Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):24

Սուրբ Եփրեմ Ասորի

Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ»:
   
   Քո մեղքերը ողորմությա՛մբ քավիր, իսկ անօրինությունները՝ աղքատներին առատ պարգևներ տալով: Դանիելը թագավորին հորդորում է ողորմությամբ մաքրել ագահության պատճառով իր գործած մեղքերը։ Այդ ժամանակ գերության մեջ գտնվողների հանդեպ գործած անօրինությունները և ազգերին ստրկացնելը աղքատներին տված առատ պարգևների համար կներվեն նրան: Բայց քանի որ արքան ուշադրություն չդարձրեց խրատներին, ուստի նա կրեց Աստծո  կողմից  վճռականորեն սահմանված բարկությունը:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ»:
   
   Ինչո՞ւ ես ասում «քավի՛ր» և դրանով կասկածի տակ դնում բժշկության ուժը: Իմ «քավի՛ր» ասելու պատճառն այն չէ, որ ես կասկածում եմ: Ո՛չ, ես ցանկանում եմ նրա մեջ վախ սերմանել և ցույց տալ, որ նա ամեն տեսակ բժշկությունից և թողությունից վեր մեղք է գործել: Եթե​​ նա նույնիսկ նման խոսքերից հետո չի ազատվում խելագարությունից, ապա առավել ևս չէր ազատվի, եթե կասկածներ չհայտնվեին: Աստված նույն նպատակն ունի նաև այլ տեղերում, երբ, օրինակ, խոսում է մարգարեի միջոցով. «Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,– ասում է Տեր Աստվածը» (Երեմ. 2։22), ինչպես նաև. «Եթովպացին կարո՞ղ է փոխել իր մաշկը, իսկ ընձառյուծը՝ իր խայտուցները» (Երեմ. 13։23)։ Ճիշտ այնպես, ինչպես այնտեղ նա թույլ չի տալիս մերժել ապաշխարությունը, որպեսզի ավելի վախեցնի, այնպես էլ այստեղ Նա «քավի՛ր»  է ասում, քանզի ցանկանում է ցույց տալ մեղքերի անդունդը։ Իսկ ինչո՞ւ նա չասաց. «Խոնարհվի՛ր, ընդունի՛ր Աստծուն»: Եթե ​​թագավորը տառապում է դրա համար, ինչպես անձամբ ինքն է ասում, ինչի՞ համար ես նրան այլ խորհուրդ տալիս: Նա ասաց. «Բարձրյալն է տիրում մարդկանց ստեղծած թագավորությանը»: Ի՞նչ է, ես այն բանի համար եմ պատժվո՞ւմ, որ մյուսները խելքի գան: Ո՛չ, չցանկանալով երազում հստակորեն ամեն ինչ բացահայտել, Աստված ասում է. «Որպեսզի ապրողներն իմանան»: Իսկ Դանիելն ավելացնում է. «Բարձրյալն է տիրում մարդկանց ստեղծած թագավորությանը և այն տալիս է, ում ցանկանում է»։ Տեսնո՞ւմ ես, թե այստեղ ինչպես է խոսում խոնարհամտության մասին: «Երազում,– ասում է նա,–  նման բժշկություն է առաջարկվում, իսկ ես մեկ այլ բան կառաջարկեմ»: Սա տեղի է ունենում, օրինակ, երբ ղեկավարը զայրանում է, նա ինքը ոչինչ չի ասում, սակայն նրա համախոհներից մեկը, մոտենալով մեղավորին, ասում է. «Այս կամ այն բա՛նն արա, մի քանի անգամ գումա՛ր տուր, և մենք կարող ենք քեզ փրկել սպառնացող աղետներից»:
   

Ա. Լոպուխին

«Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի լինի. քո մեղքերն արդարությա՛մբ քավիր և քո անօրենությունները՝ աղքատների հանդեպ ողորմությամբ. ահա թե ինչպես կարող է երկարացվել քո խաղաղությունը»: (Սինոդական թարգ․) [24]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):16
-------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ»:
(Արարատ թարգ․ 4։27) Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավի՛ր և քո անօրենությունները՝ աղքատներին ողորմելով. թերևս քո խաղաղությունը երկարացվի»։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛րքայ, խրա՛տ իմ հաճոյ թուեսցի քեզ. և զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր, և զանօրէնութիւնս քո գթովք տնանկաց. թերևս երկայնամիտ լիցի’ի վերայ յանցանաց քոց Աստուած։