Ա․ Լոպուխին
14-16. «Այդ ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորի դեմ, և քո ժողովրդի ապստամբները պիտի ոտքի ելնեն, որպեսզի կատարվի տեսիլքը, բայց պիտի ցած ընկնեն»։ [14] «Եվ հյուսիսի թագավորը պիտի գա, պաշարման հողաբլուրներ պիտի կառուցի և պիտի գրավի ամրացված քաղաքը, և հարավի զորքերը չպիտի դիմանան, ո՛չ էլ նրա ընտրյալ զորքը. ուժ չի լինելու դիմադրելու համար»։ «Եվ ով որ գնա նրա մոտ, նրա կամքի համաձայն պիտի գործի, և ոչ ոք չի կանգնի նրա առաջ. և նա բանակատեղի պիտի կանգնեցնի փառավոր երկրում, ու այն պիտի տառապի նրա ձեռքում»։
(Սինոդական թարգ․)
Եգիպտոսի հետ Անտիոքոսի պատերազմում պաղեստինցի հրեաների որոշ մասը, մոռանալով Պտղոմեոսի կողմից իրենց համար արված բարիքները, անցավ նրա կողմը: Նրանք ընդառաջ դուրս եկան Անտիոքոսին, միացան նրա զորքին և օգնեցին նրանց եգիպտացի հրամանատար Սկոպեյի կողմից Երուսաղեմի լեռան վրա թողած կայազորի վրա հարձակումների ժամանակ: Սակայն սիրիական թագավորի հետ այս դաշինքը հրեաներին վնասից բացի ոչինչ չբերեց: Եգիպտական շրջանների նվաճումը, որպես հարավային թագավորի իշխանության ներքո գտնվող տարածքի, Անտիոքոսը սկսեց հենց Պաղեստինից: Նա գրավեց Եգիպտոսի տիրապետության տակ գտնվող շատ քաղաքներ, որոնցից էր նաև Երուսաղեմը: Նրան չկարողացան դիմադրել նույնիսկ «հարավի բազուկները», այսինքն՝ էլիտար զորքեր ունեցող եգիպտական գեներալները: Մի ժամանակ Կելե–Սիրիան նվաճել հասցրած Սկոպեն մ․թ․ա․ 198 թվականին Հորդանան գետի ակունքների մոտ գտնվող Պոնսալ քաղաքի մոտակայքում ծանր պարտություն կրեց, որի շնորհիվ ամբողջ Կելե–Սիրիան և Պաղեստինը Գազայից առաջ կրկին հայտնվեցին Անտիոքոսի ձեռքում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ շատերը պիտի յարձակուեն հարաւի թագաւորի վրայ: Քո ժողովրդի մնացեալ որդիները ոտքի պիտի ելնեն՝ հաստատելու տեսիլքը, բայց պիտի տկարանան:
(Արարատ թարգ․ 11։14) Եվ այն ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորին. քո ժողովրդի անօրենները պիտի ըմբոստանան, որպեսզի գործադրեն տեսիլքը, բայց պիտի տապալվեն։
(Գրաբար) Եւ ի ժամանակսն յայնոսիկ բազումք յարիցեն ի վերայ թագաւորին հարաւոյ. և որդիք մնացելոց ժողովրդեան քոյ բարձրասցին ի հաստատել զտեսիլն, և տկարասցին։
Պատմամշակութային մեկնություն
Պաղեստինի գրավումը Անտիոքոս III–ի կողմից: Մ.թ.ա. 201 թվականին տեղի ունեցած Գազայի ճակատամարտը Անտիոքոսին հնարավորություն տվեց ժամանակավորապես իր վերահսկողությունը հաստատելու Պաղեստինի վրա, սակայն Սկոպրեյի հրամանատարության ներքո կռվող եգիպտական զորքերը նրան հետ շպրտեցին: Հաջորդ տարի տեղի ունեցած Պանիոնի ճակատամարտում (Հորդանան գետի ակունքների մոտ է։ Նոր Կտակարանում այս բնակավայրը կոչվում է «Փիլիպյան Կեսարիա»։ Սա ժամանակակից Բանիասն է) Անտիոքոսը ջախջախեց եգիպտացիներին և վերահաստատեց իր վերահսկողությունը Պաղեստինի վրա: Միևնույն ժամանակ հռոմեացիները Հունաստանում հաստատվեցին Երկրորդ մակեդոնական պատերազմի ժամանակ:
Զորավոր առաջնորդը: Մակաբայեցիների 3–րդ գրքում նկարագրում է Ռաֆիայի ճակատամարտից հետո Պտղոմեոս IV–ի այցը Երուսաղեմ, որտեղ նրան շատ վատ դիմավորեցին, երբ նա ցանկացավ մուտք գործել տաճար: Այնուամենայնիվ, այս պատմության ճշմարտացիությունը կասկածի տակ է դրվում: Այս շրջանի Հրեաստանում գոյություն ունեին երկու խմբավորումներ: Մեկը սատարում էր Սելևկյաններին (այն գլխավորում էր Օնիա Երկրորդ քահանայապետը), իսկ մյուսը՝ Պտղոմյաններին (սրանք Տոբիայի հզոր տոհմի ներկայացուցիչները և աջակիցներն էին, որոնք մրցում էին քահանայապետի կողմնակիցների հետ): Մենք բավարար տեղեկատվություն չունենք դատելու համար, թե որ խմբավորման մասին է այստեղ խոսվում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: