Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ես՝ Դանիէլս, խելամուտ եղայ այն տարիների թուագրութեանը, երբ Տիրոջ խօսքը հասաւ Երեմիա մարգարէին՝ Երուսաղէմի աւերման եօթանասուներորդ տարում:
«Ես՝ Դանիելս, խելամուտ եղա այն տարիների թվագրությանը», այսինքն՝ կանխատեսեցի Բաղդասարի սպանության ժամանակը: Տե՛ս, թե նա ինչպես որոշված ժամանակից առաջ չի համարձակվում մոտենալ Տիրոջը: Վառարանի մեջ նույն կերպ վարվեցին նաև երեք երիտասարդները։ Սակայն որջում նա այդպես չվարվեց: Ի՞նչ է, նրանք ավելի վատ վարվեցի՞ն, թե՞ նա: Ո՛չ նրանք, ո՛չ էլ նա: Նրանք արտահայտեցին իրենց սերը, իսկ նա իր ապրած ժամանակի ըմբռնումը:
Այսպիսով՝ արդյո՞ք նա հասկանալով չի կարդացել մարգարեությունները: Կարծում եմ, որ նա հաշվում է ոչ թե քաղաքի գրավումից, այլ գուցե Իսրայելի գերությունից: Երուսաղեմի ամայացումը արդարացիորեն կարելի է պատերազմ անվանել: Նկատի՛ր, որ այստեղ էլ կա յոթնապատիկ արտահայտությունը: Ճիշտ այնպես, ինչպես նախկինում նա չորս հարյուր երեսուն տարին է փոխում (Ելք. 12։40) երկու հարյուր տասնհինգ տարու, այնպես էլ, կարծում եմ, որ հիմա է կրճատում: «Երբ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ Երուսաղեմի ավերման յոթանասուներորդ տարում»: Ես, պահեցողությամբ ու քուրձ կրելով, երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը՝ աղոթքներով ու աղաչանքներով խնդրելու համար։
Եվ դրա (բաբելոնյան գերության) մասին Երեմիան ճշգրիտ կանխագուշակել է՝ ասելով. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրերը։ Ես կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,− ասում է Տերը,− և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարել տվեցի ձեզ» (Երեմ. 29։10, 14): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Աստված այստեղ կրկին մատնանշում թե՛ քաղաքը, թե՛ տարիների քանակը, թե՛ որտեղից է ցանկանում հավաքել նրանց, և որտեղ է ուզում հավաքել: Ուստի Դանիելը նախապես չի սկսում աղոթել նրանց համար, այլ միայն այն ժամանակ է աղոթում, երբ տեսնում է, որ արդեն յոթանասուն տարին լրացել է: Ո՞վ է խոսում այդ մասին: Դանիելն ինքն է ասում. «Եվ ես՝ Դանիելս, ննջեցի և հիվանդացա: Ապա ելա ու արքունի գործը կատարեցի: Ես զարմացած էի այդ տեսիլքից, և չկար մեկը, որ այն բացատրեր» (Դան. 8։27): «Ես՝ Դանիելս, խելամուտ եղա այն տարիների թվագրությանը, երբ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ Երուսաղեմի ավերման յոթանասուներորդ տարում» (Դան․ 9։2-3): Լսե՛լ ես, թե ինչպես է նաև այս ստրկությունը կանխատեսվել, և ինչպես մարգարեն չի համարձակվում որոշված ժամանակից առաջ աղոթել և աղաչել Աստծուն, որպեսզի իզուր և անօգուտ աղոթած չլինի, որպեսզի չլսի այն նույն խոսքերը, ինչ լսել է Երեմիան. «Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու» (Երեմ. 7։16)։ Բայց երբ Դանիելը տեսնում է, որ Աստծո որոշած ժամանակը լրացել է, և արդեն եկել է գերությունից վերադառնալու ժամանակը, նա սկսում է աղոթել, և ոչ թե պարզապես աղոթում է, այլ դա անում է «ծոմապահությամբ, քուրձով ու մոխրով»:
Ա. Լոպուխին
«Նրա թագավորության առաջին տարում ես՝ Դանիելս, գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի լրանային Երուսաղեմի ավերումները»։(Սինոդական թարգ․) [2]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) ես՝ Դանիէլս, խելամուտ եղայ այն տարիների թուագրութեանը, երբ Տիրոջ խօսքը հասաւ Երեմիա մարգարէին՝ Երուսաղէմի աւերման եօթանասուներորդ տարում:
(Արարատ թարգ․ 9։2) նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։
(Գրաբար) Ե՛ս Դանիէլ խելամուտ եղէ ի գրոց, թուոյ ամացն որ եղև բան Տեառն առ Երեմիայ մարգարէ. ի կատարումն աւերածոյն Երուսաղեմի յամս եւթանասուն.
Պատմամշակութային մեկնություն
Երեմիայի մարգարեությունը։ Մ․թ.ա. 597 թ․ Երեմիա մարգարեն գերիներին նամակ է գրել (տե՛ս Երեմիա գլուխ 29) ու կանխատեսել, որ գերությունը տևելու է յոթանասուն տարի: Ամենայն հավանականությամբ, սա այն է, ինչով հետաքրքրվում է այժմ Դանիելը, ով խորհրդածում է, թե արդյոք չի եկել գերությունից վերադառնալու ժամանակը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: