ տրամաբանության, նման մոռացկոտությունը պահանջում էր երազի կրկնության համար աստվածներին խնդրանք ուղղել: Կարևոր երազները սովորաբար կրկնվում էին երկու–երեք անգամ (հատկապես ուշադրություն է գրավում 1–ին համարում հոգնակի թվով դրված «երազներ» արտահայտությունը): Մյուս կողմից՝ Նաբուգոդոնոսորը հասկանում էր, որ այդպիսի չարագուշակ երազը հեշտությամբ կարող էր պետական հեղաշրջման համար որպես խթանիչ ծառայել: Աստվածային խոսքերը վաղուց արդեն ծառայում էին դավադիրների և իշխանությունը բռնազավթել ցանկացողների նպատակներին (այս մասին ընթերցի՛ր նաև Դ Թագ. 8:8–15 և 9:6–10 համարների մեկնաբանությունները): Պնդելով այն, որ իմաստուններն իրենք պետք է պատմեն իր երազը, թագավորը ցանկանում էր համոզվել, որ մեկնությունն իսկապես աստվածներից է ուղարկված:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: